«Բազմիցս է ասվել, որ Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորն է, սակայն Արցախի ժողովուրդն ինքն է իր ճակատագրի տնօրինողը: Որեւէ ատյան որևէ ձևաչափով չի կարող ընդունել այնպիսի որոշում, որը անընդունելի կլինի Արցախի ժողովրդի համար կամ կսպառնա նրա անվտանգությանը»,- այսօր խորհրդարանում հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Ազգային ժողովների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 12-րդ նիստի աշխատանքը:
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ասում է`Արցախի ժողովուրդը շարունակում է անվերապահորեն տնօրինել իր ճակատագիրը նպատակաուղղված ընթանալով ընտրված ճանապարհով: Նա վստահ է` արցախյան հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի. «Պետք է ճանաչվի ու հարգվի Արցախի ժողովրդի կողմից իր ապագան ազատորեն որոշելու իրավունքը և երաշխավորվի նրա անվտանգությունը: Արցախի գոյությունն ու կարգավիճակը Ադրբեջանի կազմում որևէ տարբերակով անհնարին և անընդունելի է»:
Բանակցություններում իրական առաջընթացի հասնելու համար, Արա Բաբլոյանի կարծիքով, Ադրբեջանը պետք է հրաժարվի անգամ տեսականորեն Արցախն իր կազմում պատկերացնելու մտքից:
Արա Բաբլոյանը խոսեց նաեւ Հայաստանում եւ Արցախում իրականացված սահմանադրական փոփոխությունների մասին: Ասաց` դրանք անհրաժեշտ էին պետության առավել արդյունավետ կառավարման եւ ժողովրդավարության մակարդակի բարձրացման համար. «Հանրաքվեի արդյունքում Արցախում եւ Հայաստանում ընդունվել է զարգացման այն ճանապարհը, որը լավագույնս է համապատասխան երկրի ներքին եւ արտաքին առանձնահատոկություններին: Հետսահմանադրական գործընթացները Հայաստանում եւ Արցախում ունեն ընդհանրություններ, առանձնահատկություններ: Հայկական երկու պետությունների գոյությունը մեր ժողովրդի հարստությունն է: Մենք պարտավոր ենք պաշտպանել եւ զարգացնել դրանք՝ համատեղ ջանքերով եւ գործողություններով»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ