ՀՀ կառավարությունը կրկին վարկ կստանա, այս անգամ 80 միլիոն եվրոյի չափ:
Այսօր կառավարության նիստին հավանություն տրվեց ՀՀ ֆինանսների նախարարության եւ Վերականգնման Վարկերի Բանկի (KfW) միջեւ 80 միլիոն եվրո արժողությամբ բազմաոլորտ քաղաքականության վրա հիմնված վարկային համաձայնագրի նախագծին:
Այս 80 միլիոն եվրոյի վարկը, ինչպես զեկուցեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, տրամադրվում է երկու տրանշով՝ 2017 եւ 2018 թվականներին 40-ական միլիոն եվրո գումարի չափով: Համաձայնագրով սահմանված է, որ վարկի տոկոսադրույքը ֆիքսվող է՝ այն ֆիքսվում է յուրաքանչյուր տրանշի համար, պարտավորության վճարը կազմում է 0.25%՝ վարկի չօգտագործված գումարի նկատմամբ (տրանշ 1-ի համար հաշվարկվում է համաձայնագրի ստորագրումից 4 ամիս հետո, տրանշ 2-ի համար հաշվարկվում է համաձայնագրի ստորագրումից 16 ամիս հետո): Իսկ միանվագ կոմիսիոն վճարը կազմում է վարկի գումարի 1%-ի չափով, մայր գումարի մարման ժամկետը՝ 15 տարի, արտոնյալ ժամկետը՝ 5 տարի, ծրագրի ներքո տրամադրվող տեխնիկական աջակցության դրամաշնորհները ընդհանուր կազմում են 8,339,139.38 եվրո:
Վարկն ուղղվելու է, ըստ համաձայնագրի, Հայաստանի ջրային եւ կոշտ թափոնների ոլորտներում բարեփոխումների գործընթացի բարելավմանը, գյուղատնտեսության ոլորտում գյուղատնտեսական ապահովագրությունների մեխանիզմի իրագործմանը:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ