ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և մի խումբ անձանց կողմից կալանավորի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործը:
Այսպես, քրեական գործի նյութերի համաձայն, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում պահվող կալանավորված անձանցից մեկը նույն ՔԿՀ-ի օպերատիվ բաժնում բացատրություն է տվել, որ 14.10.2017թ.-ին հիվանդասենյակներից մեկում ծեծի է ենթարկվել երեք դատապարտյալների կողմից: Դրանից անմիջապես հետո ներկայացել է ՔԿՀ-ի հերթապահ մաս և կատարվածի մասին հայտնել հիմնարկի պատասխանատու հերթապահին ու նրա օգնականին, սակայն վերջիններս որևէ գործողություն չեն ձեռնարկել օրենսդրությամբ սահմանված կարգով դեպքին ընթացք տալու ուղղությամբ:
Դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն` կալանավորի մարմնական վնասվածքները հասցվել են բութ, կոշտ առարկաներով:
Վերը նշված ենթադրյալ հանցագործությունների, այդ թվում` «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի և 119-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի հատկանիշներով:
Հաշվի առնելով, որ քրեական գործի նյութերում առկա են պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից կատարված առերևույթ հանցագործության հատկանիշներ, նշված քրեական գործը քննչական ենթակայության կարգով ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ` հետագա նախաքննությունը կատարելու համար:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ հատուկ քննչական ծառայություն