Լրահոս
Օրվա լրահոսը

Բաց դասը վարել է Արցախյան ազատամարտի հերոսը

Նոյեմբեր 09,2017 14:10

ՀՀ ԿԳՆ Ոսկետափի ավագ դպրոցը հյուրընկալել է Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանին, որտեղ նա վարել է բաց դաս:

Պատվավոր հյուրին դպրոցում նախ ներկայացրել են նախնական զինվորական պատրաստության կաբինետը: Տնօրեն Ս. Ազարյանի ուղեկցությամբ  Արկադի Տեր-Թադևոսյանը ծանոթացել է նաև դպրոցում ներդրված արհեստագործական հոսքերի՝ ավտոփականագործության կաբինետի ձևավորման աշխատանքներին:Այնուհետև դպրոցի դահլիճում մանկավարժական և ուսուցչական կոլեկտիվը հոտնկայս՝ ծափերով դիմավորել է արցախյան հերոսին:

Բաց դասը սկսվել է Արցախյան ազատամարտի և ապրիլյան քառօրյայի մասին պատմող տեսաֆիլմով, աշակերտների գեղարվեստական կատարումներով: Արկադի Տեր-Թադևոսյանն իր խոսքում նշել է, որ ապրիլյան քառօրյա պատերազմը փաստեց՝ նոր սերունդը արցախյան հերոսամարտը կերտած սերնդից ավելի լավ է պատկերացնում և կատարում իր պարտականությունները. «Մինչև 2016 թվականի ապրիլը, երբ ես հանդիպումներ էի ունենում երիտասարդների հետ, մտածում էի, որ երևի պետք է նրանց ինչ-որ բաներ սովորեցնեմ, պատմեմ, թե մենք ինչպես էինք 1990-91 թվականներին ազատագրական ջոկատներ կազմում, անտառներում ապրում, պլաններ մշակում՝ ադրբեջանական և սովետական բանակի դեմ կռվելու:

Մենք պատմում էինք՝ մտածելով, որ երիտասարդները լսեն մեզ ու հասկանան, որ իրենք էլ նույն պարտքն ունեն կատարելու: Բայց 2016թ-ի ապրիլը ցույց տվեց, որ մենք շատ բան ունենք սովորելու երիտասարդներից: Ես կարծում եմ՝ մենք պետք է իսկապես շատ լավ ուսումնասիրենք այն գործողությունները, որ մեր զինվորները կատարել են ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին: Մեր երիտասարդների դեմ Ադրբեջանը հատուկ պատրաստված ջոկատայիններ էր հանել, գործի էին դրել շատ հզոր տեխնիկա՝ անօդաչու սարքեր, օդուժ: Մեր երիտասարդները կարողացան դիմակայել այդ անսպասելի հարձակմանը և ցույց տվեցին, որ իրենք այլևս հերոսության և հայրենասիրության դասերի կարիք չունեն»,- նշել է Արկադի Տեր-Թադևոսյանը:

Նա պատմել է Հադրութի շրջանի Տող գյուղի և Շուշիի ազատագրման պատմությունները:

Հանդիպման ընթացքում ազատամարտի լեգենդար հրամանատարը պատասխանել է աշակերտների հարցերին, իսկ ավարտին՝ լուսանկարվել նրանց հետ:

 ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930