Մեր տեղեկություններով, Եվրոպական հանձնաժողովում կարծում էին, թե Ադրբե֊ջան-ԵՄ բանակցություններում էական առաջընթաց է արձանագրվելու, քանի որ Ադրբեջանը չունի կնքվելիք համաձայնագրին հակասող այլ միջազգային պարտավորություններ, ինչ Հայաստանի դեպքում։
Սակայն, մեր աղբյուրների փոխանցմամբ, ԵՄ-ում Ադրբեջանի հետ հարաբերությունների վերաբերյալ բավականին մեծ հիասթափություն կա, քանի որ բանակցությունների ընթացքում, որոնք վերաբերում են տնտեսությանը, անվտանգությանը, օրենքի գերակայությանը, լավ կառավարմանն ու մարդու իրավունքներին, լուրջ տարաձայնություններ են առաջանում կողմերի միջեւ մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության հետ կապված ոլորտների շուրջ, որոնց պատճառով բանակցային գործընթացը մոտ է փակուղուն։
Ավելին, մեր տեղեկություններով, առաջիկայում նախատեսվում էր նաեւ Ադրբեջան-ԵՄ համաձայնագրի ստորագրում, սակայն այս տարաձայնություններն անժամկետ հեռացրել են համաձայնագրի ստորագրման ժամկետը։
Մեր եվրոպական աղբյուրների համաձայն, Եվրոպական միությունը մտադրվում էր Ադրբեջանի եւ Հայաստանի հետ համաձայնագրերը ստորագրել զուգահեռ, ծրագրում էր նաեւ, որպեսզի համաձայնագրերն իրենց բովանդակությամբ նման լինեն, եւ երկու երկրների միջեւ հավասարակշռությունը ԵՄ-ի հետ հարաբերությունների տեսանկյունից պահպանվի, սակայն այս ծրագրերը տապալվեցին, եւ Հայաստանը համաձայնագիր կստորագրի ավելի շուտ, քան Ադրբեջանը։
Մեզ հասած տեղեկությունների համաձայն, ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրն ըստ ամենայնի ավելի ծանրակշիռ կլինի, քանի որ Ադրբեջան-ԵՄ տարաձայնությունների պատճառով Ադրբեջան-ԵՄ համաձայնագրի նախատեսված բովանդակությունը կկրճատվի:
Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում