Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հիմա եթե իրենց հարցնեմ՝ բա մեկ էլ երբ եք մասնակցելու ընտրություններին, կասեն՝ դու ով ես. «Հրապարակ»

Նոյեմբեր 09,2017 12:09

Այս օրերին Հայաստանում ընտրություններ տեղի ունեցան։ Բավականին խոշոր ընտրություններ էին, եթե նայենք թերթերի վերնագրերը՝ «Խոշորացված համայնքների ՏԻՄ ընտրություններ»։ Խոսքը մեր մեջ՝ դա հեչ իմ սրտով չէր։ Այս խոշորացումը։ Երեւի պետք չէր դնել ու այդքան գյուղապետ մորթել մեկ օրում։

Ասում են՝ ընտրությունների հաջորդ օրը Շուշան տատը գնացել է գյուղապետարան, թե մի բուռ ալյուր փոխ տվեք, մինչեւ տղես խոպանից փող ուղարկի։ Չեն տվել, ասել են՝ պետք է նստես Վռամ դայու մոտացիկլետը, գնաս խոշորացված համայնքապետի օֆիսը, որը ֆլան գյուղում է։ Շուշան տատը, Վռամ դայու հետ անակնկալ շփման հեռանկարից շփոթված, հարցրել է՝ բա գյուղապետն ո՞ւր ա։ Ասել են՝ գյուղապետ էլ չկա, գլուխն առել՝ գյուղից գնացել է։

Կատակը մի կողմ՝ իրոք ցավալի է։ Շատ սիրուն բառ էր՝ «գյուղապետ»։ Հազար ափսոս… Չէ, այսպես չի լինի, հովվերգությունն ինձ տարավ…

Քաղաքականությունից էինք խոսում, չէ։ Որոշ ուժեր այս ընտրությանը չմասնակցեցին՝ պատճառաբանելով, որ Վռամ դային եւ Շուշան տատը լավ ընտրողներ չեն։ Առաջինը վախենում Է, որ մոտոցիկլետը ձեռքից կառնեն ու կզրկեն միջգյուդական գծերի մենաշնորհից, իսկ երկրորդն էլ այնքան խեղճ է, որ ընտրակաշառք կվերցնի ու իրենց ձայն չի տա։ Կարդալով այս մեկնաբանությունը՝ տպավորություն ստացանք, որ Հայաստանի մարզերում միայն Վռամ դայիներ եւ Շուշան տատիներ են ապրում, այդ պատճառով էլ չեն մասնակցել բդեշխների (խոշոր համայնքատերերի) ընտրություններին։

Հիմա եթե իրենց հարցնեմ՝ բա մեկ էլ երբ եք մասնակցելու ընտրություններին, կասեն՝ դու ով ես, որ մեզ այդպիսի հարց ես տալիս։ ԱԺ եւ Երեւանի ընտրությունների ժամանակ փոր էին թափում, մագլցում «գարաժների» գլուխը, ընտրողների երեսին թուղթ թափ տալիս, ՀՀԿ-ի շտաբներում ինվենտարիզացիա անում։ Ո՞ւր կորավ այդ պաթոսը…

Օ՜, դժոխային քաղաքականություն, օ՜, բարքեր… Վռամ դայու մոտոցիկլետով հասան խորհրդարան ու քաղաքապետարան եւ պաթոսի վերջին փշրանքները քամուն տվեցին քաղաքական հակառակորդների վրա կոշիկների փոշին սրբելով ու պայուսակների պուդրա-պամադան նիստերի դահլիճում սեղաններին թափելով։

Ի՞նչ տեղի ունեցավ Վռամ դայու հետ, մոտոցիկլետը չխլեցի՞ն, դեռ աշխատո՞ւմ է միջգյուղական մայրուղիների վրա… Իսկ Շուշան տատն ալյուր ճարե՞ց, տվեցի՞ն նրան այն փողը, որ խոստացել էին ընտրվելուց հետո տալ։ Այդ մարդիկ էին իրենց տեղ հասցրել, իսկ այսօր ասում են՝ նրանք ի՞նչ ընտրող են, որ մենք էլ ընտրություններին մասնակցենք։

Իսկ խորհրդարանական քաղաքական ուժի քարտուղարն ասում է. «Մեր առաջիկա ամիսների աշխատանքը լինելու է հենց խիզախ մարդկանց գտնելը, որոնք պատրաստ են ոչ միայն ֆեյսբուքում ինչ-որ բաներ գրել, սրան-նրան փնովել, այլեւ կոնկրետ գործողությունների, դուրս գալ պայքարի։ Եթե լուրջ փոփոխություն ենք ուզում, ապա դրան պետք է մասնակից լինի յուրաքանչյուր քաղաքացի»։

Վայ, մամա ջան… Վռամ դայի՛, Շուշան տա՛տ, լսեցի՞ք։ Ուրեմն արդեն այսօրվանից սկսում եք սպորտով զբաղվել. առավոտյան արթնանում եք ու գնում գյուղի շուրջը վազելու, գետակի սառը ջրով լվացվելու… Կոփվել է պետք, զինվել գաղափարներով, որ մինչեւ տղերքն ու աղջիկները գան ձայն ուզելու, դուք արդեն պատրաստի քաղաքացի լինեք եւ դուրս գաք պայքարի։

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930