Ոստիկանության Կենտրոնականի բաժնի հետաքննիչ Դավիթ Բաբինյանը մոռացել էր դատական նիստի օրվա մասին
Կենտրոնականի բաժնի հետաքննիչը դատարան չներկայացավ: Նիստերի քարտուղարը հենց դահլիճից զանգեց նրան, իսկ նա էլ ասաց՝ «մոռացել եմ նիստի օրվա մասին»: Չնայած նախորդ նիստին, իր որոշման դեմ բողոքի հետ կապված, ասաց, թե ոչինչ չունի հայտնելու:
Հետաքննիչը որոշում է կայացրել քրեական գործի հարուցումը մերժելու մասին, «մոռանալով» գործի նյութերին կցել եւ գնահատել Ռուբեն Սարգսյանի հիվանդության մասին պատմությունը:
Մոսկվաբնակ ճանաչված օպերային երգչուհու՝ Լիա Սարգսյանի բողոքի քննությանը Կենտրոնի դատարան էին ներկայացել դատախազ Ռաֆայել Մանուկյանը եւ Դավիթ Պետրոսյանի ներկայացուցիչ, փաստաբան Աշոտ Թորոսյանը:
Երգչուհին հաղորդում էր ներկայացրել Ռուզաննա Ղազարյանի եւ Դավիթ Պետրոսյանի կողմից խաբեությամբ իր եւ հոգեկան հիվանդությամբ տառապող եղբորը պատկանող Թումանյան փողոցի վրա գտնվող բնակարանը հափշտակելու, կեղծ սնանկության հատկանիշներ ստեղծելու եւ մեկ միլիոն դոլարի վարկային միջոցները նշյալ անձանց կողմից փոշիացնելու մասին: Ոստիկանության հետաքննիչը մերժել էր քրեական գործ հարուցել, պատճառաբանելով, թե նշյալ անձանց միջեւ վեճը կրում է քաղաքացիաիրավական բնույթ: Հիշեցնենք, որ Երեւանի Թումանյան փողոցում գտնվող բնակարանի սեփականատեր են հանդիսացել Լ.Սարգսյանի մայրը, հոգեկան խնդիրներ ունեցող եղբայրը՝ Ռ. Սարգսյանը, եւ Լիա Սարգսյանը: Հինգ տարի առաջ Ռ. Սարգսյանը բնակարանը մեկ տարով գրավ է դրել իր ծանոթի ծանոթին: Եվ ըստ բողոքաբերի, ծանոթները խոստացել են ժամկետը լրանալուն պես վերադարձնել Թումանյան փողոցի շենքերից մեկի 78, 3 քմ բնակարանը: Ռ. Սարգսյանը նախորդ նիստի ժամանակ էլ ասաց, թե եղբայրը հիվանդության հետ կապված ուներ ագրեսիվ պահվածք, բռնության կարող էր ենթարկել ընտանիքի անդամներին, եւ նրա սպառնալիքներից խուսափելու համար ինքը, որպես նրա կողմից լիազորված անձ, հարկադրաբար գնացել էր Կենտրոնի նոտար Մ. Մանուկյանի մոտ եւ կնքել «պարտադրված գործարքը»:
Դատախազը, որը հաստատել է վիճարկվող որոշումը, ըստ բողոքաբեր կողմի նախորդ նիստում ներկայացրածի, ձեւական մոտեցում է ցույց տվել, եւ ըստ էության չի արձանագրել, որ նյութերի նախապատրաստման փուլում պատշաճ քննություն չի տարվել, վարույթն իրականացնող մարմինը պետք է հաշվի առներ, որ գործ ունի հոգեկան հիվանդի հետ:
Դատախազն առարկեց բողոքի դեմ, ասելով, թե հետաքննիչը ճիշտ որոշում է կայացրել: Նա ասաց, թե բնակարանը «սահմանված կարգով» է գրավ դրվել, եւ որ բողոքաբերն անձամբ է ստորագրել: Դիտավորություն չի եղել խլել նրանցից բնակարանը, ինչը երեւում է կողմի բացատրությունից, թե գրավի առարկա էր դարձել եւս երկու անշարժ գույք: Նա, ավարտելով իր խոսքը, խնդրեց հոգեկան հիվանդությամբ տառապող Ռուբեն Սարգսյանի բացատրությունը: Դատավոր Արշակ Վարդանյանը տրամադրեց գործի նյութերը, որին ծանոթացավ նաեւ նոր ներգրավված ներկայացուցիչը: Ծանոթանալուց հետո որեւէ բառ դատախազը չասաց:
«Ռայվ ինտրեթրեյդ» ընկերության տնօրեն Դ. Պետրոսյանի ներկայացուցչի մասնակցության դեմ իր դիրքորոշումն արտահայտեց Լ. Սարգսյանի ներկայացուցիչ Հունան Բաբայանը:
Աշոտ Թորոսյանին լիազորագիր է տրվել երեք տարի ժամկետով: «Հետաքննիչը ընդհանրապես չի ծանուցել Դ.Պետրոսյանին, բայց որոշում է կայացրել քրեական հետապնդում չիրականացնել: Նա նվազագույն միջոցներ չի ձեռնարկել, որպեսզի ճշտի, թե հաղորդման մեջ հնչող Դ.Պետրոսյանն ով է, բայց ներկայացուցիչ է ուղարկվել: Սա անհասկանալի իրավիճակ է, երբ անձը չի հայտնաբերվել, բայց ներկայացուցիչ կա: Հետաքննիչը նույնիսկ ձեւական բացատրություն չի վերցրել: Ինչպես կարող են գնահատել Դ. Պետրոսյանի գործողությունները, երբ նշյալ անձինք բացատրություն չեն տվել»,-ասաց Լ.Սարգսյանի ներկայացուցիչը:
Դատավոր Ա.Վարդանյանը հղում կատարեց Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշմանը, համաձայն որի, բողոքի հետ կապված անձը պատշաճ պետք է ծանուցվի, կներկայանա, թե ոչ, դա անձի խնդիրն է, ում անունը շոշափվում է. «Դատարանը իր պարտականությունը կատարել է»: Ի դեպ, նախորդ նիստում որոշվել էր ծանուցել եւս մեկին՝ Ռուզաննա Ղազարյանին:
Դ. Պետրոսյանի ներկայացուցիչն էլ առարկեց բողոքի դեմ, ասելով, թե մեկ միլիոնի վարկ է վերցվել, գործարք է կատարվել, որը ապահովվել է Լիա Սարգսյանի բնակարանով եւ եւս երեք գույք է գրավ դրվել:
Ըստ նրա, 350 000 դոլարի գումարը մարվել է երեք տարվա ընթացքում: Նա ասաց. «Բողոքաբերը ասում է, թե եղբայրը տառապել է հոգեկան հիվանդությամբ: Ինչու չի կանխել, բողոքաբերը ինչու է համաձայնել գործարք կնքել: Ինչու քայլ չի արվել՝ խախտված իրավունքները վերականգնել դատարանով, եթե այդպիսիք եղել են: Քննիչը ճիշը որոշում է կայացրել, որ այս հարցը քաղաքացիաիրավական հարթության վրա պետք է քննել»:
Հունան Բաբայանը հանդես եկավ լրացմամբ. «Հետաքննիչը, որպես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով լիազորված պաշտոնատար անձ, պարտավոր էր ստուգել խարդախության, վարկը վատնելու, հետագայում կանխամտածված սնանկության հանցակազմի տարրերը, արդյունքում՝ քրեական գործ հարուցելու կամ չհարուցելու հիմնավոր հետեւության հանգելու համար: Քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման պատճառաբանական մասում քննիչը արձանագրել էր. «Պետք է փաստել, որ ինչպես Ռ. Ղազարյանի, այնպես էլ Դ. Պետրոսյանի կողմից խարդախության հանցակազմի օբյեկտիվ կողմը կազմող գործողություններ կատարելու վերաբերյալ փաստական տվյալներ ձեռք չեն բերվել, այլ ընդհակառակը, գործով ձեռք բերված տվյալները վկայում են այն մասին, որ բնակարանի սեփականատերերն իրենց սեփական կամքով եւ ռիսկով են պայմանագիր կնքել, ըստ որի՝ գրավ են դրել իրենց բնակարանը»: Նա պարզել է արարքի օբյեկտիվ կողմը: Իսկ սուբյեկտիվ կողմի մասին խոսք չկա: Մենք հանցագործության մասին հաղորդման մեջ խոսել ենք վարկի փոշիացման եւ կանխամտածված սնանկության հատկանիշի մասին: Պարզվե՞լ է, թե հաղորդման մեջ ինչն էր ճիշտ: Ինչ վերաբերում է երկու տարբեր անշարժ գույքեր գրավ դնելուն, դա կապ չունի իմ վստահորդ Լիա Սարգսյանի հետ»: Բողոքաբերի փաստաբանը նորից շեշտեց. «Պետք չէ առողջ մարդու բացատրությունը կապել ակնհայտ անմեղսունակ մարդու բացատրության հետ, ասելով, թե «նույնաբովանդակ բացատրություն է տվել»:
Նա դիմելով տնօրենի ներկայացուցչին, ասաց. «Եթե ծանոթանաք Լ.Սարգսյանի բողոքին, ապա կտեսնենք, թե ինչ սպառնալիքների տակ է նա գնացել այդ գործարքին»:
Ա. Թորոսյանը հարցրեց. «Ինչն է փոխվել հիմա, հոգեկան հիվանդի վիճակը լավացե՞լ է, որ դիմել եք դատարան» եւ դատարանին հայտնեց, թե բողոքաբեր կողմը ներկայացրել է տեղեկանք, որ նա «ինչ-որ բուժում է» ստացել Մոսկվայում:
Հ. Բաբայանը ի պատասխան «Ռայվ ինտրեթրեյդ» ընկերության տնօրենի ներկայացուցչի, ասաց. «Տեղեկանք չի ներկայացվել, այլ ախտորոշման մասին փաստաթուղթ»: Ի դեպ, այս փաստաթուղթը նաեւ խմբագրության տրամադրության տակ է, եւ սակայն չի հրապարակվում, հարգելով անձի բժշկական գաղտնիքի մասին իրավունքը:
Ըստ գործի նյութերի, մյուս կողմը՝ Ռուզաննա Ղազարյանն ասել էր, թե չի իմացել, որ Ռ. Սարգսյանը հոգեկան հիվանդ է:
Հերթական նիստը նշանակվեց նոյեմբերի 30-ին:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ»
09.11.2017