Կատալոնիայում համընդհանուր գործադուլ է սկսվել, որի մասնակիցները փակում են ճանապարհները, երկաթուղիները՝ ի աջակցություն Կատալոնիայի կառավարության՝ իշխանությունից հեռացված ղեկավար Կարլես Պուչդեմոնի: Այս մասին հաղորդում է svoboda.org-ը:
Ժիրոնայում ցուցարարները ներխուժել են կայարան և դադարեցրել արագընթաց գնացքների երթևեկությունը: Բարսելոնի շրջանում փակվել են տասնյակ ճանապարհներ: Դադարեցվել է երթևեկությունը նաև Ֆրանսիա տանող գլխավոր մայրուղու վրա:
Հիշեցնենք, Կատալոնիայում անկախության հանրաքվեից հետո Իսպանիայի իշխանությունները տարածաշրջանը զրկել են ինքնավարությունից և այնտեղ մտցրել ուղղակի կառավարում: Բացի այդ, տարածաշրջանային կառավարության և խորհրդարանի գործունեությունը դադարեցվել են, դեկտեմբերի վերջին նշանակված են արտահերթ ընտրություններ:
Իսպանիայի ազգային բարձրագույն դատարանը Կատալոնիայի նախկին վարչապետ Կարլես Պուչդեմոնի և նրա 4 համախոհների ձերբակալության միջազգային օրդեր է տվել: Մադրիդը հայց է ուղարկել Բելգիայի դատախազություն՝ կատալոնացի քաղաքական գործիչներին ձերբակալելու խնդրանքով: Բելգիայի դատարանը Պուչդեմոնի արտահանձնման հարցը կքննի նոյեմբերի 17-ին:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ