«Մենք գնահատում ենք ՀՀ ԱԺ մեր գործընկերների ջանքերը միջազգային խորհրդարանական կառույցներում հայկական կողմերի դիրքորոշումները պատշաճ ներկայացնելու, Ադրբեջանի իշխանությունների կողմից խնդրի էությունը խեղաթյուրող եւ կողմնակալ ձևակերպումների ու նախաձեռնություններին դիմակայելու ուղղությամբ»,-այսօր ՀՀ ԱԺ-ում ընթացող Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության Ազգային ժողովների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 12-րդ նիստի ժամանակ հայտարարեց Արցախի հանրապետության խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը:
Նիստի օրակարգային հարցերից են միջազգային խորհրդարանական հարթակներում ադրբեջանա–ղարաբաղյան հակամարտության քննարկումներն ու այդ համատեքստում ՀՀ-ի խորհրդարանական պատվիրակությունների կողմից տարվող աշխատանքները:
Աշոտ Ղուլյանը կարծում է, որ վերջին մեկ տարվա քննարկումների բովանդակությունը ցույց է տալիս «որոշակի նոր տրամադրությունների հայտնելու մասին»:
Խոսելով օրակարգային մյուս հարցից` ՀՀ-ում եւ Արցախում հետսահմանադրական գործընթացների առանձնահատկությունների, Արցախի հանրապետության խորհրդարանի նախագահն ասաց. «Չնայած պետական կառավարման տարբերություններին այս ոլորտում համատեղ քննարկումների անհրաժեշտություն կա: Այս հարթակը ոչ միայն հնարավորություն է օրենսդրական փորձի փոխանակման տեսանկյունից, այլ նաեւ յուրահատուկ խողովակ է մեզ համար, ինչպես տարբեր երկրների խորհրդարանականների հետ կապեր հաստատելու, այնպես էլ միջազգային խորհրդարանական ամբիոնից Արցախի դիրքորոշման մասին բարձրաձայնելու համար»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ