Այժմ ԵՊՀ մի խումբ դասադուլավոր ուսանողներ երթով շարժվում են դեպի ՀՀ կառավարություն: Նրանք պահանջելու են վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպում:
Մինչ այդ դասադուլավորները շրջեցին Մայր բուհի ֆակուլտետներով: Եղան նաև Տնտեսագիտական համալսարանի մոտ՝ կոչ անելով ուսանողներին միանալ իրենց: ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի մոտ Հանուն գիտության զարգացման նախաձեռնության անդամները ելույթներով հանդես եկան: Մասնավորապես Դավիթ Պետրոսյանը հայտարարեց, որ իրենց աջակիցների թիվը 400-ից անցել է: Այնուհետև կարդաց Քարվաճառի զորամասից իր ընկերներից մեկի նամակը. «Դավ ջան, բարի լույս: Հեռավոր Քարվաճառից այս քանի օր է հետևում եմ այս ամեն ինչին: Մի քիչ լոմկա եմ, որ այդտեղ չեմ, բայց իմացեք, որ հետներդ ենք, դուխով »:
Այնուհետև Դավիթ Պետրոսյանը վստահեցրեց, որ իրենց մեջ բազում ծառայած երիտասարդներ կան: Հիշեցրեց ծառայությունից մի դրվագ. «Հիշում եք՝ այն ժամանակ, որ բարձրանում էինք մարտական հերթապահության, բլինդաժից դուրս էինք գալիս, ասում էինք դուխով, բայց կասկով»:
Դավիթը, անդրադառնալով այն անձանց, որոնք փորձում են ներկայացնել, թե իրենց շարժումն ընդդեմ ծառայության է՝ ասաց. «Կարծիքներ հնչեցին, թե այն մարդիկ, որոնք դուրս կգան այս օրենքին դեմ, նրանք դասալիքներ են: Սա խոսում է նրա մասին, որ օրինագիծը հիմնավորող փաստարկներն այնքան են քչացել, որ ուրիշ բան չի մնացել մեր դեմը կանգնելու: Դրա համար օգտագործում են այս մանիպուլյատիվ մեթոդը»:
Դասադուլավորները խոսակցությունների մակարդակով տեղեկություններ ունեին, որ Վիգեն Սարգսյանը գնալու է Պոլիտեխնիկ, ուստի գերադասեցին այդ բուհ չգնալ՝ ավելորդ կոնֆլիկտներից խուսափելու համար:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ