Ինչպես տեղեկացրել ենք, ԱԺ արտաքին հարաբերությունների եւ Եվրոինտեգրման հարցերի հանձնաժողովները դեկտեմբերի 1-ին ԱԺ-ում լսումներ են կազմակերպելու՝ ՀՀ-ԵՄ ստորագրվելիք համաձայնագրի հետ կապված:
Այսօր այդ հարցով հրավիրած նիստում Եվրոինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Թեեւ վերլուծական քաղաքական շրջանակներում կարծես մտահոգություն կա համաձայնագրի ստորագրման ժամկետների հետ կապված, այդուհանդերձ, անձամբ հանձնակատարը կրկին հաստատեց, որ որեւէ խոչընդոտ ոչ եվրոպական, ոչ էլ կարծես հայկական կողմից չկա՝ համաձայնագրի ստորագրման հետ կապված»:
Ինչ վերաբերում է մյուս փաթեթներին, Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ վիզաների ազատականացման հարցում խնդիրը կապված է ԵՄ անդամ որոշ երկրների ներօրենսդրական խնդիրների, մասնավորապես՝ միգրացիոն հոսքերին առնչվող իրենց ռիսկերի գնահատման հետ. «Կարծես որոշակի խոչընդոտներ կան ԵՄ որոշ անդամ երկրների կողմից վիզաների ազատականացման բանակցություններ սկսելու: Ահաբեկչության վերջին տարիների աճի հետ կապված մտահոգություններ ունեն եւ ռիսկերը հաշվի առնելով՝ փորձում են ձգել վիզաների ազատականացման բանակցությունների փուլը եւ ինձ համար զարմանալի է, որ այդ երկրների մեջ նաեւ Ֆրանսիան է: Կարծում եմ, մեր արտգործնախարարությունը կփորձի այդ երկրների հետ երկկողմ բանակցությունների մակարդակով խնդիրը լուծել»:
Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ բոլոր շահագրգիռ ՀԿ-ների համար լսումների մուտքն ազատ կլինի, հանձնաժողովի փորձագետները հայտարարություն կտարածեն եւ բոլոր ՀԿ-ները, որոնք ցանկանում են ներկա լինել եւ ունենալ խոսքի իրավունք, կունենան:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ