Շատին համայնքի ղեկավար Տիգրան Խուդոյանը գյուղապետի պաշտոնից հեռացավ նեղացած: Թե ումից է նեղացած հեռանում՝ նախկին գյուղապետը չցանկացավ փակագծեր բացել. «Ես ժողովրդից նեղացած չեմ, ես գիտեմ՝ ումից եմ նեղացած, դա թող մնա իմ մեջ»:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին Վայոց Ձորում ՏԻՄ ընտրություններ էին, իսկ ընտրություններից հետո Շատինի բնակիչները միջպետական ճանապարհն էին փակել՝ պահանջելով չեղարկել ընտրության արդյունքները, պահանջելով իրենց գյուղապետին՝ Խուդոյանին, որը այդ ընտրություններում պարտվեց մրցակից թեկնածուին:
«Ընտրությունը հենց ավարտվել են, ես նույն օրը ընտրության արդյունքներն ընդունել եմ: Ընտրությունը կայացված է, ժողովուրդն այդպես է ընդունել: Շատինի բնակիչները, որ ճանապարհ էին փակել, գնացել եմ, տեղում խնդրել ու պահանջել եմ՝ ճանապարհը բացեն, որ իրենց քայլն անօրինական է, իրավունք չունեն ճանապարհ փակել ու վերջ»,- մեզ հետ զրույցում ասաց նախկին գյուղապետը:
Անդրադառնալով մամուլում շրջանառվող իր մասին տեղեկություններին, թե քրեական անցյալ ունի, երկու անգամ ոստիկան է ծեծել, նախկին գյուղապետն այսպես արձագանքեց. «Ես 1999-2014 թվականներին ուսանող եմ եղել, ավարտել եմ ԵՊՀ մաթեմատիկայի ֆակուլտետը… ստացել եմ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի աստիճան, եթե մարդիկ համարում են, որ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու լինելը կրիմինալություն է, թող այդպես համարեն, իսկ ինչ վերաբերում է այն քրեական գործերին, որոնք կապված են իմ անվան հետ, 21 տարեկանում ինչ-որ պատմություններ են եղել, երիտասարդ եմ եղել, վիճաբանություններ են եղել ոստիկանների հետ, եթե ՀՀ քաղաքացու վրա դատական ակտ են կիրառում, դա դեռ չի նշանակում, որ քրեական է, ես դասախոս եմ, դասավանդում եմ ԵՊՀ Եղեգնաձորի մասնաճյուղում»:
Արփինե ՍիՄՈՆՅԱՆ