Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մկրտչյան. «Վստահ ասում եմ, որ ՍԴՀԿ-ն այլընտրանք է դառնալու այս համատարած գորշության մեջ»

Նոյեմբեր 09,2017 19:52

Հարցազրույց Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության քաղաքական դիվանի ներկայացուցիչ Արմեն Մկրտչյանի հետ

– ՏԻՄ ընտրություններն ավարտվեցին, Հնչակյան կուսակցությունը որոշ համայնքներում հայտեր էր ներկայացրել. Ի՞նչ արդյունքներ գրանցեցիք:

-Հնչակյան կուսակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցեց 2 թեկնածուով՝ խոշորացված Անի և Կապան համայնքներում: Մեր երկու թեկնածուներից մեկը՝ Ագուն Սաղաթելյանը, իսկապես տպավորիչ հաղթանակ տարավ Անիում և 32 թեկնածուների մեջ գրավեց 3-րդ տեղը: Ինչպես և ինքը հայտարարեց, մեզ համար սա Հնչակյան կուսակցության հաղթարշավի սկիզբն է, որին,  վստահ եմ, հետևելու են բազմաթիվ այլ հաղթանակներ բոլոր մակարդակների ընտրություններում: Վստահ ասում եմ, որ ՍԴՀԿ-ն այլընտրանք է դառնալու այս համատարած  գորշության մեջ: Մենք 130-ամյա կուսակցության երիտասարդ թիմ ենք, որի առջև կա մեկ խնդիր՝ մեր գաղափարների, սոցիալական արդարության ու հավասարության իրականանալի տեսլականի տակ ձևավորել առողջ ու մրցունակ հասարակություն, որը կարող է և պետք է տեղի ունենա ամենօրյա քաղաքական պայքարի միջոցով:

– Շատ այլ քաղաքական կուսակցություններ, որոնք ավելի  խոշոր են ՍԴՀԿ-ից, անգամ չմասնակցեցին ՏԻՄ ընտրություններին: Ըստ ձեզ, ի՞նչն է պատճառը:

– Մեր երկրի քաղաքական ուժերի մոտ կա մի մտայնություն, որն իրեն վաղուց արդեն սպառել է՝ ամեն ինչ, կամ ոչինչ: Կամ ե՛ս եմ նախագահը, կառավարությունը, խորհրդարանի մեծամասնությունը, կա՛մ էլ տուն եմ գնալու: Կուսակցությունը չի կարող և չպետք է էդպիսի մոտեցում ցուցաբերել: Ցանկացած խոշոր հաղթանակի հիմքը փոքր հաղթանակներն են: Դժգո՞հ է արդյոք մեր ժողովուրդն այսօրվա ու երեկվա իշխանություններից, կարծում եմ երկու կարծիք լինել չի կարող՝ իհարկե դժգոհ է: Ինչու՞ է քվեարկում ՀՀԿ-ի օգտին՝ միայն փողը չէ, որ պատճառն է՝ իրական այլընտրանք չի տեսնում: Մեզ անհրաժեշտ է ոչ թե անձի, այլ գաղափարների, առաջարկված համակարգի այլընտրանք: Այս վայրի, փողային, ամենակուլ հակամարգին Հնչակյան կուսակցությունն առաջարկում է մարդակենտրոն, սոցիալապես արդար, մեկնարկային հավասար պայմաններ ունեցող համակարգ, որին մենք հավատում ենք: Մենք հավատում ենք, որ բանվորի և օլիգարխի երեխաները մեր երկրում կարող են և պետք է ունենան մեծ կյանք մտնելու հավասար պայմաններ: Եվ մեր գաղափարները, դրանց կիրառման կոնկրետ գործիքակազմը պետք է տարածենք ողջ Հայաստանով մեկ՝ ամենախոշոր քաղաքներից մինչև հեռավոր գյուղեր: Եթե չեն ընտրում, ժողովրդից չի կարելի նեղանալ, ուրեմն սխալը քո մեջ է, ժողովուրդը հավաքական առումով չի սխալվում:

– Առաջիկայում ինչ գործողություններ է ծրագրում Հնչակյան կուսակցությունը: Խոսվում է արտախորհրդարանական ուժերի միության մասին:

– Մենք չենք հավատում ավազի վրա կառուցված տներին: Նմանատիպ ծրագրերը ականջի համար հաճելի են, սակայն գործնականում ունեն մի քանի ամսվա կյանք, որովհետև գաղափարները շատ տարբեր են: Փետրվար-մարտ ամիսներին կրկին ՏԻՄ ընտրություններ են, մենք պատրաստվում ենք նոր թեկնածուներ առաջադրել ու հաղթել: Ուժեղացնում ենք մեր մասնաճյուղերը, առաջիկայում բացելու ենք նորերը մի քանի քաղաքներում: Սևագործ ու հետևողական աշխատանքի ենք գնում: Օպերայում 50 հոգով հավաքվելով ու չիրականանալի պահանջներ դնելով՝ տեղ չենք հասնի: Պետք է ժողովրդին ծանոթացնենք մեր գաղափարների ու ծրագրերի հետ: Ամեն ինչ՝ հերթով:

Զրույցը`Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930