Լրահոս
Օրվա լրահոսը

 Չկա տղամարդ՝ կա կանացի ընկերություն

Նոյեմբեր 10,2017 13:00

Կամ՝ Նիկոլայ Ծատուրյանի «Սիրո CASTING» ներկայացման մասին

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը նշում է ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանի հոբելյանը, ով շուրջ 10 տարի եղել է թատրոնի գեղարվեստական ղեկավարը, իսկ այժմ հանդիսանում է գեղարվեստական խորհրդատուն:

Միջոցառումների շարքը բացվեց հոկտեմբերի 27-ին՝ Ն. Ծատուրյանի նոր ներկայացման առաջնախաղով: Հիմքում Կրասնագորովի «Երեք գեղեցկուհիներ» կատակերգությունն էր, իսկ բեմում այն ստացել էր «Սիրո CASTING» խորագիրը:

Գյումրու թատրոնում կարծես արդեն ավանդույթի ուժ էր ստանում այն փաստը, որ «երիտասարդ հանդիսատեսին թատրոն կանչող» ազատ բառապաշարով, աշխույժ ռիթմական ընթացքով ներկայացումները կառուցվում են թատրոնի երիտասարդ սերնդի ջանքերով: Ավանդույթը այս բեմադրությամբ հաճելիորեն խախտվեց: Ներկայացման հեղինակը վաստակաշատ ռեժիսոր է, իսկ բեմում փորձառու արտիստուհիներ. Անահիտ Հարությունյան, Սուսաննա Բաղդասարյան, Գոհար Խաչատրյան: Վերջին տարիներին նրանք հիմնականում մարմնավորում էին հասուն կանանց՝ պատկառելի կենսագրությամբ եւ բարոյախրատական ենթատեքստ կրող էությամբ (առավելապես Անահիտ Հարությունյանի կերպարների մասին է նկատառումը): Այս ներկայացումը հանդիսատեսին հնարավորություն է ընձեռում նորովի բացահայտելու իր սիրելի դերասանուհիներին:
Բեմում՝ երեք կին, երեք էություն, երեք ծայրահեղ տարբեր բնավորություններ եւ արդյունքում՝ ամուր մտերմություն: Նրանց միավորողը անձնական կյանքի մենությունն է. չկա տղամարդ՝ կա կանացի ընկերություն: Կողակցի բացակայությունը նրանք փորձում էին լրացնել մասնագիտական ձեռքբերումներով, սակայն այստեղ էլ թիկունքում ունեցած տարիներն են թշնամի դարձել: Միակ հետաքրքրությունը մնացել է ամենշաբաթյա հանդիպումները, պոկերն ու կենացները:

«Եվան Ադամի կողից է, եւ ոչինչ չի լրացնում կողակցի բացակայությունից գոյացած դատարկությունը»:

Սա բոլորին է հայտնի, սական մեր հերոսուհիները գերադասում էին չխոսելով շրջանցել ու չբորբոքել ցավը եւ անգամ ձեւացնել, թե հպարտ են մենությամբ: Նրանք վաղուց հաշտվել էին իրենց կենսաձեւի հետ, բայց մի սխալմունք՝ պատահական հեռախոսազանգ, նրանց մեջ արթնացրեց «Ադամի կողից ստեղծվածին…»:

-Ալո, ո՞վ է…տղամարդ է:
-Տղամա՞րդ, բարձրախոսը միացրու:
Դժբախտ կանանց մասին դրամա՞…

Ո՛չ, բոլորովին: Ի հեճուկս իրենց դժբախտության, աշխույժ ու ակտիվ կանանց մասին կատակերգություն: Հերոսուհիների ներքին դրաման շատ խորն է թաքնված: Յուրաքանչյուրն ունի ընդամենը մի տեսարան, երբ հոգու վերքերից չխոսելն այլեւս անհնար է: Տարիքին անհամապատասխան հագնվող դերասանուհի Մայան (Անահիտ Հարությունյան) մի ամբողջ տարի թաքցրել է ընկերուհիներից, որ այլեւս թատրոնում չի աշխատում, որ ապրում է մատնահարդարի աշխատանք կատարելով: Ամբողջ ներկայացման ընթացքում ակտիվ, թեթեւ խոսքով ու անկաշկանդ շարժուձեւով (բացառությամբ մեջքի սուր ցավի տեսարանները) Մայա- Անահիտ Հարությունյանը «ես այլեւս թատրոնում չեմ աշխատում» նախադասությունն արտասանում է բեմի անկյունում կանգնած, ձայնի ցածր ռեգիստրով, հստակ, հայացքը՝ հանդիսասրահ: Բայց տեսարանի վերջում, վերադառնալով ձայնի թեթեւ հնչերանգին, դեռ ինքն է հանգստացնում ընկերուհիներին:

Լառա-Սուսաննա Բաղդասարյանը, ինքնաբացահայտման տեսարանում, նույնպես խոսքն ուղղում է դեպի դահլիճ, սակայն նա բեմի կենտրոնում է, հարմարավետ նստած, ընկերուհիներով շրջապատված: Խոսքը թախծոտ է, կարծես իմիջիայլոց հիշեցում լինի մշտական բթացած ցավի մասին:

Ինա-Գոհար Խաչատրյանն այդպես էլ ամբողջությամբ չի բացահայտում իր վերքի արմատները, միայն մանր դետալներով ենք պատկերացում կազմում կերպարի ներաշխարհի մասին: Համակարգչով տղամարդկանց հայտեր աչքի անցկացնելու տեսարանում, զննող հայացքին ու թեթեւ ժպիտին հաջորդում է «Սա Մայային դուր կգա» նախադասությունը, որպես սեփական ցանկությունների հավելյալ վերահսկողություն: Մի քանի այլ տեսարաններում էլ հնչում է՝ «ինձ այսպես էլ է լավ», նկատելի է դերասանուհու փոքր-ինչ առաջ թեքված գլուխը, իսկ արտասանությունը հստակ է եւ արագ՝ խոսքն ուղղված չէ որեւէ մեկին՝ դասախոսական կարգապահությամբ ինքնավերահսկող համակարգ է: Այս դետալներն իրենց բացահայտող նշանակությունն են ստանում Լառայի եւ Մայայի երկխոսության տեսարանում, Ինայի անցյալի մասին հանդիսատեսը տեղեկանում է երրորդ դեմքից:

Կարեւոր է, երբ ներկայացումը սիմվոլիկ դետալներ ունի, բայց եւ սիմվոլների գլուխկոտրուկ հիշեցնող համակարգ չէ: Մայայի ականջօղերի մասին խոսվում է առաջին տեսարանում, հետո այն դառնում է նրանց ընկերության խորհրդանիշը. ճակատագրական հանդիպումից առաջ հայտնվում է Լառայի, ապա Ինայի ականջներին: Սիմվոլացաված է նաեւ թղթախաղը, բառախաղի ձեւով է մատուցվում «դուռակ խաղալ» բառակապակցությունը: Եվ ի վերջո ներկայացման լեյտմոտիվ հնչյունը…սա տեսնել է պետք:

Մինչ վարագույրի բացվելը Նիկոլայ Ծատուրյանը կեսկատակ նշեց՝ «ով չհավանեց՝ վաղվանից ինձ չբարեւի»: Ներկայացման ավարտին երկարատեւ, բուռն ծափահարությունները, իսկ հետնաբեմում արդեն շնորհավորանքները փաստում են. Գյումրիում ներկայացումն ընդունվեց ու դեռ երկար է մնալու խաղացանկում:

 

ՎԱՆՈՒՀԻ ՍԵԹՈՅԱՆ

«Առավոտ»

09.11.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մանիկ says:

    Երբ շատերս տեսնում ենք, որ այդ Նիկոլայն է բեմադրել, չենք գնում թատրոն…

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930