«Գագիկ Ծառուկյանի խոսքը քարոզարշավի ողջ ընթացքում եղել է շատ հստակ. իսկ Գագիկ Ծառուկյանը ասել է, որ 15 միլիարդ դոլարի ներդրումներ Հայաստան կգան միայն այն դեպքում, եթե խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Ծառուկյան» դաշինքը ստանա «50+1» ձայն եւ միանձնյա հնարավորություն ունենա իշխանություն ձեւավորելու: Ես կարծում եմ, որ այն որեւէ այլ մեկնաբանության տեղիք չի թողնում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը`պատասխանելով հարցին` արդյոք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարած 15 միլիարդ դոլարը ներդրումների տեսքով կգա Հայաստան, եթե «Ծառուկյան» դաշինքն ընդգրկվի իշխանական կոալիցիայում:
Հիշեցնենք, Արմավիրի մարզից նախկին պատգամավոր, անցած խորհրդարանական ընտրություններում «Ծառուկյան» դաշինքով առաջադրված թեկնածու Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) վերջերս, հարցազրույցներից մեկում ասել է, որ, եթե ՀՀԿ-ն հասկանա քարոզարշավի ընթացքում Գագիկ Ծառուկյանի նշած 15 միլիարդ դոլար ներդրման անհրաժեշտությունը, ապա դրանից կօգտվի եւ այդ 15 միլիարդը կարող է դառնալ կոալիցիոն գործընկերության հիմք:
Նաիրա Զոհրաբյանը նկատում է`տվյալ ներդրողների համար վստահության երաշխիքը հենց Գագիկ Ծառուկյանի անունն է: Նաեւ հավելում. «Այսօր կա կոալիցիա, իրենք քաղաքական պատասխանատվություն են վերցրել: Գործող կոալիցիան պարտավոր է իրացնել իր ստանձնած քաղաքական պատասխանատվությունը: Մենք էլ, որպես ընդդիմություն, կհետեւենք գործընթացներին եւ իրենց գործունեության մեր գնահատականը կտանք: Մնացած խոսակցություններն ու ենթադրություններն անիմաստ են»:
Մեր հարցին`այնուհանդերձ «Ծառուկյան» դաշինքի որոշ պատգամավորների հրապարակային ելույթներից եւ հարցազրույցներից, տպավորություն է ստեղծվում, որ իրենք դեմ չեն լինի 2018-ի ապրիլից հետո կոալիցիա կազմել իշխող ուժի հետ:, մեր զրուցակիցը պատասխանեց. «Իմ որեւէ գործընկերոջ ոչ հրապարակային, ոչ էլ մասնավոր զրույցից ես նման տպավորություն չեմ ստացել, որովհետեւ նրանցից որեւէ մեկի խոսքում նման մոտիվացիա չի եղել, չէր էլ կարող լինել: Գոյություն չունեցող բաների մասին մենք չենք խոսում»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ