«Սա Գրքի երևանյան առաջին փառատոնն է լինելու. որևէ բացթողում կամ թերացում ունենալու իրավունք չունենք։ Արդար և թափանցիկ մրցույթ անցկացնելուց բացի, այն պետք է շատ հետաքրքիր, շատ կազմակերպված, շատ, շա′տ լավը լինի»,- Գրքի երևանյան փառատոնի ( Yerevan Book Fest ) կազմակերպիչներին ընդունելիս ասաց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը՝ փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանին հանձնարարելով ամեն օր հանդիպել «Միհր» միության ներկայացուցիչներին՝ քննարկելու, թե արդյո՞ք ամեն ինչ պատշաճ կերպով է արվում։
Նոյեմբերի 24-ից 26-ը նախատեսված փառատոնի կազմակերպիչը «Միհր» ստեղծագործողների միությունն է, աջակիցը՝ Հայաստանի մշակույթի նախարարությունը: Նպատակը հայ ժամանակակից գրականությունն ընթերցողին ավելի ճանաչելի և ընդունելի դարձնելն է, գրող-հրատարակիչ-ընթերցող շղթայի ամրացումը, նոր հրատարակությունների մասին տեղեկատվությունն առավել հասանելի դարձնելը:
Փառատոնի 3 օրերին ընթերցասերները հնարավորություն կունենան մասնակցելու մի շարք միջոցառումների, որոնք կանցկացվեն Հանրապետության Հրապարակի նախկին Կառավարական 2-րդ տանը (ՀՀ ԱԳՆ-ի նախկին շենք)։
Նախագիծը բաղկացած է մի քանի փուլից.
-Փառատոնի ընթացքում կազմակերպված ցուցահանդեսին տարբեր հրատարակչությունների հնարավորություն կտրվի ցուցադրելու և վաճառելու իրենց հրատարակած գրքերը։ Կկազմակերպվեն նաև վերջին հրատարակությունների շնորհանդեսներ։
-Վարպետության դասընթացների ժամանակ ստեղծագործողները կտեղեկանան, թե ինչ ծրագրերի համար իրենց կարող է աջակցել մշակույթի նախարարությունը, ինչպես գրաշուկայում մատուցել գիրքը, ինչպես օգտվել միջազգային հնարավորություններից, ինչպես համագործակցել հրատարակչությունների և գրական գործակալների հետ և այլն։
-Հայ ժամանակակից գրականության անտիպ ստեղծագործությունների մրցույթը կազմում է նախագծի կարևոր մասը։ Հայտարարված մրցույթին մասնակցության հայտեր են ներկայացրել բոլոր ցանկացողները՝ առանց տարիքային սահմանափակման։ Ստացվել է 132 հայտ։ Մրցութային ուղղություններն են՝ արձակ, պոեզիա, դրամատուրգիա, մանկապատանեկան գրականություն։
Հեղինակները մրցույթին ներկայացրել են ապագա գրքից մի հատված. երեք պատմվածք, ամբողջական վեպը կամ 1/3 մասը, տասնհինգ բանաստեղծություն, մեկ պիես (համապատասխանաբար՝ նաև մանկապատանեկան գրականության անվանակարգում)։ Մրցութային չորս անվանակարգերի հաղթողները (1-ին և 2-րդ հորիզոնականներ) կստանան պարգև. 1-ին տեղի համար՝ 500 հազարական դրամ, 2-րդի համար՝ 300 հազարական դրամ։
Մրցանակային գումարները կփոխանցվեն այն հրատարակիչներին, որոնց հեղինակները կվստահեն իրենց գրքերի հրատարակման իրավունքը։ Հոնորարի և գրքի հրատարակչական ու տպագրական ծախսերի բաշխումը կորոշեն գրողն ու հրատարակիչը՝ փոխադարձ համաձայնությամբ: Նախընտրած հրատարակչին դրամական պարգևի փոխանցումից հետո վերջինը պարտավորվում է առավելագույնը մեկ տարում հրատարակել գրողի ստեղծագործական ժողովածուն կամ վեպը (որում պետք է ներառված լինեն հայտով ներկայացված ստեղծագործությունները ևս)։
Մասնագիտական ժյուրին և նախապես գրանցված ընթերցողներն այժմ գնահատում են ներկայացված հայտերը՝ արդյունքում ընտրելով անվանակարգերի հաղթողներին։ Հանձնաժողովն ունի 60, իսկ ազատ ընթերցողները՝ 40 տոկոս ձայնի իրավունք: Վերջինները գրանցվել են Yerevan book fest-ի պաշտոնական ֆեյսբուքյան էջում։ Մրցույթի հանձնաժողովի անդամների անունները գաղտնի կլինեն մինչև արդյունքների հրապարակումը: Հանձնախմբից գաղտնի են պահվում մասնակից գրողների անունները. գործերն անանուն են գնահատվում։ Ժյուրիի կազմում ընդգրկվել են գրականության ոլորտի արժանի ներկայացուցիչներ:
Փառատոնը հենց գրողի՛ն է հնարավորություն տալիս ներկայանալու, հաղթելու և հետո միայն ընտրելու իր հրատարակչին։
Հիմնական միջոցառումներից զատ կլինեն նաև երաժշտական ընդմիջումներ, ինչն ավելի ջերմ և մտերմիկ մթնոլորտ կստեղծի։ Նախագծի միջոցով ընթերցողները կծանոթանան գրախանութների գտնվելու վայրերին, ավանդական գրական միջոցառումների ժամանակագրությանը և աշխարհագրությանը:
ՀՀ մշակույթի նախարարություն