«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Շիրակի համալսարանի նախկին ռեկտոր Վարդեւան Գրիգորյանը կարծում է, որ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի մեղադրանքներն իրեն են ուղղված, իբրեւ նախկին ռեկտորի: «Որպես ավագ գործընկեր՝ խորհուրդ կտայի նախարարին՝ մեկին անհիմն պաշտպանելով՝ կրկնակի անհիմն չմեղադրի դիմացինին»,- այսօր հրավիրված ասուլիսում նախարարին հորդորեց պատգամավորը:
Հիշեցնենք, նախարար Լեւոն Մկրտչյանը հայտարարել էր, թե բուհում տարիներով կուտակված խնդիրներ են, որոնք լուծում չեն ստացել: Նախարարն ասել է, որ ԲՈՒՀ-ում դեկանների եւ ամբիոնների վարիչների ընտրություն ընդհանրապես չի եղել: «14 տարի ղեկավարել եմ Գյումրու Մանկավարժական ինստիտուտը եւ չի եղել նման դեպք, որ որեւէ ամբիոնի վարիչ կամ ֆակուլտետի դեկան՝ ժամկետները լրանալու պարագայում հանկարծ ընտրված չլինի: Ավելին ասեմ՝ դեկանները եւ ամբիոնի վարիչները ընտրվել են ինստիտուտի գիտխորհրդում»,- ասաց Վարդեւան Գրիգորյանը`հայտարարելով, որ եթե նախարարը կոնկրետ դեպք մատնանշի, ինքը պատրաստ է պատասխան տալ:
Նախարարն ասել էր նաեւ, որ վերջին տարիներին ընդհանրապես դասախոսների ընտրություն չի եղել: Պատգամավորը համաձայն է, բայց ասում է, որ դա բացատրություն ունի. «Եթե մրցույթ ենք հայտարարում մեկ առարկայի գծով, ինստիտուտը պարտավորվում էր դրույքաչափով ապահովել այդ դասախոսներին, բայց քանի որ հաստատուն դրույքաչափ չկար, մենք չէինք կարող մրցույթ հայտարարել եւ հետո աշխատանքային օրենսգրքի պայմանները չկիրառել»: Բանախոսը միաժամանակ նկատում է`նույն դասախոսները որեւէ խնդիր չեն ունեցել իրենց աշխատանքը շարունակելու:
Պատգամավորը խոսեց նաեւ գրադարանի շուրջ ծագած աղմուկից: Ասում է, անգամ երկրաշարժից հետո ԲՈՒՀ-ը թալանվեց, բայց գրադարանը պահպանվեց.: «Խնդիրը նրանում էր, որ երկրաշարժից հետո ինստիտուտի ղեկավարությունը չի վերագնահատել այդ գրքերը, արժեքները գումարային տեսքով եւ ինստիտուտի հաշվապահական հաշիվներում որպես արժեք չի նստել, բայց քանակական առումով մեկ-մեկ գրքերը գրանցված են եղել: Պարոն նախարարն ասում է, որ եղել է խնդիր, բայց չի ասում, որ մեկ ամիս առաջ 15 տոննա գիրք, ոչ օգտագործելի՝ հանձնվել է որպես մակուլատուրա»:
Այլ մանրամասները`տեսանյութում
Պատասխանելով հարցին`ինչո՞ւ են այդ հարցերն իր անվան հետ կապվում, հնարավո՞ր է ինքը կրկին ցանկանում է վերադառնալ նախկին պաշտոնին, պատգամավորն ասաց, որ 45 տարի աշխատելով այդ ԲՈՒՀ-ում, այսօր մտադրություն չունի «երկրորդ անգամ նույն գետը մտնել»: Նախարարի մեղադրանքներում ինքը քաղաքական ենթատեքստ էլ չի տեսնում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ