«Ազատ, անկախ դասախոս», «ազատ, անկախ ուսանող», «հանուն գիտության», «ազատ, անկախ ուսանող». ԵՊՀ մի շարք ուսանողներ այսօր ևս շարունակում են դասադուլը:
Նշենք, որ նախաձեռնող խումբը երեկ տեղեկացրել էր, որ նոյեմբերի 9-ին նախատեսվում է մեգա դասադուլ և երթ դեպի կառավարություն:
Առավոտյան դասադուլի մասնակիցները հերթով անցան ԵՊՀ մասնաշենքերի մոտով: Նրանք ցանկացան մուտք գործել և տեսնել, թե քանի ուսանող է ներկա դասին: Նախաձեռնող խմբի անդամ Դավիթ Պետրոսյանը արձանագրեց, որ այսօր ԵՊՀ բոլոր մասնաշենքերի դռները բաց են, քանի որ երեկ նախարարը զարմանք է հայտնել, որ դռները փակ են: Դավիթ Պետրոսյանը հայտարարեց, թե հիմա էլ վերևից հրաման է տրվել, որ ուսանողները դուրս չգան:
Դավիթ Պետրոսյանն անդրադարձավ նաև ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահի այն հայտարարությանը, թե ԵՊՀ-ն 17.000 ուսանող ունի, իսկ դասադուլ անում է 400-ը, ուստի իրավունք չունեն արտահայտել մնացածի կարծիքը, Դավիթ Պետրոսյանն ասաց, որ եթե անգամ մեկ ուսանող էլ նման կարծիք ունի, ապա իրավունք ունի դա արտահայտելու:
Ուսանողները մուտք գործեցին Կենսաբանության ֆակուլտետ պարզելու, թե քանի հոգի է դասի եկել: Փոխդեկանը հայտնեց, որ 500 ուսանողներից 100 հոգի են ներկա դասին:
Այնուհետև կենսաբանության ֆակուլտետ եկավ ԵՊՀ աշխատակազմի ղեկավար Ալիկ Ղարիբյանը: Նա վրդովված էր և ասաց, որ դասադուլի մասնակիցներն իրավունք չունեն ներս մտնել ու ստուգումներ անել: Այնուհետև առանց լրատվամիջոցների ներկայացուցիչների նախաձեռնող խմբի անդամներն Ալիկ Ղարիբյանի հետ մի քանի րոպե փակ հանդիպում ունեցան: Դուրս գալուց հետո Դավիթ Պետրոսյանը հայտնեց, որ աշխատակազմի ղեկավարն ընդունել է, որ դռները փակելը սխալ է:
Ալիկ Ղարիբյանն էլ վստահեցրեց, որ տղաների հետ համաձայնության են եկել, որ դասապրոցեսը չխանգարեն, Ալիկ Ղարիբյանը վստահեցրեց, որ ԵՊՀ-ն իր կրթական գործառույթը կիրականացնի:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ