Լրահոս
Օրվա լրահոսը

ՓԱՓՈՒԿ ՈՒ ՀԱՐՄԱՐ

Նոյեմբեր 10,2017 10:30

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք տասնութերորդ

Գլուխ հարյուր տասներորդ

ՓԱՓՈՒԿ ՈՒ ՀԱՐՄԱՐ

Եվ Ֆելոն ասաց՝ «պատերազմը որ չլիներ, Ուստա Հակոբը հիմի ակադեմիկոս կլիներ» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ընդ որում՝ մի քանի գծով» եւ մի քիչ էլ մտածեց ու  ավելացրեց՝ «լեզուների կամ գեղանկարչության», եւ հայրս փռթկացնելով ասաց՝ «այնուամենայնիվ, պատերազմը եղել է», եւ Ֆրունզիկը ժպտալով ասաց՝ «ընդ որում» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «այնուամենայնիվ, ես պիտի գնամ» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «հրավիրատոմսերը դռնապանի մոտ կթողնեմ» եւ ինձ ու Ֆելոյին նայելով ավելացրեց՝ «կուլիսներում  էլ փափուկ ու հարմար բազկաթոռներ դնել կտամ» ու էդ ասելով՝ Ֆրունզիկը գնաց, ու յոթից մի քիչ պակաս մենք Սունդուկյանի թատրոնի դռանն էինք, եւ դռնապանը հրավիրատոմսերը մերոնց տալով՝ տարավ ու նստեցրեց հենց առաջին կարգում, իսկ ինձ ու Ֆելոյին տարավ ու ներկայացրեց բեմի պատասխանատուին, եւ իմ ու Ֆելոյի փառահեղ բազկաթոռներն արդեն կուլիսներում դրված էին, եւ երբ վարագույրը բացվեց ու Ֆրունզիկը հայտնվեց բեմում, դահլիճը թնդաց ծափահարություններից, եւ չնայած կուլիսների մեր նստած տեղից հանդիսատեսը չէր երեւում, ես ժամանակ առ ժամանակ ձգվելով ու թաքուն ծիկրակելով՝ տեսնում էի երջանիկ հանդիսատեսին ու նրա ողջ  երջանկությունը, եւ երբ ժամանակ առ ժամանակ թաքուն ծիկրակում էի, Ֆելոն թեւիցս քաշում էր, որովհետեւ ներկայացումից  առաջ բեմի պատասխանատուն խստիվ զգուշացրել էր, որ կուլիսներից դահլիճին ու հանդիսատեսին չնայենք՝ բացատրելով ու հասկացնելով, որ եթե մենք կուլիսներից հանդիսատեսին նայենք, հանդիսատեսն էլ, բնականաբար, մեզ կտեսնի, եւ ես բեմի պատասխանատուին տված խոստումս հիմնականում կատարելով՝ ընդամենը երեք անգամ բեմից ծիկրակեցի, եւ երեք անգամն էլ էդ արեցի էն պահերին, երբ հանդիսատեսն առավելագույնս էր տարված Ֆրունզիկով ու ներկայացումով, եւ երեք անգամն էլ նպատակս հորս ու Վոլոդյային տեսնելն էր, եւ երեք անգամն էլ իրենց տեսա, բայց ծիկրակելուս նպատակը նաեւ էն էր, որ իրենք էլ ինձ  տեսնեին, եւ միայն երրորդ անգամ իրենք ինձ տեսան, եւ երբ իրենք ինձ նկատեցին, ես իրենց ձեռքով արեցի, եւ դրանից հետո մեկ էլ դահլիճին ու   իրենց նայեցի՝ երբ ներկայացումն արդեն ավարտվել էր, եւ բեմից  Ֆրունզիկը գլուխ էր տալիս հոտնկայս ծափահարող հանդիսատեսին, եւ հայրս ու Վոլոդյան էլ էին հոտնկայս ու ոգեւորված ծափահարում, ու էս բարձրագույն նոտայով էլ ուզում եմ ավարտել էս հերթական  տասնութերորդ հատորս, բայց նախքան ավարտելս ուզում եմ ձեզ իրազեկել, որ Ֆրունզիկի էդ փառահեղ ներկայացումից ուղիղ մեկ ամիս անց Ֆելոն այլեւս աշակերտ չէր, եւ, ինչպես հայրս ու Կենցաղսպասարկման  տնօրեն Լուշան խոստացել էին, հուլիսի մեկին Ֆելոյի հրամանը տրվեց, եւ Ֆելոյի  հաստիքավորվելը  հորս արհեստանոցում փառահեղորեն  նշվեց, ու էդ օրը ես էլ էի ներկա եւ չէի կարող ներկա չլինել, որովհետեւ էդ օրվան անհամբեր էի սպասում, եւ անհամբեր էի սպասում, որովհետեւ գիտեի, որ Ֆելոյի էդ ուրախության առթիվ Հրաչյա Ներսիսյանն ու Ֆրունզիկն էլ են ներկա գտնվելու:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930