Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հիմա Դավիթի պատգամավոր հայրը կզանգի, կասի, որ անձրևը կտրվի». դասադուլավոր ուսանողները հեգնում են

Նոյեմբեր 10,2017 11:18

«Նույնիսկ անունն են սխալ գրել, ահավորություն»,- այսօր «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանն այսպես արձագանքեց իր՝ ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանի որդին լինելու մասին հրապարակումներին: Նախաձեռնության անդամներն այս՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկությանը հումորով են մոտենում: Նախաձեռնության անդամ Վահան Կոստանյանը հայտարարեց. «Քանի որ երեկ հայտարարել էին, որ Դավիթի հայրը պատգամավոր է, իր պատգամավոր Հայրը կզանգի և անձրևը հիմա կկտրվի»:

Նշենք, որ այսօր առավոտյան 09.30-ից ԵՊՀ մի շարք ուսանողներ կրկին դասադուլ են անում: Դավիթ Պետրոսյանը հայտարարեց, որ ամեն օրվա պես շրջելու են ԵՊՀ ֆակուլտետների մասնաշենքերի մոտով: Այնուհետև տեղեկացրեց, որ ժամը 18.00-ին պետք է լինեն ԱԺ-ի մոտ, քանի որ այսօր գլխադասային հանձնաժողովը քննարկելու է ՝ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը: Ըստ Դավիթ Պետրոսյանի՝ իրենց պահանջը, որ պետք է ներկա լինեն այդ քննարկմանը և բարձրաձայնեն իրենց մտահոգությունները, համապատասխանում են իրականությանը: Ըստ նրա՝ բոլորն էլ՝ կառավարության ամենաբարձր մակարդակով ասում են, որ կողմ են իրենց մտահոգություններին, սակայն օրենքը պետք է ընդունվի:

Դավիթ Պետրոսյանը նաև անդրադարձավ երեկ ՀՀ կառավարությունում տեղի ունեցած հանդիպման խնդիրներին: Նրանք դժգոհ են, որ իրենց նախապես չի ասվել՝ ԿԳ և ՊՆ նախարարներն են ներկա լինելու. «Սա ուներ մեծ նշանակություն, փաստորեն խախտվեց ձևաչափը: Սկզբնական շրջանում՝ մինչ տեսանյութի ամբողջական տարբերակի հրապարակումը, հիմնականում խոսում էին վարչապետն ու նախարարները, և տպավորություն էր ստեղծվել, որ ուսանողները չեն խոսում: Մինչդեռ մեզ ասում էին, որ չորս ժամվա ընթացքում կտեղադրվի ամբողջական տարբերակը, սակայն հիշում եք՝ մենք երբ դուրս եկանք և տեսանյութը երբ հրապարակվեց»:

Դավիթ Պետրոսյանը նաև հիշեցրեց, որ ՊՆ նախարարությունից հայտարարել էին, որ իրենց հետ չեն հանդիպելու, սակայն երեկ հակառակը եղավ: Իսկ իրենք անգամ չեն կարողանում ֆեյսբուքում Արծրուն Հովհաննիսյանի էջում այս հարցով քննարկում ծավալել:

Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ է դեմ, նա պատասխանեց. «Համոզված եմ, որ կան դեպքեր, որ մարդիկ թեկնածուական ատենախոսություն են պաշտպանում բանակում չծառայելու համար: Հարց է առաջանում՝ որո՞նք են: Ինչո՞ւ ենք անանուն խոսում: Այդ ո՞ր ուղղություններով են: Մենք ունենք ԲՈՀ: Մյուս կողմից 140 տեղը շատ է, կարող են սարքել 100, 100-ն է շատ, սարքեք հիսուն, տեսականորեն կարող եք սարքել մեկ, բայց չվերացնել: Այդ ճանապարհը հիմնովին փակման մասին է: Թող լինի մեկ տեղ, բայց օրենքով երաշխավորված: Անհատական առանձին դեպքեր տարկետումներ կլինեն, այն, ինչ օրենքից դուրս է, կարող է այլ կերպ մեկնաբանվել: Կոռուպցիոն ռիսկերն աճում են»:

Դասախոսների նկատմամբ ճնշումների մասին պարոն Դումանյանը զարմանք հայտնեց և հավաստիացրեց, որ համալսարանի հարստությունն է եղել այն, որ մարդիկ կարող են ազատ կարծիք հայտնել. «Այն օրը, որ այս արժեքը կորցրինք, համալսարանի անունը պետք է դնենք հիմնարկ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930