Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը նոյեմբերի 9-ին այցելել է Հայաստանի ամերիկյան համալսարան (ՀԱՀ): Համալսարանի ղեկավարության հետ կարճատև զրույցից հետո Աշոտ Ղուլյանը բանախոսությամբ հանդես է եկել ուսանողների ու դասախոսական կազմի համար:
ՀԱՀ նախագահ Արմեն Տեր-Կյուրեղյանի և մյուս պատասխանատուների հետ հանդիպման ընթացքում Աշոտ Ղուլյանը ընդգծել է վերջին շրջանում ամերիկյան համալսարանի և Արցախի Հանրապետության շփումների ու կապերի ակտիվացման կարևորությունը՝ բարձր գնահատելով համալսարանի կողմից արցախյան գիտակրթական ոլորտում իրականացվող ծրագրերը: Անդրադառնալով Արցախի հետ երկարամյա համագործակցությանը՝ ՀԱՀ ղեկավարները մանրամասներ են հաղորդել առաջիկա նախագծերի վերաբերյալ:
Այնուհետև ՀԱՀ Հումանիտար և հասարակական գիտությունների ֆակուլտետում Աշոտ Ղուլյանը հանդես է եկել «Արցախի պետականաշինության գործընթացը. համադրելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» թեմայով բանախոսությամբ: Իր ելույթում խորհրդարանի ղեկավարը կարևորել է արցախյան ազատագրական շարժման 30-ամյակին ընդառաջ գիտական-վերլուծական շրջանակներում Արցախի պետական շինարարության առանձնահատկություններին, անվտանգության համակարգի և ժողովրդավարության ինստիտուցիոնալ զարգացմանը, Արցախի միջազգային ճանաչման հայեցակարգային մոտեցումներին վերաբերող թեմաների շուրջ քննարկումների անհրաժեշտությունը:
ԱԺ նախագահը պատասխանել է ներկաների՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացին և դրանում Արցախի մասնակցությանը, Արցախի անկախության ճանաչման շուրջ խորհրդարանական մակարդակով ընդունվող բանաձևերին, ժողովրդագրական քաղաքականությանը և վերաբնակեցման հեռանկարներին վերաբերող հարցերին:
Հանդիպումից հետո ԱԺ նախագահը շրջայց է կատարել համալսարանում և ծանոթացել ուսումնառության պայմաններին:
Արցախի Հանրապետության
ԱԺ մամուլի ծառայություն