ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատրաստվում են մինչև տարեվերջ հանդիպում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև: Այս մասին ԱՊԱ-ի թղթակցին հայտնել են Ռուսաստանի ԱԳՆ-ից:
«Հաշվի առնելով հոկտեմբերի 16-ին Ժնևում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ տեղի ունեցած գագաթաժողովի արդյունքները՝ համանախագահները ծրագրում են մինչև տարեվերջ կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ հանդիպում: Իսկ մինչ այդ հանդիպումը համանախագահները խորհրդակցություններ կանցկացնեն Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ առանձին-առանձին: Այս պահին Ռուսաստանի համանախագահը ԱՄՆ-ի և Ֆրանսիայի իր գործընկերների հետ աշխատանքներ է տանում խորհրդակցությունների վայրը և ժամկետները հստակեցնելու շուրջ»,- գրում է ԱՊԱ-ն:
Ավելի վաղ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտնել էր, որ նոյեմբերի 16-ին Մոսկվայում պատրաստվում է հանդիպել ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահին:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ