Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի թիվ 27 դպրոցի դատվածություն ունեցող տնօրենը՝ քաղաքապետի կողմից «պահպանվող հուշարձան»

Նոյեմբեր 09,2017 14:30

Այս նամակն ուղղում եմ մինչեւ 2018-ի հունվարի 10-ը դեռեւս գործող, բայց ԿԳՆ ու հարակից կայքերի հղումներից արդեն ջնջված Կրթության տեսչության պետ Արամ Կարապետյանին ու քանի որ Տեսչության մասին ոչ մի տեղեկություն չգտա ոչ մի կայքում, որպեսզի այն ուղարկելու համար հասցեն գտնեմ, ստիպված եմ հրապարակել ու ստորեւ բերված փաստերի վերաբերյալ ստուգող մարմնի կողմից ստանալ գրավոր ու խելամիտ գնահատական ու հանձնարարական:

Հինգերորդ տարին է, որ ես Երեւանի ավագանու անդամ եմ ու այս տարիներին բազմաթիվ դեպքեր են եղել, երբ ազատման դիմում են գրել մի շարք դպրոցների տնօրեններ, որտեղ քաղաքապետարանը հայտնաբերել է տարբեր որակի ու քանակի խախտումներ (օր.՝ թ. 70): Դեպքեր են եղել, երբ Երեւանի քաղաքապետն է ազատել ոմանց, սակայն երկու դեպքում էլ առանց պատճառի մասին հրապարակելու (օր.՝թ.174), չնայած դրանք գաղտնիք չեն մնացել: Ինչո՞ւ են թաքցնում տնօրենի ազատման կամ դիմում գրելու հիմքերը, որովհետեւ նրանցից ոչ մեկի հետ աշխատանքային պայմանագիրը չի կնքվել որպես տվյալ դպրոցում կրթության կազմակերպիչ ու պատասխանատու, այլ՝ հլու-հնազանդ աշխատողի, որին պետք եղած ժամանակ կասեն՝ դիմում գրի կամ կազատեն: Ինչպես ազատման դիմում գրած, այնպես էլ ազատված տնօրենների մասին տարբեր ասեկոսեներ են եղել, որոնք քաղաքապետարանը ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել է: Օրինակ, վերջերս ազատման դիմում է գրել բոլորովին նոր «ընտրված» Երեւանի թ. 66 դպրոցի տնօրենը, ով քաղաքապետարանի կազմակերպական վարչության պետ Արմինե Վարդանյանի աղջիկն էր ու բոլորովին չփայլեց իր կարողություններով, բայց փոխարինեց կայացած մի տնօրենի, ում առաջարկել կամ ստիպել են աշխատանքից ազատվելու դիմում գրել: Եվ քանի որ ոչ մի հրապարակային հիմնավորում չի եղել, թե ինչո՞ւ հանկարծ այդպիսի որոշում կայացվեց այդ տնօրենի նկատմամբ, կարող ենք ենթադրել մեր իրականության մեջ շատ հայտնի երեւույթի մասին, որպեսզի նշանակեն այս պաշտոնյայի ապաշնորհ աղջկան: Հիմա էլ ասում են, թե նա Հայաստանից մշտապես հեռացել է ու նոր մարդ է այնտեղ «ընտրվել»: Իսկական շուկա է, պաշտոնյաների կանանց ու աղջիկների համար աշխատատեղի շուկա, որտեղ ինչպես ուզում են՝ կարող են օրենքն էլ, կարգն էլ շրջանցել՝ հանուն թայֆայի օրենքների ու կրթության հերն էլ անիծած:
Օրինակ, կա Երեւանի թ. 27 Դ. Դեմիրճյանի անվան դպրոցի տնօրեն Սուսաննա Սարգսյանը, ով ինչ էլ անի, նրան չի սպառնում ոչինչ եւ նա շարունակում է, օրենքներն ու իրավական կարգերը աջ ու ձախ շրջանցելով, մնալ իր աթոռին: Հիշեցնեմ, դա այն տնօրենն է, ով դատվել է պետական միջոցները խոշոր չափով յուրացնելու համար, ով ազատելով իսկական մանկավարժներին, իր նոր «կադրերով» փոխարինում է նրանց անարժաններով, որոնք կարող են նույնիսկ չունենալ համապատասխան կրթություն, ով թույլ է տալիս իրավական ընդունված կարգերի բոլոր հնարավոր խախտումները, ընդհուպ ֆինանսական փաստաթուղթը՝ տարիֆիկացիան:

Այսպես, ս.թ. սեպտեմբերի 19-ին տնօրենն իր ստորագրությամբ քաղաքապետարան ներկայացրած տարիֆիկացիայում, որպես մասնագիտական կողմնորոշման աջակցության գծով փոխտնօրեն է ներկայացրել X-ին, ում, ըստ քաղաքապետի տեղակալի 28.09.2017թ. ինձ տրամադրած գրության, սեպտեմբերի 13-ին, փաստորեն, արդեն ազատած է եղել: Նույն գրության համաձայն, տնօրենը սեպտեմբերի 13-ին ՄԿԱ գծով փոխտնօրեն է նշանակել Y-ին, ում ս.թ. հունվարի 10-ին 0.5 դրույքով ՄԿԱ գծով փոխտնօրեն էր նշանակել մինչեւ օգոստոսի 31-ը, բայց որին օգոստոսի 31-ին ազատել է աշխատանքից՝ պահպանելով դաստիարակի 0.5 դրույք հաստիքը եւ ՄԿԱ պաշտոնում նշանակել է X-ին, ում անունն է այսօր տարիֆիկացիայում գրված որպես ՄԿԱ փոխտնօրեն: Անհայտ պատճառներով սեպտեմբերի 13-ին X-ին ազատել ու Y-ին նորից է վերադարձրել ՄԿԱ գծով փոխտնօրենի պաշտոնը, սակայն տարֆիկացիայում նա նշված է որպես դաստիարակ: Այսպիսով, տարիֆիկացիայում որպես դպրոցի ՄԿԱ գծով փոխտնօրեն, համապատասխան աշխատավարձով, գրված է X-ի անունը, բայց սեպտեմբերի 13-ից փաստացի ՄԿԱ գծով փոխտնօրենն է Y-ը, ով տարիֆիկացիայում համապատասխան աշխատավարձով նշված է որպես դաստիարակ: Այս մարդիկ այս տարվա համար աշխատանքային պայմանագիր ունե՞ն, տեսնես ի՞նչ պաշտոն ու որքա՞ն աշխատավարձ է գրված նրանց աշխատանքային պայմանագրերում: Նշեմ, որ 19.09.2017թ. ստորագրված տարիֆիկացիայում X-ի եւ Y-ի նշանակման հրամանների ո՛չ համարները, ո՛չ ժամկետները չեն համապատասխանում փոխքաղաքապետի տրամադրած տեղեկանքում նշվածին: Տարիֆիկացիայում երկուսի նշանակման օրը նույնն է՝ 03.10.2016թ., հրամանը՝ նույն հր.106:

Իսկական գլուխկոտրուկ է, որի մասին, իհարկե, հարցում եմ արել Երեւանի քաղաքապետին: Ի պատասխան՝ ստացել եմ քաղաքապետի օգնականի ստորագրությամբ գրություն, որի մեջ ըստ աշխատակազմի հանրակրթության վարչության կողմից տրված գրության (ուշադրությու՛ն, վարչության կողմից, որի տակ չգիտեմ, թե ո՞վ է ստորագրել, ենթադրում եմ՝ վարչության պետը), գրված է հետեւյալ անդեմ նախադասությունը. «Երեւանի Դ. Դեմիրճյանի անվան հ. 27 հիմնական դպրոց ՊՈԱԿ-ի տնօրենը զգուշացվել է հետայսու դպրոցում աշխատանքները կազմակերպել իրավական նորմերին համապատասխան»: Եվ այս նախադասությունը գրել է մի պետական մարմնի ղեկավար, որը պետք է վերահսկի իր ենթակա ուսումնական հաստատությունների կողմից կրթության մասին օրենսդրության եւ կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից ընդունած նորմատիվ ակտերի կատարումը, կրթական ծրագրերի իրականացումը («Հանրակրթության մասին» ՀՀ օրենք, հոդված 31.2): Այս նախադասությունը փաստում է նաեւ ավագանու անդամի կողմից քաղաքապետարանի աշխատակազմին ուղղված հարցմանը մատների արանքով նայելու ու կիսատ -պռատ պատասխան գրելու ավանդույթը: Հարցում նամակներն ուղղվում են Երեւանի քաղաքապետին, բայց պատասխաններն ինքը չի ստորագրում, որից ակնհայտ երեւում է, որ ինքը կամ տեղյակ չէ դրանից, կամ հանդուրժում է այն փաստը, որ կրթության վարչության պետն այսպիսի անատամ տեքստ գրի ի պատասխան իմ կողմից մատնացույց արված ֆինանսական ապօրինությունների: Եզրակացնեմ, որ քաղաքապետարանի նման հանդուրժող վերաբերմունքը, մեղմ ասած, անցանկալի է ու ընդհանրապես չի բխում մեր երեխաների, ապագա քաղաքացիների կրթության շահերից եւ իրենց լիազորություններից:

Շատ հրատապ հարց. էլ ի՞նչ ապօրինություններ պետք է թույլ տա վերոնշյալ տնօրենը, որպեսզի այդ դպրոցում կրթությունն ազատագրվի, իսկ տնօրենն ազատվի աշխատանքից:

 

ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆ
Երեւան քաղաքի «Ելք» խմբակցության ավագանու անդամ

«Առավոտ»

08.11.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930