«Կրթության ոլորտի ֆինանսավորումը ինչքան շատ լինի, այնքան կարծում եմ, որ քիչ է, որովհետեւ աշխարհը գնում է զարգացման, եւ այդ փոփոխությունների մեջ մեր երկիրը, մեր քաղաքացին պետք է ունենա իր ուրույն տեղը, պետք է կարողանա մրցակցություն ապահովել մյուս երկրների հետ: Եվ հիմա մենք որքան էլ փորձենք բյուջե նախատեսել, միեւնույն է՝ գալու է մի պահ, որ դա չի բավարարելու արդյունավետ եւ որակյալ կրթություն ապահովելու համար, եւ դա էդպես է ամբողջ աշխարհում»,-այսօր «Հայելի» ակումբում այսպիսի կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզան Մուրադյանը` անդրադառնալով բյուջեից կրթական ծախսերի կրճատման վերաբերյալ հարցին:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը ծրագրում է 2018-2020թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրով կրթության ֆինանսավորումը կրճատել մինչեւ 1.8 %:
Ասուլիսի մեկ այլ մասնակից՝ Կրթության միջազգային ակադեմիայի նախագահ Անահիտ Հարությունյանը նկատեց, որ բարձրագույն ուսումնական հաստատություններում անհրաժեշտ է միավորել այն մասնագիտությունները, որոնք համակարգում անվերջ կրկնվում են. «Մեզ մոտ շատ են տարածված միանման մասնագիտությունները, այսինքն, մեր կրթության համակարգում, օրինակ՝ տնտեսագիտություն կարելի է սովորել գրեթե բոլոր բուհերում եւ հենց սա է պատճառը, որ մեր բյուջեն ցրվում է եւ չի ծառայում իր բուն նպատակին: Քանի դեռ մեր բուհերի մոտ ցրված են մասնագիտությունները, դրանք կրկնվում են անվերջ, չի կարող տնտեսվարող սուբյեկտը այդ հարցը միայնակ լուծել»:
Ըստ նրա, եւ ստացվում է այնպես, որ մրցակցություն ապահովելու նպատակով, կրթության ոլորտը վերածվում է խառնաշփոթի:
Լրագրողների հարցին, թե ինչ լուծում կարելի է առաջարկել գիտության խառնաշփոթից դուրս գալու համար, տիկին Մուրադյանը պատասխանեց. «Նախ պետք է վերանայել ընդունելության քննությունների սկզբունքները, օրինակ` այսօր, ցավոք, իրավիճակը էսպիսին է , եթե ուսանողը առաջին հայտով նշել է մանկավարժություն, բայց բալերը չեն համապատասխանում, ապա նա ստիպված այդ բալերով ընդունվում է պոլիտեխնիկ, այ սա արդեն հենց կրթության խառնաշփոթի հիմքն է: Պետք է հստակ դրվի մասնագիտության ընտրության հարցը, եւ մրցակցությունը անցկացվի առաջին հայտերի մեջ, ոչ թե ընդհանուր»:
«Կրթության գիտության ոլորտն ավելի նպատակային դարձնելու համար կա եւս մեկ կարեւոր պայման, պետք է մենք ունենանք վիճակագրական ցուցանիշներ, որտեղ նշված կլինեն թե տվյալ պահին մեր երկիրը որ ոլորտի մասնագետների պահանջարկ ունի, այս պարագայում երիտասարդներն էլ արդեն ավելի կողմնորոշված եւ նպատակային բուհ կընդունվեն»,-հավելեց Անահիտ Հարությունյանը:
Անահիտ ՄԱՐԿՈՍՅԱՆ