Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամանների սրբիչից բռնած, դահլիճի վարագույրներով վերջացրած մանկապարտեզի համար ծնողներն են գնում»

Նոյեմբեր 09,2017 18:02

Այս պահին Վեդիի քաղաքապետարանում քաղաքի թիվ 2 մանկապարտեզի մի խումբ ծնողներ հանդիպման են Վեդիի քաղաքապետ Վարուժան Բարսեղյանի հետ, որին ներկա է նաեւ Արարատի մարզպետարանի ներկայացուցիչը:

Վեդիի թիվ 2 մանկապարտեզի ծնողներն արդեն քանի տարի է դժգոհում են մանկապարտեզի տնօրեն Սվետա Մանջոյանի աշխատանքից եւ պարբերաբար գրավոր ու բանավոր այդ մասին տեղեկացնում քաղաքապետին: Սակայն ինչպես Aravot.am-ի հետ զրույցում ծնողներն են նշում, իրենց բողոքներին պատշաճ ընթացք չի տրվում` փաստերի բացակայության պատճառաբանությամբ: Ծնողներն ասում են, որ ոչ տնօրենին աշխատանքից ազատում են, ոչ էլ` նկատողություն տալիս:

Նրանց խոսքով, չնայած այն բանին, որ ամսական 5 հազար դրամ վարձ են վճարում, բայց ամեն ինչի համար մանկապարտեզի տնօրինությունը գումար է հավաքում. «Ամանների սրբիչներից բռնած, վարագույրներով, հեռուստացույցով, դահլիճի աթոռներով վերջացրած ծնողներն են  գնում: Թատերական ներկայացումների համար գումար են հավաքում, բայց դա դեռ ոչինչ, բայց որ տնտեսական հարցերն են ծնողների վրա դնում, արդեն զայրացնում է: Երկու տարի առաջ հեռուստացույցի գումար հավաքեցին խմբերում դնելու համար, բայց չգիտես ինչու, այն տնօրենի սենյակում հայտնվեց: Մահճակալի սպիտակեղենը մաշվում է, ծնողներից են գումար հավաքում, որ գնեն: Դահլիճի վարագույրի համար ծնողներից ամեն մեկից 1000 դրամ հավաքեցին, բայց կտորը, որը գնել էին վարագույրի համար, 500 դրամ էլ երեւի չարժեր»:

Ծնողների ամենամեծ մտահոգությունը երեխաների սննդի հետ է կապված: Նրանց ներկայացմամբ, հատկապես շաբաթվա վերջին օրերին, երեխաների հասանելիք սնունդը մեջ-մեջ է արվում, եւ փոքրիկներին կերակրում են ճաշացանկին չհամապատասխանող քանակությամբ սնունդով. «Մի անգամ եկան ստուգեցին, պարզվեց հացն ութ կիլոգրամ պակաս էր: Քաղաքապետն ասաց կզբաղվեմ, նկատողություն կտամ: Ուրբաթ օրերին, որ մեկը մտնի` կհամոզվի»:

Ծնողները մեզ հետ զրույցում պնդում էին, որ բազմաթիվ ահազանգերից հետո ոչինչ չի փոխվել:

Aravot.am-ի հետ զրույցում պարոն Բարսեղյանն ասաց, որ հենց այս պահին ծնողներին է լսում: Մեր հարցին, թե նրանց դժգոհություններին այս անգամ ընթացք տրվելո՞ւ է, հատկապես, որ ծնողների պնդմամբ, բազմաթիվ բողոքներ արդյունք չեն տվել, Վարուժան Բարսեղյանն ասաց, որ պարտադիր վերահսկողություն են սահմանելու. «Քաղաքապետարանի հետ ամենօրյա վերահսկողություն է լինելու, դա արվել է, արվելու է, այնպես որ չանելու խնդիր չկա»:

Քաղաքապետն ասաց, որ ծնողների բարձրացրած հարցերը ճշտել է, եւ պարզել, որ կան նաեւ կեղծ տվյալներ. «Իմ հանձնարարականից հետո, ինչ խնդիր, որ ծնողները բարձրացրել էին, այդ խնդիրը երբեւիցե չի կրկնվել: Կրկնվելու դեպքում, բնական է, որ կպատժվեն»:

Մեր այն հարցին, թե տնօրենը շարունակելո՞ւ է պաշտոնավարել, պարոն Բարսեղյանն ասաց, որ տնօրենին ազատելու կամ պատժի ենթարկելու փաստեր չկան. «Արդեն երրորդ անգամ մարզպետարանի ներկայացուցիչները համատեղ ուսումնասիրություն են արել ու ոչ մի հիմք չեն տալիս, որ տնօրենին նույնիսկ նկատողություն տանք: Որտեղ աշխատանք, այնտեղ թերություններ լինելու են: Ես չեմ կարծում, որ այնպես ոլորտ կա, որ աշխատանք կա, թերություններ չկան: Ուշադրություն ենք դարձնելու եւ թերությունները շտկելու ենք: Այնպիսի թերություններ են, որ չեն կարող ազդել ընդհանուր աշխատանքի վրա»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ  

Լուսանկարը՝ Վեդիի համայնքապետարանի կայքից 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930