«2018 թվականի բյուջեն, ըստ էության, լինելու է զարգացման բյուջե», եւ արդեն իսկ սկսած ներդրումային ծրագրերի շարունակականությունն ապահովող բյուջե»,- այս մասին օրերս ԱԺ-ում «ՀՀ 2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկման ժամանակ ասել է ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը՝ ներկայացնելով հաջորդ տարի նախարարության կողմից իրականացվելիք ծրագրերի բովանդակային մասը։
Նախարարի խոսքով՝ առավել ագրեսիվ քաղաքականություն են վարելու կապիտալ ծախսերի մասով. «Դրանք պետք է ուղղվեն ենթակառուցվածքների զարգացմանը, օրինակ՝ Ամբերդ, Լոռի բերդ, քանի որ սրանք զբոսաշրջության համար հետաքրքրություն ներկայացնող պատմամշակութային հուշարձաններ են, որտեղ ենթակառուցվածքների ստեղծումով մենք ծրագրում ենք եկող տարվա ընթացքում ապահովել 40-50 միլիոն դրամի հավելյալ շահույթ, որը կարող ենք ուղղել այն հուշարձաններին, որոնք զբոսաշրջության համար այս պահին այդքան էլ հետաքրքիր չեն»,- նշել է նա։
Արմեն Ամիրյանի այս հայտարարությունը, սակայն, տարակուսելու առիթ է տալիս։ Փաստորեն, նախարարությունը առաջին հերթին մտածում Է զբոսաշրջիկներին գոհացնելու եւ ոչ թե պատմամշակութային արժեքները պահպանելու ուղղությամբ։
«Նախարարը մեկ անգամ չէ, որ նման մոտեցմամբ է հանդես գալիս։ Ցավոք, նման քաղաքականությունը մեծամասամբ ուղղված է էլ ավելի եկամուտներ ստանալուն, քան բուն հուշարձանների պահպանության խնդիրներին լուծումներ տալուն։ Անշուշտ, մեր հուշարձանները պետք ունեն էլ ավելի հանրահռչակման։ Սակայն մինչ այդ դրանք պետք է նորոգվեն ու բարեկարգվեն, որն այնքան էլ տեսանելի չէ։ Նույնիսկ Գառնին, որն ամենաշատ այցելուներ ունեցող հուշարձաններից է եւ ամեն տարի 120-150 միլիոն դրամի հասնող եկամուտ է բերում, առ այսօր աշխատակիցների համար աշխատատեղ-թանգարան չունի, եւ աշխատակիցները պարզապես ծվարում են այս կամ այն պատի կամ ծառի տակ»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նկատեց հայագետ Արգամ Այվազյանը։
Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում