Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Սահմանամերձ Մարտիրոսում բազմազավակ ընտանիքին քնելու տեղ տալու դիմաց գյուղապետն իր անասունները ձրի պահել է տվել. (Ֆոտոշարք)

Նոյեմբեր 08,2017 22:40

Պողոսյանների բազմազավակ ընտանիքն ապրում է սահմանամերձ Մարտիրոս գյուղում՝ ճամփեզրին լքված մի նախկին խանութի մեջ: Ընտանիքում 5 երեխա են, 2 թոռ, ամենափոքրը՝ Էրիկը՝ 10 օրական:

Երեխաների համար անհասկանալի է՝ ինչո՞ւ է իրենց «տան» վրա գրված «Продукты», երբ ներսում շատ անգամ ուտելու «պռոդուկտ» չկա: Տան մեծերը գիտեն, որ այդ լքված խանութն իրենց համար ծառայում է եւ որպես տուն, եւ որպես ավտոտնակ, սենյակի մի անկյունում ավտոպահեստամասեր են, հին ակերի կողքին՝ նորածնի լոգարանը, մի պատի տակ՝ «խոհանոցային» հատվածը, իսկ ննջարան դարձած հատվածներին ավելի լավ է չանդրադառնանք:

Մեր հարցին՝ ո՞նց եք ապրում այս պայմաններում՝ տանտիկինը՝ Գոհարը քմծիծաղ տվեց. «Շատ դժվար, որ ասեմ՝ կհավատա՞ս: Էս պայմաններում ո՞նց պիտի ապրենք: Մի սենյակի մեջ վառարանը դրած, սաղս հավաքված իրար գլխի, ո՞նց պիտի լինի»:

Ընտանիքի անդամները վստահեցնում էին՝ որպես բազմազավակ ոչ մի արտոնություն, ոչ մի բան մենք չենք տեսել: Գոհարի խոսքով՝ «Գյուղում տենց ընտանիք չկա, որ մեր չափ երեխա ունենա, ամենաշատը իմն է՝ 5 երեխա ու մեջը բան չկա: Երկու հատ կով ենք պահում, դրանով մի կերպ ապրում ենք: Տղաս պայմանագրային զինծառայող է, աշխատում է, 100 հազար աշխատավարձ է ստանում»:

Ուշագրավ է, որ Մարտիրոսի նախկին գյուղապետերից մեկը՝ Նիկոլայ Պողոսյանը, այս բազմազավակ ընտանիքին լքված խանութում քնելու տեղ տալու դիմաց պահանջել է, որ Գոհարի ամուսինը իր անասունները ձրի պահի. «Գյուղի անասունները պահում էր, գումարը չէր տալիս՝ 15-20 հազար դրամ: Հետո նա գնաց Ռուսաստան ու էլ չեն ուզել վարձ, նոր գյուղապետը լավ է, չի ուզում: Մենք մութ տեղն ենք մնացել, ոչ լույս կար, ոչ մի բան, երբ տեղափոխվեցինք խանութ, հետո են լույսերը քաշել»,- պատմեց Գոհարը:

Թե Գյումրիում աղետից տուժածները անհամբեր սպասում են՝ երբ կազատվեն իրենց դոմիկներից, Մարտիրոս գյուղում այս ընտանիքը երազանքով սպասում է դոմիկների. «Ասել են, որ դոմիկներ պիտի բերեն, հույս էլ չունենք, սպասում ենք: Մենք միայն լսում ենք, որ սահմանամերձ գյուղի բնակիչների համար շատ արտոնություններ կան, մենք էլ բազմազավակ ընտանիք ենք, բայց ոչ մի արտոնություն դեռ մենք տեսած չկանք:

Նա ասաց, որ գյուղապետն էլ ոչ մի հարցով չի օգնել. «Շատ ենք դիմել»:

Ընտանիքի անդամներն ասացին, որ իրենք ապագա չեն տեսնում. «Տեղական կառավարումը ո՞րն է, մենք մինչեւ պարոն նախագահին էլ դիմել ենք…Թվում է թե տղաս աշխատում է, նպաստ ենք ստանում, հազիվ ծայրը ծայրին հասցնում ենք: Ուրախացանք, ասինք՝ լավ ա, գոնե դոմիկները կտան, էն էլ՝ դա էլ մեզ չի հասնում»:

Երեխաներից մեկը՝ 3-րդ դասարանում սովորող Օլինեն մինչեւ 5 տարեկանը վարժ խոսել է, մայրը պատմեց, որ «դրսում շնից վախեցավ, հիմա չի կարողանում խոսել: Գումար չունենք՝ տանենք լոգոպեդի մոտ»:

Ընտանիքը դժգոհ էր տիրող անտարբերությունից:

Մեր հարցին՝ ընտրությունների ժամանա՞կ էլ ղեկավարներից չեն գալիս՝ տիկին Գոհարը պատասխանեց. «Չէ հա, նայած ում մոտ են գալիս, ով ծանոթ ունի՝ գալիս են, մեզ ո՞վ կհիշի: Հովիկ Աբրահամյանը այն ժամանակ վարչապետ էր, խոստացավ, որ հարցը կլուծի, կօգնի, ասեց՝ նամակ գրեք, նամակ գրեցինք, արդյունքը՝ ոչ մի բան: Սերժ Սարգսյանին նամակ գրեցինք, մի շաբաթ հետո պատասխանը ստացանք, որ հնարավորության դեպքում ձեզ կօգնենք, դեռ այս քանի տարի է՝ այդ հնարավորությունը չի ստեղծվել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930