Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բանակում ուզել են անպարկեշտ գործողություն անել զինվորի հետ, սպանել է՝ ցմահ են տվել. Նաիրա Զոհրաբյանն առաջարկում է վերանայել գործերը

Նոյեմբեր 09,2017 13:20

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նախկինում ազատազրկման դատապարտվածների հետ կապված առաջարկել էր, որ որոշ գործեր վերաբացվեն եւ քննվեն:

Այսօր մենք նրանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ ընթացք է ստացել իր առաջարկը: Նա պատասխանեց. «Շատ նուրբ, զգայուն խնդիր է: Ցմահ ազատազրկվածները գիտեք, որ 104-ն էին, մի քանիսը մահացան, հիմա մոտ 94-95 ցմահ ազատազրկված ունենք, որոնց հարցը կարծում ենք պիտի վերանայվի: Դրանց մի մասը բանակում՝ բանակային ծառայության ժամանակ իրենց ծառայակցին կամ իրենց վերադասին սպանած անձինք են: Այստեղ խնդիրները բազմաթիվ են, եթե վերադասը կամ ծառայակիցը ցանկացել է այլ՝ անպարկեշտ բնույթի գործողություններ անել զինվորի հանդեպ կամ նրա արժանապատվությունը նվաստացնել եւ այլն, այս զինվորները դատապարտված են եղել նախկին խորհրդային օրենսգրքով, մահապատժի հոդվածով են եղել, այնուհետեւ մահապատիժը հանվեց եւ եթե այսօր նրանք դատապարտվեին նույն հանցանքի համար, դա մինչեւ 15 տարի ազատազրկումն է, բայց նրանցից որոշներն արդեն 20 տարի կրում են իրենց պատիժը: Կոնկրետ այդ դեպքերի համար մենք կարծում ենք, որ գոնե պատժի ռեժիմի փոփոխություն պետք է լինի, վերանայվի»: Խոսքը 7-8 ցմահ ազատազրկվածի գործերի մասին է:

Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ երբ իրենք ցմահ դատապարտվածների խնդրին անդրադարձան, իրենց են դիմել զոհերի հարազատները՝ ասելով, որ եթե նրանց պատիժը վերանայվի՝ վենդետա կտեսնեն նրանց հանդեպ. «Այստեղ պիտի հստակ տարանջատել, խոսքը չի վերաբերում այն ցմահ դատապարտյալներին, որոնք մասսայական սպանություններ են արել, մի քանի սպանություն են արել, անդամահատել են եւ այլն: Խոսքը վերաբերում է զուտ բանակում զինվորական ներքին կանոնադրական խախտումների պատճառով տեղի ունեցած սպանություններին: Մենք պետք է հաշվի նստենք այն ծնողների հետ, ում երեխաներին, ամուսիններին սպանել են, նուրբ հարց է»:

Նա նշեց, որ վաղաժամկետ ազատ արձակման նախկինում գործող հանձնաժողովն ընդհանրապես ավելորդ օղակ էր եւ օրենքը փոխեցին. «Անգամ չէին գնում դատապարտյալի հետ հանդիպում, գիր ու ղուշով որոշումներ էին կայացնում: Բացարձակ ոչ ադեկվատ եւ անհամարժեք որոշումներ էին կայացնում: Հիմա նոր սիստեմ կգործի, բայց առ այս պահը մենք չենք տեսել իրենց աշխատանքի արդյունավետությունը: Հույս ունենանք, որ այդ հանձնաժողովը եւս կսկսի իր իրական գործառույթները կատարել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930