Լրահոս
Օրվա լրահոսը

Հրայր Թովմասյանը գտնում է, որ դատավորները որոշ ձեւական բաների վրա աննպատակ իրենց ժամանակը ծախսում են

Նոյեմբեր 08,2017 16:41

Կառավարությունը ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել «Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու» նախագիծը:

Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանն այսօր նախագիծը ներկայացնելիս ասաց, որ Վարչական վերաքննիչ դատարաններում գործերի գերծանրաբեռնվածություն կա. «Այսօր բողոք ներկայացնելու դեպքում դատարանը նիստ նշանակում է արդեն 2019-ի աշնանը, այսինքն՝ մոտ երկու տարի հետո: Վարչական դատարաններում շատ գործեր են քննվել, ավելացել են բողոքարկումները, դատավորների թիվը անփոփոխ մնաց՝ 6: Առաջարկվում է, որ հաշվի առնելով նաեւ պետության ֆինանսական ռեսուրսները, Վարչական դատարանների դատավորների թիվը կրճատել 3-ով, այսինքն՝ 26-ը դարձնել 23, դրա փոխարեն Վարչական վերաքննիչ դատավորների թիվը ավելացնել 3-ով: Այն գործերը, որոնք արդեն նշանակվել է Վարչական վերաքննիչ դատարանի կողմից, կարող են գործերը վերաբաշխվել եւ ավելի շուտ կքննվեն»:

Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ միջազգային չափանիշներով մեր բնակչության թվի հաշվարկով դատավորների թիվը շատ քիչ է:

Երկրորդ փոփոխությունը, որն առաջարկվում է անել, հետեւյալն է. Վարչական դատարանի դատավորների թվի նվազեցումը կարող է ծանրաբեռնվածություն առաջացնել այդ դատարանում, ուստի առաջարկում են անբողոքարկելի վարչական ակտերով նախատեսված գումարի չափը՝ 200 հազար դրամը, որից ավելիի դեպքում արդեն վարչական մարմինը դատական հայց պետք է ներկայացնի, այդ գումարը բարձրացնել, դարձնել 500 հազար դրամ: 500 հազարից ավելիի դեպքում պարտավորեցնել բռնագանձել: Ըստ ուսումնասիրության, այդ 200 հազարից 500 հազարի շեմով պայմանավորված գործերի թիվը մոտ 20 տոկոս է եւ կարող են այսպես բեռնաթափել:

Հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյան ասաց, որ ինքնանպատակ չի կարող լինել դատարանների բեռնաթափումը, բացի այդ, որտեղի՞ց երաշխիք, որ 200-ից 500 հազար դարձնելով շեմը, այդ գործերը չեն բողոքարկվի դատարանում. «Դատարանի ծանրաբեռնվածությունը նույնն է մնալու»:

Ըստ Թովմասյանի, ռեալ մեխանիզմ պետք է մտածել ու նպաստել, որ դատարանները բեռնաթափվեն. «Կարելի է ֆորմալ ձեւական պահանջները հանել, եթե վարչական ակտի հասցեատերն ընդունում է, չի առարկում դատական ակտի դեմ, ապա արագացված դատարանը գնա վճիռ կայացնելու»: Հրայր Թովմասյանը գտնում է, որ դատավորները աննպատակ իրենց ժամանակը ծախսում են այս ձեւական բաների վրա:

Ըստ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանի, Վերաքննիչ վարչական դատարանում դատավորների թիվը պետք է իսկապես ավելացնել, բայց արդյոք հնարավո՞ր չէր Վարչական դատարանի դատավորների թիվը չկրճատել, այլ՝ նոր դատավորներ վերցնել, որովհետեւ խախտվելու է մարդկանց արդար դատաքննության իրավունքը:

Փոխնախարարը պատասխանեց, որ իհարկե, իրենք էլ են ցանկանում, որ դատավորների թիվն ավելանա, բայց պետք է հաշվի առնենք ֆինանսական ռեսուրսները, 3 դատավոր պահելը նշանակում է ոչ միայն դատավորի աշխատավարձ, այլ նրանց սպասարկող անձնակազմ, շենք, շինություն եւ այլն, բավականին մեծ գումար է կազմում:

Թովմասյանն առաջարկեց նախագծից հանել 200 հազարը 500 հազար դարձնելու մասը: Քանի որ կառավարությունն այն հրատապ էր համարել, նախագիծն ընդգրկվեց մեծ նիստերի օրակարգ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930