Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր սերունդն ավելի լավն է

Նոյեմբեր 10,2017 10:13

Երբ ես էի 20-25 տարեկան, այն ժամանակվա 50-60 տարեկաններն ասում էին՝ «էս ի՞նչ են դարձել հիմիկվա ջահելները, առաջ ամոթ կար, աբուռ կար, մեծին հարգել կար, իսկ հիմա՞: Հեչ մեզ բանի տեղ չեն դնում»: Այժմ իմ հասակակիցները ճիշտ նույն բանն են ասում այսօրվա երիտասարդների մասին: Մոռացել են, որ իրենք էլ էին երիտասարդ, եւ իրենց հասցեին էլ նմանատիպ կշտամբանքներ էին հնչում: Դերերի այդ փոփոխությունը բնական է՝ 30-40 տարի հետո այսօրվա երիտասարդներն են նույն բանն ասելու:

Տարբերությունը, այնուամենայնիվ, փոփոխությունների արագության մեջ է: Ես առաջին դասարան էի գնում թանաքամանով եւ փետուրով, իսկ հիմա մտքերս փոխանցում եմ հիմնականում համացանցի միջոցով: Ես ծնվել եմ մի երկրում, բայց 30 տարեկանում հայտնվել եմ բոլորովին այլ պետությունում (բայց դարձյալ՝ ի տարբերություն իմ տարեկիցների, դրա համար չեմ ափսոսում): Այն, ինչ ես մասնագիտական առումով այս պահին փորձում եմ՝ չէի ասի սովորեցնել՝ խորհուրդ տալ կրտսեր գործընկերներիս, վաղը կհնանա անվերադարձ եւ ընդմիշտ: Նախորդ սերունդների դեպքում փոփոխություններն այդքան արագ եւ «տեկտոնիկ» չէին: Պայմանականորեն ասած՝ մարդիկ դարեր շարունակ գրում էին փետուրով, տասնամյակներ շարունակ ապրում էին նույն հասարակարգում, սովորում էին միեւնույն դասագրքերով:

Եվ այս դինամիկ դարաշրջանը, երբ նույն համացանցի միջոցով գիտելիքն ավելի մատչելի է եւ խոսքն ավելի ազատ է, առաջ է բերում նոր սերնդին, որն ընդհանուր առմամբ ավելի լավն է (մի՛ զարմացեք), քան մենք: Իհարկե, կարեւոր հանգամանք է նաեւ այն, որ նրանք ապրում են մի հասարակարգում, որտեղ տաբուներն ու կարծրատիպերն ավելի քիչ են, քան մի քանի տասնամյակ առաջ: Այնպես որ, ես ոչ միայն չեմ միանում իմ սերնդի փնթփնթոցին, այլեւ հակառակը՝ ուրախանում եմ եւ հպարտանում նոր սերնդով:

Այն շարժումը, որն այս օրերին ձեռնարկել են մի քանի տասնյակ երիտասարդներ, առանձնապես իմ սրտով չի՝ պայքարել, որ հայ տղաները բանակ չգնան՝ «մահանա բռնելով» գիտությունը, Հայաստանի ներկայիս իրավիճակում ինձ այնքան էլ գեղեցիկ չի թվում: Բայց ես կգերադասեմ, որ երիտասարդներն ունենան ինչ-որ նպատակ (թեկուզ սխալ), ձգտեն ինքնակազմակերպվել, ստեղծեն շարժումներ, քան նստեն տանը եւ մտածեն զուտ կենցաղային խնդիրների մասին:

Միակ վտանգը ցինիկների եւ պատեհապաշտների ազդեցության տակ ընկնելն է: Դա էլ է, իհարկե, շատ բնական: Բայց փորձառու աչքի համար ակներեւ է, երբ մարդ ինչ-որ բանի հավատում է եւ առաջնորդվում է որոշակի սկզբունքներով, իսկ երբ՝ ոչ մի բանի չի հավատում ու խաղեր է տալիս:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (11)

Պատասխանել

  1. Վախթանգ Սիրադեղյան says:

    Ողջ երիտասարդությունը կամ էլ դրա մեծ մասը մեր սերնդից լավը ես չէի անվանի, իսկ դրա պատճառը հասարակարգի փոփոխություններն են:

  2. Արտակ Գաբրիելյան says:

    Պայքարել, որ բանակ չգնան – ը, ինչքանով որ ես եմ տեղյակ, չի բնութագրում շարժման էությունը:

    Մարդկանց մտահոգությունը ոչ թե բանակ գնալ-չգնալն է, համենայնդեպս հայտարարությունների մակարդակով, այլ այն, որ բանակում ծառայելու ընթացքում մասնագիտական հետընթաց են ապրելու: Կարծում եմ ակնհայտ է, որ շատ մասնագիտությունների դեպքում այդ տարիքում 2-3 տարի մասնագիտությունից կտրվելը շատ բացասական կանդրադառնա մարդու վրա (բնագիտական մասնագիտություններ, այդ թվում ՏՏ ոլորտ, սպորտ, երաժիշտներ): Պատահական չի, որ օրենքին կտրուկ դեմ են արտահայտվել հենց կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկանը, մաթեմատիկայի դասախոս, Բաբկեն Արարքցյանը: Վերապահումներ ուներ Վազգեն Մանուկյանը:

    Եթե բանակը մինչև հիմա ցույց տված լիներ, կամ հիմա ինչ-որ կերպ բացատրի, որ ցանկություն ու հնարավորություն ունի մեխանիզմներ ստեղծելու, որոնք հնարավորություն կտան մարդուն ծառայության ընթացքում զարգացնել նաև իր մասնագիտական հմտությունները, կարծում եմ շարժումը կվերանա: Շատ ավելի հետաքրքիր կլինի ասենք ՏՏ ոլորտի մասնագետի համար աշխատել բարձրտեխնոլոգիական զենքի ստեղծման վրա, քան տարբեր գրքերից հատվածներ արտագրել ատենախոսության համար:

    Տեսականորեն շատ բարդ չի թվում նման մեխանիզմներ ստեղծելը, շատ են բերում Իսրայելի օրինակը, որտեղ հենց այդպես է: Բայց եթե նման ցանկություն ու հնարավորություն կար, կարելի էր մինչև հիմա տեսանելի քայլեր անել այդ ուղղությամբ: Կամ եթե հենց մի քանի օր առաջ հասկացան, որ արժի անել այդ քայլերն ու դեռ չեն հասցրել անել, գոնե հասկանալի ձևով բացատրեն:

  3. joradzadza says:

    Կարդացի մինչև ՞Ես առաջին դասարան էի գնում թանաքամանով եւ փետուրով…՞: Էլ չեմ կարող՝տանջվում եմ: Պրն. Աբրահամյան, ես չգիտեի, որ Ղևոնդ Ալիշանի հետ էլ եք դպրոց հաճախել: Ռւսերեն ՞перо՞ բառը հայերեն փետուր չեն թարգմանել, գրչածայր են ասում սովորաբար:

  4. Ռուբեն says:

    “Այն շարժումը, որն այս օրերին ձեռնարկել են մի քանի տասնյակ երիտասարդներ, առանձնապես իմ սրտով չի՝ պայքարել, որ հայ տղաները բանակ չգնան՝ «մահանա բռնելով» գիտությունը, Հայաստանի ներկայիս իրավիճակում ինձ այնքան էլ գեղեցիկ չի թվում ”- գրում է հեղինակը:
    Հեղինակին հորդորում եմ, որ դասադուլավոր ուսանողների պահանջը չի կարելի պիտակավորել` որպես գիտությունը «մահանա բռնելով» բանակից խուսափելու շարժում: Պետք է ուշադիր լինել դասադուլավորների հիմնավորումների նկատմամբ: Ինչ վերաբերվում է “Հայաստանի ներկայիս իրավիճակ” բառերին, ապա այդ արգումենտը կրկնելով `իշխանություններն արդեն 2 տասնամյակ վախեցրել են ժողովրդին և իրենց ուզած նախագծերն անցկացրել: Իսկ կյանքը ցույց է տալիս, որ իրավիճակային լուծումների արդյունքում տարեց-տարի ավելի շատ մարդ է լքում մեր երկիրը և ավելի քիչ դիմորդներ են ցանկանում ԲՈւՀ-եր ընդունվել:
    Ներկայիս կրթության նախարարն ու ռեկտորները փոխանակ պաշտպանեն իրենց ոլորտի շահերը, անցել են կշեռքի ծանր նժարի կողմը և կրթության շահերին հակառակ բաներ են խոսում: Մինչդեռ այդ պաշտոնյաները կրթական ոլորտն այս վիճակին հասցնելու համար հսկայական մեղքի բաժին ունեն: Իրենք էին պարտվոր վերահսկելու և ապահովելու, որ գիտությամբ զբաղվեին արժանավորները, այլ ոչ-թե հովանավորներ ունեցողները (որոնք ի վիճակի էլ չեն հետագա գիտական ձեռքբերումներ ունենալ): Այս պաշտոնյաների մտքով չի էլ անցնում հրաժարական տալ` իրենց հիմնական գործը տապալելու համար (ինչպես ընդունված է աշխարհում), այլ ամեն գնով կառչել են իրենց պաշտոններից և հիմա էլ իրենց թերացումների մեղքը գցում են անմեղ ուսանողների վրա:
    Ամոթ է, վերջապես…

  5. Հ.Շ. says:

    Եսամոլ, նիւթապաշտ, միայն անձնական եւ մակերեսային հաճոյքներով հետաքրքրուած, խանդավառօրէն մոլորած ու շուարած էակ մըն է, այսօրուայ սովորական երիտասարդը:

    Սելֆիի սերունդ:

    10 տոկոս բացառութեամբ, որոնց շնորհիւ դեռ յոյս կայ, երեւի…

    Ի դէպ, փոխանակ զիրենք խօսքի շոյանքներով սիրաշահիլ ջանալու, ալ աւելի շփացնելու, ընդհակառակն, իրենց իսկ օգուտին համար, պէտք չէ վախենալ զիրենք խստօրէն քննադատելէ: Դա կոչվում է՝ tough love:

  6. Հ.Շ. says:

    հասկանալի է թէ ոմանք ջանք են թափում մեղմացնելու զինուորական ծառայութեան դէմ այս երիտասարդների պժգալի շարժումը…

    քանզի սա դասադուլ չէ, այլ դասալքութիւն

    թշնամին իր մեկնաբանութիւնը տալով այս երեւոյթին, կարող է ուղղակի այս պատճառով յարձակումներ կատարել ռազմաճակատի վրայ

    այսինք, այս «ուսանողական» շարժումի պատճառով, ուղղակի կարող է որ զոհեր ունենանք ռազմաճակատում… բայց երեւի վնաս չունի, անոնք անուս են… մի գիւղացի աւել, մի գիւղացի պակաս, ի՞նչ կարեւոր… Երեւանի էլիտար երիտասարդները Գիտութիւնն են պաշտպանում…

  7. Արեգ says:

    Հարգելի պարոն Աբրահամյան,

    Թույլ տվեք որպես բնագետ գիտնական պարզ ներկայացնել նախկին Զինապարտության օրենքի իմաստը գիտության հաշվով։ Դա իրենից ներկայացնում է բարտեր պետության և երիտասարդ գիտնականի միջև, որով պետությունը վճարում է գիտնականին, որ նա զբաղվի գիտությամբ Հայաստանում, գոնե մինչև 27 տարեկանը, հարմարվելով Հայաստանի ոչ գիտանպաստ միջավայրին։ Իհարկե դա խախտում է սոցիալական հավասարությունը (ինչու պետք է պատշարը ծառայի, իսկ գիտնականը ոչ?), բայց դա միակ միջոցն է պետության կողմից վճարելու գիտնականին։ Հավանաբար դուք սովետի մարդ լինելով չգիտեք, բայց գիտնականն էլ փոխհատուցում է ուզում իր աշխատանքի համար։ Նոր օրենքի ընդունմամբ, նորից գիտնականը կզբաղվի գիտությամբ ծառայությունից հետո, բայց կանի նա դա Հայաստանի ոչ գիտանպաստ միջավայրում, թե ասենք Գերմանիայում (որտեղ ասպիրանտուրա ընդունվելու համար մեծ ջանքեր պետք չեն, մի քիչ անգլերենի իմացություն և կամք) լավ վարձատրությամբ և գիտանպաստ միջավայրում։ Հետևաբար այս օրենքի ընդունումից հետո, գիտնականնների միջին տարիքը Հայաստանում 60-ից կհասնի 75-ի, որը իմ կարծիքով ավելի շատ կլինի թոշակառուների ակումբ։

  8. gib.gibindus says:

    Հայրենասերների մոտ կար բանակից ազատվելու հիմնական հոդված՝էնուրեզ: Երբ որ տակը միզում են: Գիտությունը մեր հայրենիքում թե բովանդակությամբ, թե ձևով արդեն հավասարվել է էնուրեզին: Շնորհավորում եմ:

  9. Aha says:

    For this time only, I will write in english because my Armenian fonts are suddenly not functional for some reason.

    I agree with the author that it’s better for the youth to be out there struggling to achieve a goal and attain an objective (even if it’s questionable) than lingering in apathy. I remember that in the spring of 2012 tens of thousands of Canadian students protested for weeks in the streets of Montreal against a very modest hike in (already reasonable) tuition fees suggested by the government. The education minister wanted to simply index tuition fees on the inflation rate but students (with their iPads, iPhones, etc, costing hundreds of dollars) said no and went to the streets. The government bowed at the end.

    What was most interesting during that episode is that most of the media/journalists/editors supported the students not because they agreed with their demand but to simply encourage them and give them self-confidence so that they would eventually move on to bigger and greater things, beyond apathy. In other words, society was ready to tolerate immaturity within the youth as long as the latter was active and ready to struggle for any cause. This – more than a balanced budget – was seen as a priority for the countries’ future.

    • Հ.Շ. says:

      all that is quite interesting, but we are talking here about a country which is literally in a state of war, and here we have those potential conscripts who are basically expressing their reluctance to perform their military duty, refusing to go and defend the borders of their Homeland against continuous attacks…

      we are far from the so-called “Printemps Érable” of Québec… that is the kind of luxury that people have, in such countries…

      these young citizens of Armenia are also invoking a discriminatory, offensive argument, by claiming that, considering their status of candidates for higher education, their lives are somewhat more precious or worthy than the lives of the young people of their age who are not students – most of whom just don’t have the opportunity to pursue any academic endeavour, actually… –

  10. Լավատես says:

    Բանակն էլ է համալսարան, պարզապես համալսարանի բարձրագույն կրթությանը նախորդում է հանրակրթական միջնակարգ դպրոցը, իսկ բանակային համալսարանին չի նախորդում ռազմական հանրակրթական միջնակարգ դպրոցը, պարզապես բանակին պետք է տալ բարձրագույն ռազմական կրթության կարգավիճակ: Կարճ ասած՝ սովորական հանրակրթական միջնակարգ դպրոցի շրջանավարտի ռազմական պատրաստվածության աստիճանը պետք է լինի ոչ պակաս քան այսօրվա երկու երեք տարի ծառայած զինվորի ռազմական պատրաստվածության աստիճանը, դպրոցն ավարտածն արդեն պետք է ձեւավորված տղամարդ զինվոր լինի՝ սրանց է որ համոզված կասես որ մեզնից լավն են, դպրոցից հետո ինքը կորոշի ո՞ւր գնա ռազմական թե ոչ ռազմական համալսարան:
    Քանի դեռ նման բաներ այսօր չկան, անցումային ժամանակներում մեր երիտասարդ գիտնականները կամ պետք է գնան բանակ կամ էլ չգնան բանակ, բայց միաժամանակ հրաժարվեն այն բոլոր հանգամանքներից, որոնք խանգարում են իրենց գիտական աշխատանքին՝ ասենք ընտանիք կնիկ երեխա զոքանչ չի կարելի ունենալ, ուտել խմելն էլ է շեղում գիտական աշխատանքից ու նման բաներ: 🙂

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930