Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ այսօր ավարտվեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ փորձագետ Կարեն Վարդանյանի դաժան սպանության գործով դատաքննությունը:
Հիշեցնենք, որ ամբաստանյալները 23-ամյա Գևորգ Զոհրաբյանը ու 43-ամյա Արթուր Միհրանյանն են, եւ ըստ մեղադրանքի՝ Կարեն Վարդանյանը 2016թ.-ին դարձել է նրանց կողմից խաբեության եղանակով առևանգման ու շահադիտական դրդումներով սպանության զոհ:
Ամբաստանյալներին եւս պաշտպանական ճառով հանդես գալու հնարավորություն տրվեց: Գեւորգ Զոհրաբյանը հրաժարվեց, իսկ Արթուր Միհրանյանն ասաց. «Բազմիցս նշել եմ՝ սպանությունը կատարել եմ ես, Գեւորգը ոչ մի մեղք չունի»:
Ապա վերջին խոսք ասելու հնարավորություն տրվեց, որից Գեւորգ Զոհրաբյանը եւս հրաժարվեց:
Միհրանյանն էլ դիմելով դատավոր Տաթեւիկ Գրիգորյանին՝ ասաց. «Խնդրում եմ արդարացի դատավճիռ, ես եմ սխալվել…»:
Մեղավոր կճանաչվե՞ն նրանք, թե ոչ, պարզ կլինի այսօր՝ ժամը 18:00-ին, երբ դատարանը կհրապարակի վճիռը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ