Նոյեմբերյան քաղաքում տեղակայված թիվ 37 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գագիկ Աբովյանը հայտնեց, որ Աչաջուր համայնքի ղեկավարի թեկնածու, ՀՀԿ անդամ Տաթեւ Գասպարյանի վստահված անձը տարածքային ընտրական հանձնաժողով ներկայացրած դիմումով խնդրել է Աչաջրի ընտրական 2 տեղամասերից մեկում`37/03-ում քվեաթերթիկների վերահաշվարկ կատարել: Տարածքային ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 6-ին որոշել է այդ տեղամասի քվեաթերթիկների վերահաշվարկ կատարել:
Նշենք,որ նոյեմբերի 5-ին կայացած Աչաջուր համայնքի ղեկավարի ընտրությունների նախնական տվյալներով՝ անհատ ձեռներեց, ՀՀԿ անդամ 1978թ. ծնված Կարեն Ղալթախչյանը ստացել է 952 ձայն, 2013 թվականից Աչաջուր համայնքը ղեկավարող, ՀՀԿ անդամ,1957թ. ծնված Կամո Ղալթախչյանը`623, 1996-1999թթ. Աչաջուր համայնքը ղեկավարած, ՀՀԿ անդամ, 1967թ. ծնված Տաթեւ Գասպարյանը`557, Աչաջուր համայնքի ավագանու անդամ, ՀՅԴ անդամ, 1985թ. ծնված Սեւադա Ղուկասյանը`114 ձայն: Անվավեր քվեաթերթիկների թիվը կազմել է 38:
Սեւադա Ղուկասյանն իր մուծած 150 հազար դրամ ընտրական գրավը ետ ստանալու համար պետք է ստանար քվեարկությանը մասնակցած ընտրողների թվի 5 տոկոսի չափով քվեներ: Աչաջրում քվեարկությանը մասնակցել է 2284 ընտրող, որի 5 տոկոսը կազմում է 114.2: Ս. Ղուկասյանը քվեարկության արդյունքում ստացել է 114 քվե, նրան ընդամենը 0.2 տոկոս քվե չէր հերիքում իր մուծած ընտրական գրավը ետ ստանալու համար:
Նոյեմբերի 7-ին թիվ 37 տարածքային ընտրական հանձնաժողովում կատարվել է Աչաջրի 37/03 տեղամասում քվեաթերթիկների վերահաշվարկ:
Հանձնաժողովի նախագահ Գ. Աբովյանը հայտնեց, որ վերահաշվարկի արդյունքում Տաթեւ Գասպարյանի օգտին տրված քվեների քանակը մեկով նվազել է, Կարեն Ղալթախչյանի օգտին տրված քվեների թիվը`մեկով ավելացել, Սեւադա Ղուկասյանի օգտին տրված քվեների թիվը, ի հաշիվ նախկինում անվավեր ճանաչված քվեաթերթիկի, մեկով ավելացել է:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ