2016թ. հուլիսի 21-ին Իջեւանի քաղաքապետարանը քաղաքացիական հայց է ներկայացրել Նաիրա Գեւորգյանի դեմ`Իջեւանի քաղաքապետարանի եւ Ն. Գեւորգյանի միջեւ 2006թ. մարտի 30-ին կնքված անշարժ գույքի առքուվաճառքի պայմանագիրը, պայմանագրից ծագած իրավունքների 2006թ. ապրիլի 6-ին կատարված պետական գրանցումն անվավեր ճանաչելու եւ դրանց իրավական հետեւանքները վերացնելու պահանջների մասին:
Իջեւանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի 2006թ. փետրվարի 24-ի թիվ 51 որոշմամբ հաստատվել են 2006թ. փետրվարի 16-ին կայացած քաղաքաշինական նպատակներով հողամասերի տրամադրման աճուրդի եզրափակիչ արձանագրությունները, որի համաձայն Իջեւանի Անկախության փողոցի 13/41 հասցեում գտնվող 905 քառակուսի մետր մակերեսով հասարակական կառուցապատման իրավունքով հողամասը սեփականության իրավունքով վաճառվել է Ն. Գեւորգյանին: Վերջինս 2011թ. նոյեմբերի 25-ին այդ հողամասը վաճառել է Արտաշ Ամիրյանին:
Պայմանագիրը վավերացվել է Դիլիջանի նոտարի կողմից եւ 2011թ. նոյեմբերի 30-ին սեփականության իրավունքը ստացել է պետական գրանցում: Ա. Ամիրյանը 2012թ. դեկտեմբերի 19-ին հողամասի նվիրատվության պայմանագրով 905 ք.մ. մակերեսով հողամասի կեսը նվիրել է Գագիկ Մելիքբեկյանին, պայմանագիրը վավերացվել է Դիլիջանի նոտարի կողմից եւ ստացել պետական գրանցում: 2014թ. փետրվարի 17-ին Գ. Մելիքբեկյանը անշարժ գույքի նվիրատվության պայմանագրով 905 ք.մ. մակերեսով հողատարածքի իրեն պատկանող բաժնեմասը նվիրել է Վալերի Մելիքբեկյանին, նվիրատվության պայմանագիրը վավերացվել է Իջեւանի նոտարի կողմից, 2014թ. մարտի 4-ին ստացել պետական գրանցում, ըստ որի 905 ք.մ. մակերեսով հողամասի ½ բաժնեմասերով սեփականատեր են ճանաչվել Ա. Ամիրյանը եւ Վ. Մելիքբեկյանը: Ա. Ամիրյանի, Վ, Մելիքբեկյանի եւ Հովիկ Դադոյանի միջեւ 2016թ սեպտեմբերի 15-ին կնքվել է 905 ք.մ. մակերեսով հողատարածքի առքուվաճառքի պայմանագիր, որից ծագած իրավունքները գրանցվել են, եւ 2016թ. սեպտեմբերի 16-ին Հ. Դադոյանին տրվել է սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական: Այդ հողամասում, Իջեւանի կենցաղի տան պուրակում մինչ օրս հասարակական կառուցապատում իրականացված չէ:
Տավուշի մարզի դատարանի 2016թ. հոկտեմբերի 3-ի արձանագրային որոշմամբ Ա. Ամիրյանը, Վ. Մելիքբեկյանը եւ Գ. Մելիքբեկյանը ներգրավել են որպես ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք: Դատարանում Իջեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչը հայտնել է, որ 905ք.մ. մակերեսով հողամասը ներառված է ՀՀ կառավարության 2006թ. հոկտեմբերի 6-ի թիվ 247-Ն որոշմամբ Իջեւան համայնքին սեփականության իրավունքով փոխանցված 1.90 հա մակերեսով հողամասի սահմաններում, որի դիմաց առկա է նշագրում`մասնավորեցման ենթակա չէ: Այդ հողամասը գտնվում է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների մեջ, այսինքն`դասվում է սեփականության իրավունքով չփոխանցվող հողերի շարքին:
Իջեւանի քաղաքապետի 2006թ. փետրվարի 24-ի թիվ 51 որոշումը ընդունելու պահին գործել է ՀՀ հողային օրենսգիրքը, որն ընդունվել է 2001թ. մայիսի 2-ին, այդ պահի դրությամբ արդեն իսկ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 6-րդ կետը նախատեսել է սահմանափակում՝ բնակավայրերում ընդհանուր օգտագործման հողեր են հրապարակները, փողոցները, ճանապարհները, գետափերը, զբոսայգիները, պուրակները, այգիները,լողափերը եւ ընդհանուր օգտագործման տարածքները: «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի գ)ենթակետի համաձայն`իրավական ակտն ուժը կորցրած է ճանաչվում, եթե ուժի մեջ է մտել ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտ,որին հակասում են այդ իրավական ակտի դրույթները, տվյալ պարագայում Իջեւանի քաղաքապետի 2006թ. փետրվարի 24-ի թիվ 51 որոշումը կայացման պահից հակասել է ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող ակտին`ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի պահանջներին:
2017թ.մայիսի 30-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Սիմա Իսկանդարյանը վճռել է անվավեր ճանաչել Իջեւանի քաղաքապետարանի եւ Նաիրա Գեւորգյանի միջեւ 2006թ. մարտի 30-ին կնքված անշարժ գույքի առքուվաճառքի պայմանագիրը եւ պայմանագրից ծագած Ն. Գեւորգյանի անվամբ 2006թ. ապրիլի 6-ին իրականացված անշարժ գույքի իրավական գրանցումը: Դատավորը վճռել է որպես գործարքի անվավերության հետեւանք անվավեր ճանաչել Ն. Գեւորգյանի եւ Ա. Ամիրյանի միջեւ 2011թ. նոյեմբերի 25-ին կնքված հողամասի առքուվաճառքի պայմանագիրը եւ դրա հիման վրա Ա. Ամիրյանի անվամբ 2011թ. նոյեմբերի 30-ին կատարված գրանցումը, Ա. Ամիրյանի եւ Գ. Մելիքբեկյանի միջեւ 2012թ. դեկտեմբերի 19-ին կնքված հողամասի նվիրատվության պայմանագիրը եւ դրա հիման վրա 2012թ. դեկտեմբերի 24-ին կատարված իրավունքի պետական գրանցումը, Գ. Մելիքբեկյանի եւ Վ. Մելիքբեկյանի միջեւ 2014թ.փետրվարի 17-ին կնքված նվիրատվության պայմանագիրը եւ դրա հիման վրա 2014թ. մարտի 4-ին կատարված պետական իրավունքի գրանցումը: Վ. Մելիքբեկյանը եւ Հովիկ Դադոյանը դատարանի այդ վճռի դեմ վերաքննիչ բողոք են ներկայացրել:
Վերաքննիչ դատարանը արձանագրել է, որ վիճահարույց գործարքներն անվավեր ճանաչելու եւ դրանց անվավերության հետեւանքների կիրառման պահանջների դեպքում հայցային վաղեմությունը մեկ տարի է, ներկայացվել է Իջեւանի քաղաքապետարանի եւ Ն. Գեւորգյանի միջեւ 2006թ. մարտի 30-ին կնքված անշարժ գույքի առքուվաճառքի պայմանագիրը եւ դրա հետեւանքով մյուս գործարքները անվավեր ճանաչելու պահանջ, ուստի վիճարկվող առքուվաճառքի պայմանագիրը կարող էր վիճարկվել այն պահից սկսած, երբ հայցվոր Իջեւանի քաղաքապետարանը իմացել է կամ պարտավոր էր իմանալ գործարքն անվավեր ճանաչելու համար հիմք ծառայող հանգամանքների մասին: Վերաքննիչ դատարանը համարել է, որ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը չի անդրադարձել անվավեր ճանաչված պայմանագրերով գույք ձեռք բերողներից յուրաքանչյուրի`բարեխիղճ ձեռք բերող լինելու հարցի գնահատմանը: 2017թ. սեպտեմբերի 7-ին քաղաքացիական գործերով ՀՀ վերաքննիչ դատարանը (նախագահող դատավոր`Արմեն Մկրտչյան, դատավորներ՝ Լեւոն Գրիգորյան, Ալվարդ Հունանյան) որոշել է Վալերի Մելիքբեկյանի եւ Հովիկ Դադոյանի վերաքննիչ բողոքը բավարարել, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2017թ. մայիսի 30-ի վճիռը մասնակիորեն բեկանել եւ փոփոխել, Իջեւանի քաղաքապետարանի հայցը՝ մերժել:
Իջեւանի քաղաքապետարանը Վերաքննիչ դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Դա շատ քաղցրիկ պատառ է ընտրություններից առաջ