ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը նոյեմբերի 9-ին հանդիպել է Հայաստանում Միացյալ Թագավորության Վարչապետի առևտրի և ներդրումների հարցերով ներկայացուցիչ Մարկ Փրիթչարդին։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆորնուորթը: Քննարկվել են էներգետիկայի և ընդերքի ոլորտներում համագործակցության հնարավորությունները։
Ողջունելով հյուրերին՝ նախարարը կարևորել է Հայաստանում Միացյալ Թագավորության Վարչապետի առևտրի և ներդրումների հարցերով ներկայացուցչի նշանակման փաստը, համոզմունք հայտնելով, որ այն կնպաստի երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի ամրապնդմանն ու խորացմանը։ Հյուրերի խնդրանքով Աշոտ Մանուկյանը ներկայացրել է ոլորտի գերակայությունները։
Նշվել է, որ երկրի էներգետիկ անվտանգության ամրապնդման նպատակով խնդիր է դրված առաջիկա մի քանի տարիներին ներքին վերականգնվող աղբյուրներից էլեկտրաէներգիայի արտադրության տեսակարար կշիռը հասցնել սպառման 50 տոկոսին։
–Այդ առումով առաջնային է համարվում հատկապես արևային և ջրային ռեսուրսների առավելագույնս օգտագործումը,-նշել է նախարարը։
Գերակայությունների թվում Աշոտ Մանուկյանն առանձնացրել է նաև ընդերքի ոլորտը, որտեղ առաջին քայլերն են արվում «պատասխանատու» հանքարդյունաբերության քաղաքականության ներդրման համար։
–Այստեղ խնդիր ունենք ներգրավելու այնպիսի ներդրողների, ովքեր պատասխանատու վերաբերմունք կդրսևորեն ոլորտի նկատմամբ,-ասել է Աշոտ Մանուկյանը։
Որպես «պատասխանատու հանքարդյունաբերողի» օրինակ առանձնացվել է «Լիդիան» ընկերությունը, որը Աշոտ Մանուկյանի խոսքով՝ Հայաստան ներմուծեց նոր գործարար մշակույթ և կորպորատիվ կառավարման առաջադեմ մոտեցումներ:
Նախարարը հյուրերին տեղեկացրել է տնտեսության այդ ճյուղում իրականացվող քայլերի և սպասվող նախաձեռնությունների մասին։
Կարևորվել է համագործակցությունը նաև կադրերի պատրաստման ոլորտում։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Մարկ Փրիթչարդը հաճելի է համարել լսել արտաքին հատվածից ներդրումներ ներգրավելու ուղղությամբ Հայաստանի կառավարության նպատակադրումների մասին։ Նշվել է, որ Միացյալ Թագավորությունը հետաքրքրված է մեր երկրի հետ առևտրաներդրումային ոլորտներում համագործակցությամբ։
Հանդիպման մասնակիցները պատրաստակամություն են հայտնել շարունակել քննարկումները՝ հետագա փոխգործակցության ուղղությամբ։
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն