Ռեժիսոր Դավիթ Մաթեւոսյանի` ՀՀ կինեմատոգրաֆիայի մասին օրենքի նախագծի վերաբերյալ մտահոգությունները չեն փարատվել: Aravot.am-ը Դավիթ Մաթեւոսյանից մասնավորապես հետաքրքրվեց` արդյոք հաշվի՞ են առնվել հնչած առաջարկները` նախագիծը բարեփոխելու ճանապարհին:
«Ձեռքս զարկերակի վրա պահելու փորձեր եմ անում, առավել եւս, որ քիչ թե շատ մասնակից եմ կինոպրոցեսներին: Նախօրեին էլ կինոռեժիսորի գիլդիա ստեղծեցինք: Ընդհանուր առմամբ, պրոֆեսիոնալ համքարությունների ուրվագծերն ենք նախանշում Կինեմատոգրաֆիստների միության համատեղող ջանքերով, եւ այդ ամեն ինչը դրական է: Դրան զուգահեռ ընթանում է նաեւ կինոօրենքի ձեւավորման պրոցեսը, եւ այ այստեղ է, որ ես անհանգստություններ ունեմ»,-ասաց ռեժիսորը: Նրա ձեւակերպմամբ, հայտարարագրված կերպով բոլորն ուզում են Կինոյի մասին օրենք ունենալ, ուզում են, որ այն վերջապես լուծի տարիներով կուտակված հարցադրումները, կասեցնի իրավիճակի քայքայումը, սակայն այդ ամենը, իր ընկալմամբ, միայն արտաքուստ է: «Փոփոխությունների կողմնակիցների կողքին դաշտում հայտնվել են մարդիկ, որոնք երբեք չէին ուզենա այդ կարգի փոփոխություններ, որովհետեւ դրանք որոշակիորեն բարդություններ են ստեղծում մրցակցության, կինոարտադրությունում այս կամ այն մարդու անխոչընդոտ աշխատանքի առումով…Հունվարից օրենքը պետք է ուժի մեջ մտնի, ու փաստորեն մինչեւ հունվար ունենք մոտ 40 օր ժամանակ, լիքը փոփոխություններ են առաջարկվել, սակայն երբ բանը հասնում է նոր փոփոխությունները բացեիբաց սպիտակի վրա սեւով ունենալուն, սայլը տեղից չի շարժվում… Ես մինչեւ այսօր լինելով ոչ այդքան ակտիվ, բայց բավականին ներգրաված նախաձեռնողներից մեկը, այդ փոփոխությունները չեմ տեսել: Կարծում եմ, որ մեզանից ոչ մեկը չի տեսել»,-փաստում է մեր զրուցակիցը:
Դավիթ Մաթեւոսյանն ափսոսում է, որ շատ հաճախ զբաղված են երրորդական կարգի քննարկումներով, իսկ ազգային կինո հասկացությունը, չգիտես ինչու, «դուր չի գալիս» ոմանց ու անընդհատ վիճարկվում է: Կինոռեժիսորի խոսքերով, ազգային կինո հասկացությունը շատ կարեւոր է որպես ձեւակերպում, քանի որ նաեւ դրանով է պայմանավորված նկարահանվող ֆիլմի ֆինանսավորումը: Ընդ որում, Դավիթ Մաթեւոսյանի խոսքերով, դա միջազգայնորեն ընդունված տերմին է, իսկ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո վաղուց ի վեր փոխարինել է կիրառվող պետականին: «Հիմա տարօրինակ քննարկում ունենք, երբ այդ ազգային բառը շրջանառվում է, փոփոխություններ են առաջարկվում, եւ երբ այդ բառը հասնում է որոշակի հանգրվանների, վերադարձվում է` պատճառաբանվում է, թե իբր ազգային կինոն դա հայերենի, Հայաստանի, Հայաստանի մշակութային արժեքներին վերաբերող ֆիլմն է: Նույն տրամաբանությամբ Հայաստանի ազգային գրադարանը, Մատենադարանը, լինելով ազգային ձեւակերպում ունեցող հաստատություններ, պետք է բացարձակապես ազգային գիտությա՞մբ զբաղվեին»,-տարակուսանք է հայտնում ռեժիսորը: Նաեւ երկրորդ դրվագն է մեջբերում. «Երբ այսպես ասած, պետական, ազգային բյուջեից ֆինանսավորումը կինոյում միջազգայնորեն ընդունված չափորոշիչներով ամրագրվում է, իսկ կինոարտադրության մեջ առկա են լիամետրաժ կինո, կարճամետրաժ կինո, դեբյուտներ, ուսանողական ֆիլմեր եւ այլն, բաշխումը որոշակիորեն հնարավորություն է տալիս աշխատել` հստակ իմանալով, որ ռիսկի գործոնը բացառվում է: Այսինքն, այդպիսով հաջորդ տարի ուղղորդումը այլ տեղ ինչ-որ մեկի «բարի կամքով» տեղի չի ունենա, որովհետեւ բաշխումն արդեն կատարված է»:
Մեր դիտարկմանը, փաստորեն, մտավախություն ունի՞, որ կինոյի գումարները նորից կգնան կեղծ կինոէլիտային եւ կինոյի մակաբույծներին, Դավիթ Մաթեւոսյանը պատասխանում է. «Ակնհայտորեն գալիս ենք այն բանին, որ կինոռեֆորմների ջատագովների կողքին հայտնվել են որոշակի ուժեր, որոնք բացեիբաց ձայն են բարձրացնում հօգուտ կինոօրենքի ընդունման, սակայն պարբերաբար հրապարակ է իջեցվում կինոօրենքի իրենց տեսլականը եւ տարբերակը, որը որպես իրավաբանական փաստաթուղթ այդ կինոօրենքը զրոյացնում է: Ու եթե այսպես շարունակվի, մենք միարժեքորեն կարող ենք ունենալ բացարձակ անկիրառելի, հերթական մի օրենք, որը երբ պետք լինի, որոշ կետեր կվկայակոչվեն, եթե պետք չլինի` կասվի, որ օրենքը չի սահմանել այսինչ բանը, ըստ այդմ` օրենքի սահմանած կամ չսահմանած տիրույթում հնարավոր է այս կամ այն կերպ գործել»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Այլ հարցերի մասին՝ հաջորդիվ:
«Փոփոխությունների կողմնակիցների կողքին դաշտում հայտնվել են մարդիկ, որոնք երբեք չէին ուզենա այդ կարգի փոփոխություններ, որովհետեւ դրանք որոշակիորեն բարդություններ են ստեղծում մրցակցության… » :
Միանգամյան կողմ եմ Դավիթի մտքերին և կոչ եմ անում օրենքի նախագծի պատվիրատուներին և այդ աշխատանքների կատարման հսկողությունը սահմանողներին.
– Դադարեցնել արդեն էլեկտրոնային հաղորդակցության միջոցով քննարկումներրը և հնարավորինս կարճ ժամկետում կազմակերպել հանդիպում կինոգործիչների հետ (առավելագույնը 15 մարդ՝ տարբեր մասնագիտությունների):
– Հանդիպման ժամանակ ծանոթացնել մինչ այժմ ներկայացված բոլոր նկատառումները և առաջարկությունները՝ տալով հնարավորություն բանավեճերի օգնությամբ ընտրելու ներկայացված լավագույն առաջարկությունները:
Հ.Գ. Ուզում եմ նաև հիշեցնել ՛՛մարտնչող՛՛ որոշ շրջանակներին,որ որքան էլ փորձեք հետայսու էլ ՛՛պղտոր պահեք այս ջուրը՛՛ ՝ միևնույն է բոլորի արված գործերի արդյունքը … էկրանն :