Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան. «Եվրամիությունը բանկոմատ չէ, որ առանց բարեփոխումներ անելու՝ քարտը դնենք, ասենք՝ քանի որ համաձայնագիրն ստորագրել ենք, փողը տվեք». «Հայոց աշխարհ»

Նոյեմբեր 10,2017 11:20

Մեր զրուցակիցը Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ, «Ծառուկյան» խորհրդարանական խմբակցության անդամ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆՆ է։

-Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը որոշել է դեկտեմբերի 1-ին խորհրդարանական լսումներ հրավիրել Եվրամիության հետ ընդլայնված եւ համապարփակ համագործակցության համաձայնագրի շուրջ, ձեր հանձնաժողովն էլ որոշում կայացրեց այդ հարցով համատեղ լսումներ անցկացնել։ Իրադարձություններից առաջ չե՞ք ընկնում. գուցե պետք էր սպասել՝ փաստաթուղթը ստորագրվի, հետո՞ հանդես գալ նման նախաձեռնությամբ։

-Խորհրդարանական լսումները տեղի են ունենալու դեկտեմբերի 1-ին, այսինքն՝ փաստաթղթի ստորագրումից հետո։ Հասկանում եմ՝ քաղաքական, վերլուծական եւ լրագրողական որոշ շրջանակներում կան մտավախություններ, որ համաձայնագիրը կարող է չստորագրվել, բայց ես նման մտավախություն չունեմ։ Նոյեմբերի 7-ին՝ Բրյուսելում Հարեւանության ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանի հետ հանդիպման ժամանակ, քննարկել ենք նաեւ ռիսկերը՝ որքանո՞վ հավանական է, որ համաձայնագրի ստորագրումը տեխնիկական պատճառներով հետաձգվի, եւ այս պահին որեւէ խոչընդոտ չեմ տեսնում։

Իհարկե, քաղաքականության մեջ եւ կյանքում ոչինչ չի կարելի բացառել, այդուհանդերձ եթե փաստաթուղթը գագաթաժողովի ընթացքում չստորագրվի՝ տեխնիկական պատճառներով մի քանի օրով հետաձգվի, դա որեւէ կերպ չի խանգարի անցկացնել խորհրդարանական լսումներ այդ փաստաթղթի շուրջ, որպեսզի նաեւ մեր քաղաքացիները, որոնք բացարձակապես իրազեկ չեն՝ ինչ է տալու համաձայնագրի ստորագրումը, հասկանան՝ ինչ է փոխելու դա իրենց կյանքում։

-Եվրամիությունն առաջնորդվում է «ավելին՝ ավելիի դիմաց» սկզբունքով։ Հայտնի է նաեւ այդ «ավելիի» գինը. խոսքը մասնավորապես «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» եւ «Խտրականության դեմ» օրենքների ընդունման մասին է՝ մեր մենթալիտետին խորթ ինչ-ինչ տարրերի ակտիվացման կանխատեսելի հեռանկարով։

-Նախ ասեմ, որ այդ հարցադրումը՝ «ավելին՝ ավելիի դիմաց», շատ օբյեկտիվ եմ համարում։ Եվրամիությունը բանկոմատ չէ, որ առանց բարեփոխումներ անելու՝ քարտը դնենք, ասենք՝ քանի որ համաձայնագիրն ստորագրել ենք, փողը տվեք։ Այո, կարծում եմ, եւ ինքս էլ հորդորել եմ ԵՄ ինստիտուտներին՝ շատ ավելի խիստ լինել Հայաստանի իշխանության եւ կառավարության հանդեպ, որպեսզի այդ բարեփոխումները լիարժեք կյանքի կոչվեն։

Ինչ վերաբերում է ձեր մտահոգություններին, ընտանեկան բռնության կանխարգելման օրենքը գործում է բազմաթիվ եվրոպական երկրներում։ Չենք ուզում ունենալ նման օրենք՝ որեւէ մեկը մեզ չի պարտադրում ընդունել այդ օրենքը։ Երեկ եմ վերադարձել Բրյուսելից, որտեղ տարբեր հանդիպումներ եմ ունեցել Եվրախորհրդարանի, Եվրահանձնաժողովի պատասխանատուների հետ, եւ վստահեցնում եմ՝ որեւէ պարտադրանք չկա. կա ցանկություն, որ Հայաստանում ընտանեկան բռնությունը նվազի։ Ի՞նչ կերպ դա կարվի՝ գործող օրենքները կխստացվեն, թե նոր օրենք կընդունվի՝ մենք ենք որոշելու։
Իհարկե, դա արդարադատության համակարգի բարեփոխման «ստանդարտ փաթեթի» մի մասն է, բայց իրենք էլ շատ լավ հասկանում են, որ չենք կարող կրկնօրինակել այս կամ այն օրենքը՝ հաշվի չառնելով մեր ազգային առանձնահատկությունները։ Այսօր հանձնաժողովի նիստում քննարկել ենք նաեւ այդ խնդիրը, եւ ինքս էլ կողմ եմ, որ կառավարությունը չշտապի մինչեւ տարեվերջ այդ օրենքը բերել խորհրդարան, այլ հնարավորություն տա՝ նախագծի վիճահարույց դրույթների հետ կապված շատ ավելի հանգամանալի քննարկումներ անցկացնել եւ գտնել այն ոսկե միջինը, որ օրենքն ընդունելի կդարձնի քաղաքական հասարակության բոլոր հատվածների համար։

Լիլիթ Պողոսյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930