Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընտանիքս իմ ձեռքով քանդեցի, որ ուրիշներինը չքանդվի»

Նոյեմբեր 09,2017 14:00

Մի փոխնակ մոր պատմություն

Մեզնից շատերն ամեն օր դժգոհում են, որ իրենց կյանքում ինչ-որ բան պակասում է, կամ խանութում վերջացել է հավանած զգեստի իրենց չափսը, մինչ այդ կյանքի հակառակ կողմում մարդիկ կռիվ են տալիս ճակատագրի հետ ու փորձում ապրել: Այս պատմության հերոսը ավելի ծանր խնդրի առաջ է կանգնել: Նա փոխնակ մայր է: Անունն էլ հասկանալի պատճառով փոխված է:

«Կյանքումս ամեն ինչ հիասքանչ էր։ Ունեի ընտանիք, ընկեր՝ ում հետ մի քանի ամսից պատրաստվում էի ամուսնանալ, ընկերուհիներ, ուսում, մի խոսքով այն ամենը, ինչ պետք է այս կյանքում ցանկացած աղջկա՝ լիարժեք ապրելու համար։

Երիտասարդ էի, արյունս մեջս եռում էր, ու ինձ թվում էր, որ ես ամեն ինչ ճիշտ եմ անում։ Մայրս միշտ ասում էր, որ ոչ ոքի չվստահեմ, չէ՞ որ այս կյանքում նույնիսկ սեփական շունչդ է քեզ դավաճանում։ Սիրածս տղայի հանդեպ ունեցած սերը կուրացրել էր ինձ, եւ բացի նրանից, ոչ ոքի չէի տեսնում շրջապատում։ Բայց արի ու տես, որ ամենամեծ հարվածը, որին չէի սպասում, ստացա հենց իրենից։ Վերջին շրջանում նա շատ տարօրինակ էր պահում իրեն։ Անընդհատ հիշեցնում էր, որ շուտով ամուսնանալու ենք ու մեզ ոչինչ չի խանգարում, որ անենք այն, ինչ ուզում ենք։ Այս խոսքերն ինձ համար շատ տարօրինակ էին թվում, բայց ի վերջո հասկացա, որ նա ուզում է քնել ինձ հետ։ Ես գժի պես սիրում էի նրան ու հենց այդ սիրո հետեւանքը եղավ իմ այսօրվա միայնությունը։ Ես տրվեցի նրան, նա ստացավ այն, ինչ ուզում էր ու թողեց ինձ. թողեց խայտառակ կերպով, իսկ մի քանի ամիս անց իմանալով, որ նա ինձ հետ շփվել է գրազի համար՝ վերջնականապես կորցրի ապրելու ցանկությունս։ Այս ամենը քիչ էր, հայրս ու մայրս ինձ տնից դուրս արեցին` ասելով, որ ես գետնով եմ տվել մեր ընտանիքի պատիվը։ Սա ինձ համար չափից շատ էր։ Մի քանի անգամ փորձել եմ ինքնասպան լինել, սակայն չեմ համարձակվել»,-պատմում է Սաթիկը։

«Էսպես մի քանի ամիս անիմաստ ապրում էի։ Մի օր փողոցում հանդիպեցի դասընկերուհուս։ Երկար զրուցեցինք, վաղուց ոչ ոքի հետ չէի խոսել: Ես մտածում էի, որ ինձնից վատ վիճակում ոչ ոք չի լինում, սակայն ընկերուհիս միաժամանակ ուներ ամեն ինչ եւ ոչինչ։ Արդեն 5 տարի էր, ինչ առողջական խնդիրների պատճառով չէր կարողանում երեխա ունենալ, իսկ դրանից տուժում էին ոչ միայն ամուսնու հետ հարաբերությունները։ Իմացա, որ արդեն հույսները կտրած փնտրում են փոխնակ մայր։ Ընկերուհուս հետ հանդիպումը կյանքումս շատ բան փոխեց։ Մի քանի գիշեր մտքերս ինձ հանգիստ չէին տալիս ու չէի կարողանում քնել։ Վերջապես որոշումս կայացրի…

Սկզբում վախենում էի ընկերուհուս արձագանքից, բայց հասկացա, որ ներկա պահին դա իմ կյանքի ամենաճիշտ որոշումը կլիներ։ Զանգ տվի ընկերուհուս եւ պայմանավորվեցինք միանգամից հանդիպել հիվանդանոցում։ Չձանձրացնելու համար միանգամից ասեմ՝ ես դարձա նրանց երեխայի փոխնակ մայրը։ Փառք Աստծո, առանց բարդությունների լույս աշխարհ եկավ նրանց փոքրիկը։

Աննկարագրելի ապրումներ ու զգացողություններ ունեցա թե ծննդաբերության շրջանում, թե ծննդաբերությունից հետո, բայց հասկանում էի արածս քայլի կարեւորությունը՝ ընկերուհուս ընտանիքի համար։ Ծնողներս իմացան, որ ես փոխնակ մայր եմ դարձել, սակայն ոչ մի արձագանք չտվեցին. ես վաղուց նրանց համար չկայի։ Հասկանալով, որ ես այլեւս չէի կարող ապրել նախկին կյանքով, որոշեցի օգնել այնպիսի ընտանիքների, որոնք իրոք ունեն դրա կարիքը։ Շուտով կլրանա իմ ծննդյան 27- ամյակը։ Արդեն 8 տարի է, ինչ ես ապրում եմ մենակ։ Ունեմ բնակարան եւ ամսական փոքրիկ գումարներ եմ ստանում այն ընտանիքներից, որոնց ես օգնել եմ։ Իհարկե, ինչպես ցանկացած աղջիկ, ես նույնպես կուզենայի ունենալ իմ ընտանիքը՝ սիրած ամուսին եւ սեփական երեխաներ, սակայն չեմ ցանկանա երբեք եւ ոչ մի աղջկա նման ճակատագիր։ Ես վատ չեմ զգում իմ կատարած աշխատանքի համար։ Ես կորցրել եմ ընտանիքս եւ չեմ ուզում, որ ուրիշները զգան, թե ինչ մեծ ցավ է ընտանիք կորցնելը»,-պատմեց շատերին օգնած եւ սեփական ճակատագիրն ավերած կինը։

 

ԱԴՐԻՆԵ ՆԻԴԵԼՅԱՆ

«Առավոտ»

08.11.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930