Տուժողը, որի ինքնասպանության փորձը, բարեբախտաբար, կանխվել էր անծանոթ երիտասարդի կողմից, դատարան էր ներկայացրել շորթման եղանակով իրենից հափշտակված 9 կտոր ոսկյա զարդերը գրավադրելու վերաբերյալ պայմանագրերի հաստատված օրինակները: Դրանք կցվել են Ռոման Շամոյանի վերաբերյալ քրեական գործին:Արմավիրի մարզի դատարանը Ռոման Շամոյանի նկատմամբ վերջնական պատիժ է սահմանել 4 տարի ժամկետով ազատազրկումը` առանց գույքի բռնագրավման: Ռ.Շամոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ չհեռանալու մասին ստորագրությունը փոխվել է եւ որպես խափանման միջոց առաջին ատյանի դատարանը ընտրել է կալանավորումը, որն իրականացվել է դատական նիստերի դահլիճում։
Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում գտնվող Ռ. Շամոյանի անվամբ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով գրանցված անշարժ գույքի վարելահողի վրա դրված կալանքը թողնվել է անփոփոխ: Շամոյանի տնտեսությունից եւ դրամական միջոցներից հօգուտ տուժողի կբռնագանձվի 2 միլիոն 500.000 ՀՀ դրամ` որպես հանցագործությամբ պատճառված վնասի փոխհատուցում, եթե դատավճիռը մնա անփոփոխ:Պաշտպանական կողմը՝ հանձին ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ցոլակ Մարգարյանի, պահանջում է բեկանել Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի դատավճիռը եւ կայացնել արդարացման դատավճիռ: Անասնապահությամբ զբաղվող Ռոման Շամոյանի հորաքրոջ հիվանդասենյակում է գտնվել տատիկին խնամող տուժողը: Հորաքրոջը տեսակցելու գնացած ամբաստանյալը ծանոթացել է տուժողի հետ:
Տատի ու հորաքրոջ՝ հիվանդանոցից դուրս գրվելու օրն անգամ լուսանկարվել են, փոխանակել հեռախոսահամարները: Ամբաստանյալը զանգել է տուժողին, ստել, թե բաժանվել է կնոջից, եւ ցանկանում է ամուսնանալ նրա հետ: Ըստ տուժողի, ինքը մերժել է ամբաստանյալին: Անասնապահը սկսել է սպառնալ, վախեցնել, թե համացանցում կտեղադրի տուժողի մերկ լուսանկարները, իսկ հետագայում մաս-մաս նրանից հափշտակել է 2.500.000 դրամ եւ 276.000 դրամ ընդհանուր արժողության ոսկյա զարդերը:Տուժողը լսելով սպառնալիք՝ իր անհաջող առաջին ամուսնության հրապարակումներ կատարելու, իր մերկ լուսանկարները համացանցում տեղադրելու մասին, մարզից գնացել է Երեւան:
Ըստ գործի նյութերի, նա ժամը 22-ի սահմաններում «Հաղթանակ» կամրջի վրայից նետվելու միջոցով փորձել է ինքնասպան լինել, սակայն այն կանխվել էր: Տեղեկացնենք, որ Ռ.Շամոյանը թե նախաքննության, թե դատաքննության փուլում իրեն մեղավոր չի ճանաչել:Ըստ նրա, հիվանդանոցում ծանոթանալով տուժողի հետ, գտնվելով սոցիալապես ծանր պայմաններում` խնդրել է ամսական տոկոսադրույքով գումար գտնել իր համար, ինչին ի պատասխան`տուժողը հայտնել է, որ չի կարող նման հարցով օգնել, սակայն որպես օգնություն նրան կարող է պարտքով տրամադրել իր անձնական գումարը: Այսպես մարտից մինչեւ հոկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում տուժողից պարտքով ստացել է 2.300.000 ՀՀ դրամ գումար, ոսկյա զարդ:
Ամբաստանյալն ասել է, թե ոսկեղենը վերադարձրել է, իսկ գումարը պարտավորվել է վճարել առաջին իսկ հնարավորության դեպքում: Ըստ նրա դատարանում տված ցուցմունքի, նա արատավորող տեղեկություններ հայտնելու սպառնալիք չի հնչեցրել, գումար չի շորթել, տուժողին ինքնասպանության չի հասցրել: Նա իրեն ոչ մի հոդվածով մեղավոր չի ճանաչում, զղջում է միայն պարտքով գումար վերցնելու համար եւ խնդրում է մեղմ պատիժ:Տուժողը հիվանդանոցում ամբաստանյալի հետ ծանոթանալու փաստը հաստատել էր: Նա հայտնել էր, որ առաջին անգամ իրենից գումար խնդրել է հիվանդանոցում բուժող ամբաստանյալի հորաքույրը, ինչը վերցնելու համար եկել էր ամբաստանյալը: Խոսքը 30.000 դրամի մասին էր: Նա պնդել էր, որ դրանից հետո ամբաստանյալն առաջարկություն է արել իրեն, ասել, թե ամուսնալուծվելու է, իսկ երբ մերժվել է, սկսել է սպառնալ. «Ինքն էլ վախենալով, որ Ռ. Շամոյանն իր անունը կարատավորի, նրան է տվել իր ընտանիքի խնայողությունը հանդիսացող 2.300.000 դրամ գումարը, 9 կտոր ոսկյա զարդերը եւ հորեղբոր կնոջից պարտքով վերցված 200.000 դրամը»: Կինը նկարագրել էր ինքնասպանության դրվագը. «Բարձրացել եմ կամրջի արգելապատնեշի վրա, ինձ նկատեց մի պատահական տաքսի ավտոմեքենայի վարորդ, ով իմանալով, որ ցանկանում եմ ինքնասպան լինել, համոզեց, որ հետ կանգնեմ մտքիցս: Նա իր տաքսիով ինձ բերեց տուն»:
Ի դեպ, հայրն այդ ժամանակ իր` անհետ կորչելու վերաբերյալ դիմել էր ոստիկանություն:Տուժողի հայրը ցուցմունք էր տվել, որ աղջկանից գումարի հետ կապված խոսել է ամբաստանյալի հետ, որն ասել է՝ «փողը հետ կբերեմ» եւ անջատել էր հեռախոսը: Մինչեւ հոկտեմբեր ամսվա վերջերը Ռոմանը գումարը չի վերադարձրել: Ամբաստանյալի հորաքույրը ցուցմունք էր տվել, թե իրեն զանգել է տուժողը եւ ասել, թե նրա եղբոր որդին` Ռոմանն անհանգստացնում է իրեն, խնդրում է, որ զգուշացնի, որ այլեւս իրեն չզանգի: Ինքը Ռոմանին զգուշացրել է: Մի օր էլ իրեն զանգել է տուժողի եղբայրը, հայհոյանքներ տվել իր հասցեին:Ամբաստանյալի կինը հայտնել էր, թե իր սկեսուրն իրեն զանգել եւ ասել է, որ Ռոմանը ուրիշի հետ է կապված, իսկ ինքն էլ վերադարձել եւ բաժանվել է, սակայն հիմա միասին են բնակվում: Դատարանի գնահատմամբ, Ռոման Շամոյանի հանցանքը որակվում է որպես սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնել, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 2-րդ մասի 3.1 կետով կատարած հանցանքը որակվել է որպես շորթում, որը կատարվել է խոշոր չափերով, որոնց համար էլ նա պետք է պատասխանատվություն կրի:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ»
08.11.2017