Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչքան էլ ասացին, մինչև ինքներս չտեսանք, չհավատացինք, որ պատերազմ է սկսվել». «Իրատես»

Նոյեմբեր 10,2017 11:08

«Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ ՄԱՆՈՒԵԼ ՄԱՆՈՒԿՅԱՆՆ անմիջական մասնակիցն է եղել ապրիլյան քառօրյա պատերազմի: Բանակում իր ծառայությունը կատարելուց ու զորացրվելուց հետո, իր ծառայակից երկու ընկերների հետ հիմնադրել է «Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում» հասարակական կազմակերպությունը, որը ՀՀ արդարադատության նախարարությունում գրանցվել է այս տարվա ամռանը: Մանուել Մանուկյանն այժմ սովորում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում, 21 տարեկան է: Նրա հետ ստորև ներկայացվող հարցազրույցը հիմնականում ապրիլյան պատերազմի մանրամասների և այսօր արդեն մեկ տասնյակից ավելի անդամներ ունեցող հիշյալ կազմակերպության ստեղծման նպատակների մասին է:

-Մանուել, մեր հարցազրույցը սկսենք ապրիլյան պատերազմի վերաբերյալ Ձեր հուշերից, ինչպե՞ս սկսվեց պատերազմը, այդ պահին Դուք որտե՞ղ էիք:

-Ես եղել եմ առաջնագծում, դիրքի ավագն էի, մեզ մոտ (Հադրութի զորամասի առաջնագծի դիրքերում) պատերազմը սկսվեց առավոտյան 5-6-ի կողմերը, այդ պահից արդեն սկսվեցին կրակոցները, ավելի ճիշտ, դրանք ավելի շատացան, սկսեց կրակել նաև հրետանին: Դրանից հետո տեղեկություն ստացանք, որ մեր կողքի զորամասերում արդեն ավելի լուրջ խնդիրներ կան, ասացին, որ պատերազմ է սկսվում: Բայց, միևնույն է, ինչքան էլ ասացին, մինչև ինքներս չտեսանք, չհավատացինք: Մենք այդ ամենն ավելի լավ պատկերացրինք, հասկացանք, երբ հրամանատարները մեզնից անընդհատ տեղեկություններ հարցրին, և տեսանք, որ ներքևի մեր ընկերներն էլ են արդեն միանում մեզ: Սկսեցինք ինքնուրույն զբաղվել մեր ինքնապաշտպանությամբ, ինչպես մինչ այդ սովորել էինք, գիտեինք: Այդպես շարունակեցինք պայքարել, մինչև եկան մեր կամավորները, միացան մեզ: Իհարկե, նրանք առաջինը գնացին այն դիրքերը, որտեղ վտանգն ավելի մեծ էր, ու լուրջ խնդիրներ կային: Կամավորների հետ, միահամուռ ուժերով, ավելի զգոն և ուշադիր, հրամանատարական կազմի հետ ավելի շատ կապ հաստատելով, մենք շարունակեցինք մարտերը:

Տարբեր ծառայողներ տարբեր կերպ արձագանքեցին պատերազմին, շատ կարևոր էր նաև հոգեբանական պատրաստվածությունը, շատ կարևոր, առաջնային էին դիրքի ավագների պատրաստվածությունը և հրամանատարների հրամանները: Այդ առումով վիճակը մեր պաշտպանական շրջանում բավական լավ է եղել, դրա շնորհիվ շատ լավ պաշտպանություն ենք ունեցել: Հակառակորդը չի կարողացել որևէ առաջխաղացում ունենալ, որքան էլ փորձեր է կատարել, միևնույն է, չի ստացվել, որովհետև շատ աչալուրջ և ուշադիր ենք եղել ամեն մի մանրուքի և ամեն մի հրահանգի, հրամանի նկատմամբ:

-Ձեզ մոտ քառօրյա պատերազմի ընթացքում որևէ դիրքային փոփոխություն չեղա՞վ դեպի հետ կամ առաջ:

-Ոչ, դիրքերը հետ կամ առաջ չենք տեղափոխել, բայց մեր ունեցած տարբեր դիրքեր ենք տեղափոխվել, ըստ անհրաժեշտության:

-Թշնամին ձեր ուղղությամբ ի՞նչ զինատեսակներ գործածեց քառօրյա պատերազմի ընթացքում:

-Տարբեր զինատեսակներ: Թեթև զինատեսակներից բացի ¥ինքնաձիգ, նռնականետ և այլն¤ գործածեց նաև հրանոթներ: Մեր ուղղությամբ «Գրադի», համազարկային կրակի այլ ռեակտիվ համակարգերի, մարտավարական հրթիռների օգտագործում չեմ հիշում: Քառօրյայի երկրորդ օրվանից հակառակորդի մեծ քանակությամբ տանկեր ենք տեսել, սակայն դրանք մեր ուղղությամբ չեն օգտագործվել, իրենց տեղերում սպասում էին ինչ-որ բանի, բայց այդպես էլ հարձակման հրաման չստացան:

Հարցազրույցը`
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930