Հայաստանի ազգային գրադարանում օրերս տեղի ունեցավ Տարոն Գլակի «Գետի ափին» գրքի շնորհանդեսը։ Հեղինակը նշեց, որ երբեք բանաստեղծի ձև ու կեցվածք չի ընդունել, մտել է այս ասպարեզ իբրև ջահել, պարզ տղա, իբրև երկրի զավակ։ Ստեղծագործել է կյանքի ամեն վայրկյանը ապրելով։
Ներկաների թվում էր գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Սամվել Մուրադյանը: Նրա խոսքերով. «Տարոն Գլակն առանձնանում է այս սերնդի բանաստեղծներից։ Ես գնահատում եմ նրա անկեղծությունը։ Իսկապես գիրքը շատ տպավորիչ է և ես այն շատ եմ հավանել»։
Մեզ հետ զրույցում հեղինակը ասաց. «Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, որոնք աշխատեցին ինձ հետ և օգնեցին ինձ։ Շնորհակալ եմ իմ ընտանիքի անդամներին, որ միշտ իմ կողքին են։ Պապիկս ինձ տվել է ներդաշնակության ու բարության դասեր, տատիկս իր կյանքով ապացուցել է, թե ինչ է հոգատարությունը, անմնացորդ սիրով է նվիրվել բոլորիս, և հայրս, ով այս ամենի հետ մեկտեղ, երբեք գլուխս չի շոյել, չի ասել ինչ լավ ես գրում։ Հենց դա էլ ինձ ստիպել է շատ ու շատ աշխատել և ստեղծագործել, որպեսզի գոհացնեմ բոլորին։ Թող չթվա, թե ես տառապում եմ մեծամտությամբ, ընդհակառակը, ես շատ անելիքներ ունեմ, հասկանում և ընդունում եմ իմ սխալներն ու թերությունները։ Կփորձեմ հաջորդ գրքերում ուղղել դրանք»։
Վարսիկ ՍԱՀՐԱԴՅԱՆ