Aravot.am-ը ռեժիսոր Դավիթ Մաթեւոսյանից, որը խոսել էր ՀՀ կինեմատոգրաֆիայի մասին օրենքի նախագծի խութերի մասին, հետաքրքրվեց` իր կարծիքով խեղաթյուրված չէ՞ կինոհանձնակատարի գաղափարը եւ արդյոք օրենքի նախագծի ներկայիս տեսքով հնարավոր չի՞ լինի կամայական որոշումների կայացումը:
«Կինոհանձնակատարի գաղափարը, որպես այդպիսին, պարբերաբար շրջանառվող ռեֆորմների, առաջարկների մեջ բերվում է բավականաչափ կառուցիկ եւ ճշգրիտ տեսքի: Դա լավ գաղափար է, եւ վաղուց պետք է ունենայինք: Ճիշտն ասած, այդ բառից եմ դժգոհ…»,-ասաց ռեժիսորը:
Ապա հավելեց, որ կինոհանձնակատարը, անգլերեն ասած՝ Film commissions-ն է, որը պետք է զբաղվի ֆինանսական միջոցներ ներգրավելով, արտասահմանյան ֆիլմերի սպասարկու ծառայություններով եւ այլն:
Մեր զրուցակիցը կարծում է, որ պետք է հստակ ամրագրված լինեն կինոհանձնակատարի իրավասությունները, իրավունքները, պարտականություններն ու անելիքները, այլապես կունենանք հերթական խեղումը:
Դավիթ Մաթեւոսյանը անդրադարձավ նաեւ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանի` օրենքի վերաբերյալ մտահոգություններին: Պարոն Խաչատրյանը մասնավորապես անհանգիստ էր, որ ազգային կինո ասվածը հետին պլանում է, իսկ տեղական կինոարտադրողների իրավունքները՝ բարձիթողի: Նա նաեւ մտահոգ էր, որ ազգային կինոյի գումարները ներդրվեն տեղական ֆիլմարտադրության մեջ:
«Այսօր գիլդիաներ ստեղծելով` պետք է փորձենք պաշտպանել տեղական կինոարտադրողի, ռեժիսորի, դերասանի, բոլորի պրոֆեսիոնալ ինքնադրսեւորման իրավունքը: Ասածս այն է, որ ցանկացած հասկացություն, ներառյալ կինոհանձնակատարինը, խեղաթյուրելու դեպքում կարող է դառնալ անկիրառելի, այդպիսով, կարող ենք ունենալ Կինոյի մասին օրենքի չգործող տարբերակ, որը եւս 5-6 տարով ամեն ինչ հետ կգցի»,- հայտնեց ռեժիսորը:
Դավիթ Մաթեւոսյանը ողջունելի է համարում, իր ձեւակերպմամբ, մշակույթի նախարարի դրական վերաբերմունքը ցանկացած ռեֆորմի իրականացման նկատմամբ եւ առողջ ուժերին ի մի բերելու եւ ականջալուր լինելու` նրա քայլերը. «Իմ տպավորությամբ նախարարը սիրում է երիտասարդ, գրագետ միավորների հետ աշխատել, ինչը ողջունելի է»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Զահլա տարան այս կինոյի օրենքով: Շատ հետաքրքիր է Ամերկայում կինոյի օրենք կա՟, Հոլիվուդն ի՟նչ օրենքներով է առաջնորդվում, որ այդպիսի լավ ֆիլմեր է նկարում… Է, ենթադրենք հաստատեցին, ինչ է մեր սերիալ-խալտուրշրիկները միանգամից Ֆելլինի են դառնալո՟ւ… Կոռուպցիայի դեմ էլ օրենք ունենք, հետո ի՟նչ…