Մեկուկես ամսում արդեն երկրորդ անգամ Սերժ Սարգսյանը անդրադառնում է Հայաստանի ժողովրդագրական իրավիճակին: Նախօրեին նա խորհրդակցություն էր հրավիրել՝ նվիրված ժողովրդագրական խնդիրներին, որի ժամանակ, ըստ նախագահականի հաղորդագրության, Սերժ Սարգսյանն «ընդգծել է, որ մինչև 2040թ. Հայաստանի բնակչությունը 4 միլիոնի հասցնելու համազգային նպատակը դժվարին, բայց իրականանալի խնդիր է, հաղթահարելի է համարել նաեւ ժողովրդագրական իրավիճակի վրա այսօր բացասաբար ազդող՝ Հայաստանի հետ հարեւանների ունեցած հարաբերությունների պատճառով առկա անվտանգության խնդիրները»: Նախանշված թիրախային նպատակին հասնելը, ըստ Սարգսյանի, պետք է լինի Հայաստանի բոլոր իշխանությունների խնդիրը, եւ 2040 թվականից հետո էլ ժողովրդագրական իրավիճակի շարունակական բարելավումը պետք է նույնչափ կարեւորվի: Սեպտեմբերին Երեւանում անցկացված Հայաստան -սփյուռք համաժողովի ժամանակ նրա ելույթի մի հատվածը նվիրված էր հենց ժողովրդագրական իրավիճակին:
Ժողովրդագրական խնդիրներ ասելով՝ հասկանում ենք ծնելիության նվազման միտումները եւ, բնականաբար, արտագաղթը: Այն, որ ծնելիությունը նվազում է, գիտենք բոլորս: Այն, որ արտագաղթը ահռելի ծավալների է, նույնպես: Բայց ոչ մի կերպ չի հաջողվում պարզել, թե իշխանության ներկայացուցիչները ի՞նչ կարծիք ունեն, ո՞րն է դրա պատճառը: «Մենք արձանագրում ենք, որ ժողովրդագրական միտումները մեր երկրում խիստ մտահոգիչ են եւ հետեւանք են քառորդդարյա օբյեկտիվ եւ սուբյեկտիվ բազմաթիվ գործոնների»,- հայտարարեց Սարգսյանը Հայաստան-սփյուռք համաժողովում ունեցած իր ելույթում: «Բազմաթիվ գործոններ», այսինքն: Այս անգամ էլ խոսել է «Հայաստանի հետ հարեւանների ունեցած հարաբերությունների պատճառով առկա անվտանգության խնդիրների» մասին:
Եվ ուրեմն, համադրելով վերջին մեկուկես ամսվա ընթացքում Սերժ Սարգսյանի՝ ժողովրդագրական իրավիճակի մասին հայտնած մտքերը, կարող ենք պնդել, որ ըստ նրա՝ արտագաղթի ու ծնելիության նվազման ամենաընդգծված, ամենաառաջնային, ամենաազդեցիկ պատճառը «Հայաստանի հետ հարեւանների ունեցած հարաբերությունների պատճառով առկա անվտանգության խնդիրներն» են:
Սա, իհարկե, պատճառ է, բայց դժվար թե ամենալուրջ պատճառը լինի: Կան նաեւ շատ ավելի լուրջ պատճառներ: Օրինակ, սոցիալական վիճակը: Մարդիկ վատ են ապրում: Նույնիսկ պաշտոնական վիճակագրությունն է արձանագրում, որ մեր բնակչության մեկ երրորդը աղքատ է: Եթե աղքատ մարդը գիտի, որ արտագաղթելու ու այլ երկրներում աշխատելու դեպքում կկարողանա հոգալ իր տարրական կենսական պահանջները, կարտագաղթի՞, թե ոչ: Եթե մարդը առողջության հետ կապված մի ինչ- որ խնդիր լուծելու համար իր մի քանի տարվա եկամուտը պետք է ծախսի մի վիրահատության համար, դա պատճառ չէ՞ արտագաղթելու մասին անընդհատ մտածելու համար: Իր երեխաներին նորմալ կրթություն տալու ցանկությունը պատճառ չէ՞ արտագաղթելու համար: Իրավապահ կամ դատական համակարգի «բեսպրեդելը» իր մաշկի վրա զգացած հայաստանցու մեջ արտագաղթելու ցանկություն կառաջանա՞, թե ոչ: Ամեն քայլափոխին կաշառակեր չինովնիկի հանդիպող քաղաքացու մեջ արտագաղթելու ցանկություն կառաջանա՞, թե ոչ….: Էլի քանի՞ հնարավոր պատճառ կարելի է թվարկել մեկ շնչով:
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում