Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Միհրանյանը, ըստ իր պաշտպանի, Կարեն Վարդանյանին սպանելու մտադրություն չի ունեցել. նա խմած վիճակում է ասել, թե Զոհրաբյանն էլ է մասնակցել սպանությանը (Տեսանյութ)

Նոյեմբեր 09,2017 16:36

Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ այսօր ընթանում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ փորձագետ Կարեն Վարդանյանի դաժան սպանության գործով հերթական դատական նիստը: Հիշեցնենք, որ ամբաստանյալները՝ 23-ամյա Գևորգ Զոհրաբյանը ու 43-ամյա Արթուր Միհրանյանն են, եւ ըստ մեղադրանքի՝ Կարեն Վարդանյանը 2016թ.-ին դարձել է նրանց կողմից խաբեության եղանակով առևանգման ու շահադիտական դրդումներով սպանության զոհ:

Ամբաստանյալներից Արթուր Միհրանյանի շահերի պաշտպան, փաստաբան Մարինե Ֆարմանյանն ընթերցեց պաշտպանական ճառը, որում համոզմունք հայտնեց, որ ամբաստանյալ Արթուր Միհրանյանը տուժող Կարեն Վարդանյանին սպանելու մտադրություն չի ունեցել: «Մեքենայում պարտքով գումար տալ-չտալու շուրջ խոսակցություն է տեղի ունեցել, տուժողը եւ Միհրանյանը վիճել են, քաշքշել միմյանց: Մեքենայից դուրս Արթուր Միհրանյանը, կորցնելով ինքնատիրապետումը, քար է վերցրել ու հարվածել Կարեն Վարդանյանին: Գեւորգ Զոհրաբյանը փորձել է բաժանել նրանց, ինչը չի հաջողվել, ինչից հետո նա հեռացել է դեպքի վայրից: Չկան ապացույցներ առ այն, որ ամբաստանյալները նախնական համաձայնությամբ մտադրություն են ունեցել տուժողին առեւանգելու եւ շահադիտական նպատակով նրան սպանելու»:

Ինչ վերաբերում է Կարեն Վարդանյանի բնակարանին, պաշտպանի խոսքով՝ Վարդանյանն օրենքով սահմանված կարգով է այն նվիրել Գեւորգ Զոհրաբյանին:

Ապա փաստաբանը նշեց, որ գործում առկա ապացույցների արժանահավատության խնդիր կա. մասնավորապես, ոստիկանությունում, երբ Միհրանյանը տեսագրությամբ պատմել է դեպքի մասին, ասել է, թե ինքն ու Զոհրաբյանը շահադիտական նպատակներով սպանել են Վարդանյանին եւ դիակը թաղել ավտոտնակում, իսկ Զոհրաբյանը նույն գործողության ժամանակ ասել է, որ միայն Միհրանյանն է սպանել տուժողին, եւ ինքը դրա հետ կապ չունի:

Մարինե Ֆարմանյանի խոսքով՝ Միհրանյանի մասնակցությամբ տեսագրությունից պարզ է, որ նա ոչ սթափ վիճակում է. «Նա ասում է՝ «եթե չխմեմ, ուղեղս չի աշխատի»: Ոստիկանն էլ ասում է՝ «հեսա կկազմակերպենք»: Օղի խմելու ցանկությունը բավարարելու փաստն օգտագործելով՝ ոստիկաններն ուղղորդել են նրան, եւ, ինչու ոչ, ներքին դիտման այդ տեսագրությունն իրականացնելուց առաջ՝ հոգեբանական եւ ֆիզիկական բռնություն իրականացրել նրա հանդեպ»:

Փաստաբանի բնորոշմամբ՝ այստեղից հետեւում է, որ Միհրանյանի հայտնած տեղեկությունների արժանահավատությունը կասկածի տակ է:

Բացի այդ, Միհրանյանը հայտնել է, որ դեպքի օրը մեքենայում օղի է եղել, որը նա օգտագործել է. դեպքի հաջորդ օրերին եւս նա օղի է խմել:

Պաշտպանը նաեւ հիշեցրեց՝ դատաքննության ժամանակ Միհրանյանը հաստատեց, որ Զոհրաբյանը չի մասնակցել Վարդանյանի սպանությանը:

«Տուժողն իր կամքով է նստել ամբաստանյալի մեքենան՝ Թբիլիսի ուղեւորվելու համար, ուստի խոսք չի կարող լինել Միհրանյանի կողմից առեւանգման գործողություններ կատարելու մասին: Նախաքննության մարմնի պնդումը, թե առեւանգման նախնական համաձայնություն է եղել, չի հիմնավորվել»,-նկատեց Մարինե Ֆարմանյանը:

Պաշտպանը վերջում դատավորին դիմելով՝ ասաց, որ ակնկալում է դեպքի ճիշտ իրավական գնահատական եւ արդարացի դատավճիռ:

Գեւորգ Զոհրաբյանի շահերի պաշտպան, փաստաբան Լյուդվիգ Ավետիսյանն էլ իր հերթին համոզմունք հայտնեց, որ Զոհրաբյանը չի սպասել եւ չի գիտակցել, որ Միհրանյանի եւ Վարդանյանի վեճի արդյունքում Կարենը կարող է սպանվել. «Գեւորգ Զոհրաբյանն անմեղ է եւ պետք է արդարացվի»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930