Ամեն հորդառատ անձրեւից հետո Երեւանի մի շարք փողոցներ Վենետիկն են հիշեցնում:
Երեկ գիշերը տեղացած անձրեւն էլ առավոտյան վարորդներին անակնկալ մատուցեց.
որոշ փողոցներում հսկայական ջրափոսեր էին, նույնիսկ՝ լճեր:
Լուսանկարում պատկերված «լիճը» Մալաթիա համայնքից դեպի Բագրատունյաց փողոց եւ Կիլիկիա ավտոկայան տանող ճանապարհն է՝ կամրջի տակ:
Այստեղ այնքան մեծ էր ջրափոսը, որ մեքենաները «մխրճվում էին» ջրի մեջ, վարորդները դժգոհում էին՝ մեքենաները վնասվում են. «Ինչո՞ւ նորմալ չեն մաքրում, հիմա որ «սվեչեքը» վառվեն, կամ ուրիշ բան փչանա, քաղաքապետարա՞նն է փողը տալու»: Այս ամառ էլ հորդառատ անձրեւից հետո նույն վիճակն էր. քաղաքապետը հայտարարել էր, թե ջրատարներն աղբով խցանված են եղել, ուստի ջրի կուտակումներ են առաջացել:
Քաղաքապետը նաեւ վստահեցրել էր, թե «Սանիտեքին» հանձնարարվել է պատշաճ իրականացնել ջրատարների մաքրման աշխատանքները: Սակայն երեկ առավոտյան բացահայտվեց, թե որքանով են քաղաքապետի հանձնարարականը պատշաճ կատարում:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ»
10.11.2017