Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստը վերածվեց մի քննարկման, որի ընթացքում պարզ դարձավ, որ հանձնաժողովի բոլոր անդամների մոտ կա խորը կասկած առ այն, որ համաձայնագրի ստորագրումը կարող է ձախողվել: Նույնիսկ հանձնաժողովի նախագահը, ով իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահն է, չէր կարող հստակ ասել, թե արդյոք համաձայնագիրը ստորագրվելու է, թե ոչ: Հույս ունենալը կամ ենթադրելը ամենևին էլ չի խոսում այն մասին, որ Հայաստանի անգամ քաղաքական իշխանության վերնախավը տեղեկացված է, թե ինչ ապագա է սպասվում համաձայնագրին:
Սրա պատճառը անցյալի դառը փորձն է: 2013թ. Հայաստանի ամենատարբեր պաշտոնյաներ, այդ թվում՝ վարչապետն ու ԱԺ նախագահը հարցազրույցներ էին տալիս ու համոզված պնդում, որ նոյեմբերին Հայաստանը Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության երկրների գագաթնաժողովում ստորագրելու է Ասոցացման համաձայնագիրը, քանի որ համաձայնագիրը բանակցվել է և պատրաստ է ստորագրման: Բայց սեպտեմբերի 3-ին Մոսկվա կատարելիք այցի ընթացքում նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը և նոր ստեղծվելիք Եվրասիական տնտեսական միությանը: Դրանից հետո այդ նույն մարդիկ սկսեցին նույն ջանասիրությամբ և համոզվածությամբ բացատրել, թե ինչու է Մաքսային միությունն ու ԵՏՄ-ն Հայաստանի համար ավելի առաջնային և կարևոր, քան Ասոցացման համաձայնագիրը: Ընդ որում՝ Ասոցացման համաձայնագրի չստորագրման ամբողջ պատասխանատվությունը գցեցին Եվրամիության վրա:
Եթե հիշում եք, նախագահ Սարգսյանի հայտարարությունից հետո եղան բացատրություններ, որ Հայաստանը եվրոպացի գործընկերներին վաղուց է տեղեկացրել, որ մենք բանակցում ենք Մաքսային միությանը և ԵՏՄ-ին միանալու շուրջ, բայց միաժամանակ ցանկանում ենք ստորագրել Ասոցացման համաձայնագիրը. այսպես ասած՝ մենք և-և-ի կողմնակից ենք, բայց այ Եվրամիությունը մեզ չհասկացավ, և մեր առաջ պայման դրեց՝ կա՛մ մեզ հետ եք, կա՛մ՝ Ռուսաստանի, և մենք ընտրեցինք ավելի անվտանգ տարբերակը: Բոլորի համար էլ պարզ էր, որ միևնույն երկիրը չի կարող միաժամանակ լինել երկու մաքսային միության մեջ:
Հիմա նույն իրավիճակն է՝ միայն մի տարբերությամբ, որ այսպես ասած՝ «ստրախովկեքը» անում են նախապես: Հիմա Աշոտյանը և մյուս հանրապետական պատգամավորներն ու պաշտոնյաները, այդ թվում և՝ արտգործնախարարության, ասում են, որ Հայաստանն իր կողմից հասանելիքը արել է, և եթե հանկարծ համաձայնագիրը չստորագրվի, ապա դրա միակ մեղավորը կլինեն Եվրամիության անդամ երկրները, քանի որ նրանք պետք է հասցնեն իրենց ազգային լեզուներով թարգմանել համաձայնագիրը, որպեսզի համաժողովին մասնակցող պատվիրակությունները իմանան, թե ինչ համաձայնագիր են ստորագրում:
Հայաստանի իշխանությունները և ընդհանրապես բոլորը հասկանում են, որ համաձայնագրի ստորագրումը իսկապես կասկածի տակ է, քանի որ ինչպես 2013թ., այնպես էլ հիմա համաձայնագրի ստորագրումից առաջ՝ նոյեմբերի 15-ին նախագահ Սերժ Սարգսյանը պետք է հանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Բոլորը սրտի թրթիռով են սպասում այդ հանդիպմանը, քանի որ բոլորի համար էլ պարզ է, որ համաձայնագրի ստորագրումը կախված է այդ հանդիպման արդյունքներից: Իհարկե, հայ պաշտոնյաներն ասում են, որ համաձայնագրի ամեն մի դետալ, ամեն մի հոդված ու պարբերություն թարգմանվել և ուղարկվել է Մոսկվա, համաձայնեցված է Ռուսաստանի իշխանությունների հետ: Բայց այդ նույն բաները ասվում էին նաև 2013թ., և այն ժամանակ Վլադիմիր Պուտինը վետո դրեց Հայաստանի եվրաասոցացման վրա: Թե հիմա ինչ կլինի, պարզ կդառնա ընդամենը մեկ շաբաթից:
Եթե Ռուսաստանի նախագահը իսկապես ցանկություն ունի ԵՏՄ-ն վերածել կայսրության, ապա նա պետք է այս անգամ ևս դեմ արտահայտվի Եվրոպայի հետ որևէ փաստաթղթի ստորագրմանը: Որովհետև կայսրության մեջ չեն կարող տարբեր արժեքային համակարգի կրող միավորումներ լինել: Որովհետև հնարավոր չէ պատկերացնել մի կայսրություն, որի թեկուզ փոքր հատվածում եվրաարժեքներ են դավանում, իսկ մյուս մասում պահպանողական ուղղափառությունը հռչակվում է որպես պետական գաղափարախոսություն: Մինչդեռ եթե Ռուսաստանը Հայաստանին նայում է որպես տնտեսական շահագործման տարածք, որտեղից նա ձգտում է հնարավորինս շատ շահույթ ստանալ, ապա միանգամայն հնարավոր է, որ Հայաստանին այդ փաստաթղթի ստորագրումը թույլատրվի:
Դատելով Ռուսաստանի ներկա վիճակից՝ կարելի է ասել, որ առնվազն վերջին մեկ տարում Ռուսաստանն ու նրա ղեկավարը, հասկանալով Ռուսաստանի իրական հնարավորությունները, հրաժարվել են կայսերական հակումներից, և Հայաստանը դիտարկում են զուտ տնտեսական շահագործման տարածք: Եվ եթե Հայաստանը իսկապես ստորագրի այդ փաստաթուղթը, ապա կարելի է մտածել, որ Ռուսաստանը որոշել է ձեռք քաշել կայսրության վերականգնման գաղափարից:
Գալուստ Հակոբյան
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում