Լրահոս
Օրվա լրահոսը

Ռադիկ Մարտիրոսյանը՝ «քոսոտ երկրի» գիտության ծախսերի կրճատման եւ բանակում ծառայելու մասին (Տեսանյութ)

Նոյեմբեր 09,2017 16:56

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն ասաց, որ բանակի եւ մասնագետների համակարգն իրար չպետք է խանգարեն, իրար չպետք է հակասեն. «Մեկի խնդիրների լուծումը մյուսի հաշվին չպետք է լինի, դա պիտի լինի այնպիսի տարբերակ, որ մենք, իրոք, ունենանք ուժեղ բանակ՝ անհրաժեշտ թվով: Սա կարեւոր հարց է: Եվ ունենանք մասնագետների ինստիտուտ, որ մեր կյանքի մյուս բնագավառների համար մասնագետ պատրաստենք»:

Հիշեցնենք, որ այս նախագծով առաջարկվում է վերացնել տարկետումն ուսումնական հաստատություններից, եւ բոլոր 18 տարեկաններին տանեն բանակ: Այս նախագիծը բողոքի ալիք է բարձրացրել ուսանողության շրջանում, նրանք դասադուլ են հայտարարել:

«Օրենքի նախագծում կան գաղափարներ, որոնք ճիշտ են, բայց դրանց իրականացումը, կարող է պատահել… պիտի էնպիսի մեխանիզմներ մշակել, որ դա իրականացվի: Այս մեխանիզմների մասին կարելի էր պայմանավորվել»,-ասաց Մարտիրոսյանը:

Հարցին՝ հնարավո՞ր է արդյոք ե՛ւ բանակում ծառայել, ե՛ւ գիտությամբ զբաղվել, Մարտիրոսյանը պատասխանեց. «Դժվարանում եմ ասել, դա անձից է կախված, ամեն մարդ ունի ընդունակություններ, ունի հակումներ: Եթե դրանք բավարարված են՝ կարող է»:

Մարտիրոսյանը գտնում է՝ բոլորը պետք է ծառայեն բանակում, բայց նայած թե երբ, եւ որ ժամանակաշրջանում. «Կարծում եմ, որ մենք դժվարություն կունենանք առաջին 4 տարին: 4 տարի հետո այդ ցիկլը, որ կրկնվի, մենք դրան կհարմարվենք: Բանակում ծառայելուց հետո բակալավրը կարող է շարունակել, այ էդ ցիկլը, որ լրանա, ամեն տարի համալրում կունենանք: Ուրիշ բան է, որ բանակից հետո բոլորը չէ, որ եթե ասենք՝ մինչեւ բանակը ինքը լավ սովորող էր, հետո եկավ դրսեւորեց իրեն լավ… կյանքը ցույց է տալիս, որ այդպես չէ: Բայց նրանք, որոնք ճիշտ կողմնորոշված են, որ պետք է գիտությամբ զբաղվեն, նրանց համար մեծ խնդիր չէ»:

Aravot.am-ը Ռադիկ Մարտիրոսյանից հետաքրքրվեց՝ 2018 -2020 թվականների միջնաժամկետ ծախսերում գիտության ոլորտի ֆինանսավորումը կրճատվել է, արդյոք պատճառն այն է, որ ինչպես Մարտիրոսյանն էր ձեւակերպել՝ «քոսոտ երկրին» գիտություն պետք չէ: «Մեր ծախսերը լրիվ չի կրճատվել, այլ ուղղվել է ուրիշ ուղղությամբ, էլի գիտության համար, բայց ռազմարդյունաբերական համալիրն է ուժեղանալու: Իսկ մենք էլ այդտեղ ունենք պահանջներ: Իհարկե, լավ կլիներ ռազմարդյունաբերական համալիրն ուժեղանար լրացուցիչ գումարներով, գոնե սա պահպանեին»,-ասաց Մարտիրոսյանը:

Մեր այն հարցին էլ՝ արդյոք ծախսերի կրճատումը կազդի՞ գիտության առաջընթացի վրա, գիտությունը կտուժի՞, Մարտիրոսյանը պատասխանեց. «Այո, իհարկե»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930