Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք ձեր ոլորտները թողած եկել եք, գիտությո՞ւնն եք վարի տալիս». Արեն Մանուկյան

Նոյեմբեր 08,2017 17:16

Հանուն գիտության զարգացման 2004 թվականի նախաձեռնության անդամ Արեն Մանուկյանի կարծիքով՝ իշխանությունների բերած նախագծի դեմն առնելու տարբերակը դասադուլն է՝ փողոցային պայքարը:

«Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը նա զգուշացրեց, որ եթե խնդրին լուծում չտրվի և իշխանությունները նման ձևով իրենց պահեն, շատ ավելի լայն մասսաներ են ներգրավվելու պայքարին: Նա հավաստիացրեց, որ դահլիճային քննարկումներն ավելի լեգիտիմացնում են իշխանությունների բերած տարբերակները:

Հարցին՝ ճի՞շտ էր դասադուլի մասնակիցների՝ ՊՆ նախարարի հետ հանդիպումից հրաժարվելը, Արեն Մանուկյանը պատասխանեց. «Հանդիպումը նախատեսված չէր հենց բողոքող ուսանողների հետ: Հիմնականում ուսանողական խորհուրդների հետ էր: Այդ ձևաչափով ճիշտ են արել, որ չեն մասնակցել հանդիպմանը: Եթե ՊՆ նախարարը փորձում էր իսկապես բանավիճել, այլ ոչ թե հանրային քննարկման իմիտացիա անել, այդպես չպետք է վարվեր: Բոլորս էլ գիտենք, որ ուսխորհուրդներն ուսանողությանը չեն ներկայացնում և, բնականաբար, չէին գնալու ՊՆ-ին ասելու, որ դեմ են: ՀՀԿ-ացված իրենց երիտթևերն են, որ ինչպես ասեն, իրենց նախարարները, այնպես էլ գլուխները կախ անելու են»:

Արեն Մանուկյանը նկատեց, որ ինչպես 2008-ին, այնպես էլ հիմա, իշխանությունները սխալ են վարվում. «2008-ին էլ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն անընդհատ ցույց էին տալիս տեսախցիկների առաջ, որ հանրային քննարկում կա, ուսխորհուրդների հետ էին հանդիպում: Նույնը կրկնում է Վիգեն Սարգսյանն իր թիմի հետ: Դա ինձ ավելի է ուրախացնում, քանի որ ավելի է մեծացնում ուսանողների հաղթանակի շանսերը»:

Ըստ Արեն Մանուկյանի՝ իրավիճակ չի փոխվել, հիմա սկզբնակետն է սխալ. «Այս օրենքը որևէ դրական բան չի բերում բանակին, բանակի խնդիր չի լուծում ոչ թվային, ոչ որակական առումով: Տարվա կտրվածքով հարյուր հոգի պիտի ավելանա բանակում, որից գիտությունն է միայն տուժելու: Մինչդեռ գիտության բնագավառում հարյուր հոգին շատ ավելի լուրջ օգուտ կարող էր բերել տնտեսությանը»:

Կրթական քաղաքացիական նախաձեռնության անդամ, կրթության փորձագետ Միշա Թադևոսյանը, որը հինգ տարի շարունակ օգտվում է տարկետման իրավունքից, նշեց, որ նախագծի իրականացման արդյունքում կգրանցվի երիտասարդների մոտ մոտիվացիայի անկում, կրթության նկատմամբ հետաքրքրության նվազեցում. «Պետությունը, որդեգրելով այս քաղաքականությունը, լուրջ մարտահրավեր է նետում կրթությանը: Սա նախաձեռնություն է, որը սոցիալական արդարության կարգախոսի ներքո տանելու է սոցիալական բևեռացման: Մի շարք մասնագիտությունների գծով մենք չենք ունենա արական սեռի ներկայացուցիչներ: Մենք ուսանողին պետք է տանք հնարավորություն ընտրելու իր սեփական ուղին, ինչից այս օրենքի ընդունմամբ նրան զրկում ենք»:

Արեն Մանուկյանն էլ նորմալ համարեց այն, որ տարկետման միջոցով 10-20 հոգի խուսափեն բանակից. «Կարող է լինել մարդ, որ որոշի զբաղվել գիտությամբ, մի քանիսն էլ կարող է բանակից խուսափելու համար գնան այդ քայլին: Նորմալ է. թող տասը-քսան հոգի էլ դրա համար գնա»: Բայց վերացնել ամբողջ համակարգը, և սրանից հետո չլինեն ասպիրանտներ, միայն նրա համար, որ լուծվի մի քանի հոգու՝ բանակից խուսափելու հարցը, դա լուրջ չէ: Եթե դա իրենց բերած փաստարկն է, ուրեմն իրենք ճիշտ տեղում չեն: Դուք ձեր ոլորտները թողած եկել եք գիտությո՞ւնն եք վարի տալիս, քանի որ չեք կարողանում նորմալ ղեկավարել: ԿԳ նախարարը չկա՞ այդ կոռուպցիոն ծրագրերում կամ ՊՆ նախարարը տեղյա՞կ չէ՝ ինչ գումարներով են ազատվում բանակից»:

Արեն Մանուկյանը եզրափակեց՝ այս օրինագծով որևէ կերպ անվտանգության խնդիր չենք լուծում, հակառակը, ավելի են թուլացնում և՛ մեր անվտանգությունը, և՛ կրթությունն ու գիտությունը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930