Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պուտինի հավակնոտ ծրագրերը Հայաստանի հարեւանների հետ

Նոյեմբեր 09,2017 12:00

Սկիզբը՝ այստեղ

Մոսկվան կոչ է անում է Թեհրանին ու Բաքվին համագործակցել Մոսկվայի հետ

Նոյեմբերի 1-ին Թեհրանում ուշագրավ բանակցություններ տեղի ունեցան թե՛ երկկողմ, թե՛ եռակողմ ձեւաչափով. հանդիպեցին Ռուսաստանի, Իրանի եւ Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Հասան Ռոհանին եւ Իլհամ Ալիեւը։ Երեք երկրների նախագահները եռակողմ ձեւաչափով հանդիպել էին նաեւ 2016թ. ապրիլին Ադրբեջանում։

Թեհրանի գագաթնաժողովի օրակարգում էին քաղաքական, տնտեսական, մշակութային եւ մարդասիրական ասպարեզներում Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Իրանի համագործակցության հրատապ հարցերը, ինչպես նաեւ «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի հետագա զարգացումը, համագործակցությունը տրանսպորտային եւ էներգետիկ ոլորտներում։

Մինչ բանակցությունները Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել էր, որ ապրանքաշրջանառությունն այս «եռանկյունու» շրջանակում աճել է, մասնավորապես Իրանի հետ Ռուսաստանի ապրանքաշրջանառությունն այս տարի աճել է 70 տոկոսով, իսկ Ադրբեջանի հետ՝ 62 տոկոսով։

Արդեն եռակողմ հանդիպմանը հետեւած մամուլի ասուլիսում Պուտինը նախ դրական էր գնահատել գագաթնաժողովի աշխատանքները, ապա մի շարք ուշագրավ հայտարարություններ արել։ Նա, մասնավորապես, ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է գազ մատակարարել Հյուսիսային Իրանին՝ Ադրբեջանի տարածքով։ «Բոլորը գիտեն, որ Ռուսաստանը եւ Ադրբեջանը էներգակիրների խոշոր արտադրողներ են, սակայն սա ամենեւին էլ չի նշանակում, որ մենք պետք է միմյանց հետ մրցակցենք, սա նշանակում է, որ մենք պետք է համակարգենք մեր ջանքերը»,- ասել է Ռուսաստանի նախագահը։

Անդրադարձ է եղել նաեւ էլեկտրաէներգիայի բնագավառում համագործակցությանը։ Այդ մասին նույնիսկ ասված է համատեղ հռչակագրում։ Խոսքը էլեկտրաէներգիայի միասնական եռակողմ համակարգ ստեղծելու ծրագրի մասին է։ Օրակարգային կարեւոր հարցերից էր նաեւ «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային ծրագիրը։ Պուտինն ասուլիսում հայտնել է, որ այն արդեն գործում է փորձնական ռեժիմով։

Պուտինը չի շրջանցել նաեւ Թուրքիայի թեման։ «Մենք մանրակրկիտ քննարկել ենք նաեւ տարածաշրջանային անվտանգության հարցեր, մասնավորապես՝ Իրանի միջուկային ծրագիրն ու իրավիճակը Սիրիայում։ Իրանի հետ մենք բավականին արդյունավետ ենք աշխատում, կարողանում ենք համակարգել մեր քայլերը Սիրիայում։ Մեր երկու երկրների, ինչպես նաեւ Թուրքիայի միասնական քայլերի շնորհիվ ահաբեկչության դեմ պայքարը Սիրիայում բավականին դրական է զարգանում»,- նշել է Պուտինը։

Թեհրանում Ռուսաստանի նախագահը Իրանի եւ Ադրբեջանի նախագահների հետ նաեւ առանձին երկկողմ հանդիպումներ է անցկացրել, ինչպես նաեւ հանդիպել է Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեի հետ, որը Պուտինի հետ հանդիպմանը Ամերիկային մեկուսացնելու կոչ է արել: «Մենք ի վիճակի ենք դիմակայել ամերիկյան պատժամիջոցներին եւ մեկուսացնել Նահանգներին։ Օրինակ՝ կարող ենք հրաժարվել դոլարից երկկողմ եւ բազմակողմ մեր գործարքներում»,- ասել է Խամենեին եւ հավելել, որ Պուտինն «ուժեղ անձնավորություն է»:

Ռուսաստանի, Իրանի եւ Ադրբեջանի նախագահները, ըստ տեղեկությունների, մի շարք հարցերի թվում քննարկել են քաղաքական, տնտեսական, էներգետիկ եւ տրանսպորտային ոլորտներում երեք երկրների միջեւ համագործակցությունը: «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքը Պուտինը բնորոշել է որպես «խոստումնալից նախագիծ»: Այն ենթադրում է Ադրբեջանի, Իրանի եւ Ռուսաստանի երկաթգծերի միացում, ինչի արդյունքում հնարավոր կլինի Իրանի տարածքով Բալթյան երկրների եւ Հնդկաստանի միջեւ ուղիղ տրանսպորտային կապ ապահովել: Նախատեսվում է, որ ծրագրի առաջին փուլում միջանցքով տարեկան կփոխադրվի 5 միլիոն տոննա բեռ, իսկ հետագայում այդ թիվը կարող է հասնել մինչեւ 10 միլիոնի: Մինչ այդ կողմերն արդեն պայմանավորվածություն են ձեռք բերել այդ միջանցքի իրանա-ադրբեջանական «Ռեշտ-Աստարա» հատվածի կառուցման շուրջ, որը նախատեսվում է շահագործման հանձնել արդեն հաջորդ տարի: Այդ հատվածի գործարկումը թույլ կտա Պարսից ծոցը կապել Ռուսաստանի, ինչպես նաեւ Եվրոպայի արեւելյան եւ հյուսիսային երկրների հետ։

Ուշագրավ էր ռուս-ադրբեջանա-իրանական բանակցությունների ավարտին Պուտինի հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանը պատրաստ է գազ մատակարարել Իրանի հյուսիս Ադրբեջանի խողովակատար համակարգի միջոցով. «Ես կցանկանայի ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ չնայած մեր երկրներում այդ ածխաջրածինների մեծ քանակությամբ արտադրությանը՝ մեկս մյուսին հումք մատակարարելու կարիք ունենք՝ հաշվի առնելով ներքին լոգիստիկան: Մենք հաստատում ենք մեր պատրաստակամությունը գազ մատակարարել Իրանի հյուսիս Ադրբեջանի խողովակաշարերով, ինչը մեր գործընկերների համար տնտեսական առումով նպատակահարմար է»,- ընդգծել է Պուտինը։ Նա Թեհրանին, Բաքվին կոչ է արել համագործակցել Մոսկվայի հետ։ «Լավ հայտնի է, որ Ռուսաստանը, Իրանն ու Ադրբեջանը ածխաջրածինների խոշորագույն արտադրողներ են, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է մրցակցենք։ Դա նշանակում է, որ մենք պետք է համակարգենք մեր ջանքերը»։

Բացի այդ, «Գազպրոմը» կարող է մասնակցել Իրան-Հնդկաստան գազամուղի շինարարության աշխատանքներին, այս մասին հայտարարել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը: Գազամուղի երկարությունը, ներառյալ հանքավայրի յուրացումը, կկազմի 1200 կմ:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ինչպես երեւում է, արդյունավետ է համարում Թեհրանի բանակցությունները: Նա իր հերթին շեշտել է, որ Թեհրանում իրանցի եւ ադրբեջանցի պաշտոնակիցների՝ Հասան Ռոհանիի եւ Իլհամ Ալիեւի հետ հանդիպմանը քննարկվել են անվտանգության, իրանական միջուկային ծրագրի եւ սիրիական ճգնաժամի հարցերը: «Մենք մանրամասն գնահատել ենք տարածաշրջանում անվտանգության իրավիճակը, իրանական միջուկային պայմանագրի հետ կապված հարցերը եւ, իհարկե, Սիրիայում տիրող իրավիճակը: Կցանկանայի նշել, որ Իրանի հետ աշխատում ենք բավականին արդյունավետ: Մեզ հաջողվում է համաձայնեցնել Սիրիայի հարցով մեր դիրքորոշումները»,- ասել է Պուտինը՝ հավելելով. «Շնորհիվ մեր համատեղ ջանքերի, ինչպես նաեւ Թուրքիայի ներդրած ջանքերի, ինչպես գիտեք, շատ դրական կերպով զարգանում է իրադրությունը ահաբեկչության դեմ պայքարի բուն տարածքում»:

Եռակողմ բանակցություններից բացի, ուշագրավ էր Թեհրանում կայացած եւս մեկ երկկողմ հանդիպում: Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավարը եւ նրա ռուս գործընկերը կարեւորել են Սիրիայի Դիմադրության շարժմանն աջակցելու եւ ահաբեկչության դեմ պայքարի հարցերը: Վալերի Գերասիմովը եւ Մոհամմադ Բաքերին քննարկել են Իրանի եւ Ռուսաստանի պաշտպանական դիվանագիտությանը եւ ահաբեկչության հակազդմանն առնչվող հարցեր: Մատնանշելով երկու երկրների զինված ուժերի միջեւ վերջին երկու տարում լավ գործակցային հարաբերությունները՝ Բաքերին իր դրվատանքն է հայտնել Ռուսաստանում բանակային միջազգային զորախաղերի անցկացմանը եւ դրանց մասնակցելու Իրանին հրավիրելու իրողությանը, քանի որ այդ զորախաղերը կբերեն երկու երկրների միջեւ գործակցային հարաբերությունների ընդլայնման: Իրանցի բարձրաստիճան զինվորականը հույս է հայտնել, որ առաջիկայում առիթ կունենան հանդիպելու Մոսկվայում: Գերասիմովը գոհունակություն է հայտնել երկու երկրների միջեւ պաշտպանական եւ ռազմական ոլորտներում գործակցության ներկա մակարդակի առնչությամբ: Երկու բարձրաստիճան պաշտոնյաները նաեւ մտքեր են փոխանակել տարբեր ոլորտներում ահաբեկչության հակազդման եւ տարածաշրջանում արտասահմանյան միջամտության համատեղ կանխարգելման հարցերի շուրջ: Կարեւորվել են նաեւ պաշտպանական ոլորտում գործակցության խորացման, անվտանգության, արդյունաբերության, հետազոտությունների եւ կրթության հարցերը:

Այսպես, Ռուսաստան-Իրան-Ադրբեջան ձեւաչափով հաջորդ գագաթնաժողովը կանցկացվի Ռուսաստանում 2018-ին: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի եւ Ադրբեջանի նախագահներին 2018թ. հրավիրել է Ռուսաստան։ Բացի այդ, արդեն իսկ հայտնի է, որ դեկտեմբերի վերջին Բաքվում տեղի կունենա Ադրբեջանի, Թուրքիայի եւ Իրանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը, այս տեղեկությունը հայտնել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը՝ նշելով, որ հանդիպմանը «կքննարկվեն տարածաշրջանային եւ միջազգային համագործակցության հարցեր»:

Սկիզբը՝ այստեղ

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 08.11.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Ասել է թե ռուսական երկաթուղին էլ բրիտանական նավերի պես Հայաստանի լեռները չեն կարողանա բարձրանալ:Իսկ հարթավայրերը՝Նախիջեվանը,Կովսականը ժամանակին հանձնվել էր Ադրբեջանին,որպեսզի նրանց տարածքներով երթևեկենք:Յոլդաշ Լենինը ժամանակին մեր գլխին այնպիսի խաղ է խաղացել,որ հարյուր տարի հետո էլ նրա վնասները կրում ենք:Այնպիսի տպավորություն է,որ 1920 թվականն է և Պուտինը նույն խաղն է նախապատրաստում մեր գլխին,իսկ Էրդողանն էլ Աթաթուրքի քաղաքականությունն է բանեցնում՝Մոսկվայի միջնորդությամբ,կամ լռությամբ,քրդերի և հայերի հետ հարցերը կլուծի և կթռնի ԱՄՆ-ի գիրկը…;Իսկ մենք իրար ,,գզում,,ենք….ինչպես 1920-ին…

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930