Մեր փոխնախարարն ու «Ֆայնենշլ Թայմզը»
ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների փոխնախարար Մակար Ղամբարյանը հոկտեմբերի 25-27-ը Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում մասնակցել է Համաշխարհային բանկի կազմակերպած «Ներդրումային մրցունակության» համաժողովին եւ մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել համագործակցության հնարավորությունները: Զարմանալի չէ, որ մեր փոխնախարարը նման հարց է քննարկել համակարգչային սարքավորումներ արտադրող եւ ծրագրային ապահովում իրականացնող IBM (International Business Machines) ընկերության, աշխարհում հայտնի Մաքքինզի խորհրդատվական կազմակերպության կամ միջազգային ֆինանսական կորպորոցիայի ներկայացուցիչների հետ:
Մակար Ղամաբարյանի գործուղման հաշվետվության համաձայն՝ վերջինս Հայաստանի հետ համագործակցության հնարավորությունն է քննարկել «Ֆայնենշլ Թայմզ» (Financial Times) պարբերականի տնտեսական վերլուծաբանի հետ: Այ սա ոչ միայն զարմանալի է, այլ նաեւ վիրավորական: «Ֆայնենշլ Թայմզը» բրիտանական հեղինակավոր եւ ազդեցիկ ամսագիր է, որի կայքն օրական մոտ 7 միլիոն մարդ է այցելում, բայց միայն ամսագիր է, ներդրումային հիմնադրամ կամ դոնոր կազմակերպություն չի: Եթե Մակար Ղամբարյանը կամենում է անսալ լրատվամիջոցի ձայնին ու ըստ այդմ աշխատել, ապա լավ կանի սկսի հայրենական լրատվամիջոցներից, որոնք այսօրվա վիճակը շտկելու բազմաթիվ լուծումներ են առաջարկել բազմաթիվ անգամ՝ սկսած պետական ապարատն ու ծառայողական մեքենաները կրճատելուց մինչեւ ներդրողին չվանելու պահվածք ու գործելաոճ, փոքր ու միջին ձեռներեցներին չխեղդելու կամք, օլիգարխներին սանձելու ցանկություն: Բայց այս ամենը անցնում է մեր իշխանավորների, այդ թվում՝ Մակար Ղամբարյանի ականջների կողքով:
Ոչ նա, ոչ էլ որեւէ այլ պաշտոնյա չեն լսում լրատվամիջոցներին ու առիթը բաց չեն թողնում պնդելու՝ «դա ընդամենը կարծիք է», «համաձայն չեմ այդ գնահատականին» եւ այլն: Իսկ եթե փոխնախարարը «Ֆայնենշլ Թայմզի» ներկայացուցչի հետ հանդիպման մասին անունը գրել է իր գործուղման արդյունքներին կշիռ տալու համար, ապա կարող էր գրել, ասենք, որ հանդիպել է այն պարբերականի ներկայացուցչի հետ, որը կարդում է Միացյալ Թագավորության թագուհին, կամ քայլել է Ավստրիայի այն փողոցով, որտեղով ժամանակին քայլել է Աստծո ողորմածությամբ ընտրված հռոմեական կայսր Նապոլեոն Բոնապարտի երկրորդ կնոջ՝ Մարիա-Լուիզա Ավստրիացու հայր Ֆրանց Յոզեֆ Կառլ Երկրորդը: Սա, սակայն, բան չի փոխում Հայաստանի այսօրվա ծանր վիճակում:
ԵԱՏՄ-ն բանի պետք չէ-2
Այս տարվա օգոստոսի 3-ին ՀՀ կառավարությունը ԱԳՆ առաջարկով հաստատեց Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչի զարգացման նպատակով երկրների թիրախավորման տնտեսական չափանիշները, թիրախային երկրների ցանկը, օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների տնտեսական գործունեության կատարողականի գնահատման չափանիշները: Ցանկում կա 14 երկիր՝ Ռուսաստան, ԱՄՆ, Չինաստան, Իրան, Վրաստան, ԱՄԷ, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Կանադա, Լիբանան, Բենիլյուքսի երկրներ՝ Բելգիա, Նիդեռլանդներ, Լյուքսեմբուրգ, որոնցից միայն մեկն է ԵԱՏՄ անդամ՝ Ռուսաստանը: (https://www.aravot.am/2017/ 08/02/900563/): Եթե քո պետության զարգացման քաղաքականության տնտեսական բաղադրիչում չես տեսնում Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի հետ տնտեսական համագործակցություն, եթե քո սահմանած չափանիշներով նրանք պիտանի չեն քո տնտեսական զարգացման հարթությունում, եթե քո առաջարկած ապրանքներն ու ծառայությունները նրանց չեն գրավում, ինչպե՞ս ես նրանց հետ միավորվել տնտեսական միության մեջ:
Մենք էլ արձանագրեցինք` ՀՀ ԱԳՆ-ի կարծիքով` ԵԱՏՄ-ն բանի պետք չէ: Մեր պնդումը ապացուցող նոր փաստ: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2017 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանի Հանրապետության արտաքին առեւտրաշրջանառության ծավալը կազմել է 4,3675 միլիարդ դոլար: Հայաստանի խոշորագույն առեւտրային գործընկեր երկրների լավագույն տասնյակում, ինչպես ԱԳՆ մշակած թիրախային երկրների ցանկում, ԵԱՏՄ-ից միայն Ռուսաստանն է: Պաշտոնական վիճակագրության համաձայն էլ՝ ԵԱՏՄ-ն բանի պետք չէ:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ»
08.11.2017