Aravot.am-ն այսօր տնտեսագետ Վահագն Խաչատրյանից, որի կարծիքով, 2009 թվականից հետո մեր կառավարության պատասխանատուները որեւէ կերպ չեն կարողացել լուծել աղքատության, գործազրկության ու արտագաղթի դեմ պայքարի հարցը եւ նոր կառավարությունն էլ այդ առումով բացառություն չէր, հետաքրքրվեց, թե արդյոք որեւէ դրական տեղաշարժ չկա Կարեն Կարապետյանի պաշտոնավարման օրոք:
Պարոն Խաչատրյանն ի պատասխան ասաց, որ կառավարության գործունեության ամենամեծ գնահատականը մարդկանց հավատն ու վստահությունն է, որը սակայն, հուլիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում, ըստ սոցհարցումների, անկում է ապրել:
«Մարդկանց մեջ հավատ կա, ամենավատն այն է, որ հավատն է կորում: Սեպտեմբերին մարդկանց վարքագծում փոփոխություն եղավ դեպի կառավարություն, սկսեցին պայծառ աչքերով նայել, սկսեցին ժպտալ, բայց մեկ էլ` առաջին հարված` ՀՀԿ կուսակցություն, երկրորդ հարված` ընտրությունների կեղծիք, երրորդ` ներդրումների հետ կապված տխուր պատմություն, որ չեղած ներդրումներն ուզեցին ներդրում դարձնել, հինգերորդ հարված` աշխատավարձ, թոշակ չի բարձրանում, կրճատումներ են լինելու եւ այլն: Եվ այդ ամենը հիմնավորված չէ»:
Մանրամասները` տեսանյութում
Վահագն Խաչատրյանը գտնում է, որ ներկայիս կառավարությունը ճիշտ չէ բաշխում եկամուտները:
«Մեր եկամուտների ձեւավորման 38 տոկոսն աշխատավարձից է, 60 տոկոսից մի քիչ ավելին շահույթից կամ համախառն եկամուտից է, այսինքն` կապիտալի օգտագործումից է: Կայուն զարգացած երկրներում հակառակ հարաբերությունն է` 70-75 տոկոսն աշխատավարձից է, մյուսը` կապիտալից ստացված շահույթից»:
Պարոն Խաչատրյանի խոսքով, տնտեսական ճգնաժամից հետո որեւէ ձեւով կառավարությունը չի կարողացել լուծել աղքատության, գործազրկության հարցը, պետական պարտքի վիճակն էլ ավելի է վատացել: Նա, վկայակոչելով Համաշխարհային բանկի մասնագետների մտահոգությունները, համաձայն որի Հայաստանի տնտեսական զարգացման մոդելն ամբողջովին իրեն սպառել է, նշեց, որ այսօր մեր երկրի տնտեսական զարգացման խոչընդոտներից մեկը ֆինանսների բացակայությունն է. «Վարկային ռեսուրսների հասանելիության խնդիր կա: Հայաստանի տնտեսության զարգացման հիմնական խնդիրներից մեկն այն է, որ ֆինանսական միջոցները հասանելի չեն
Եվ պարզվում է, որ մեր վարկերի 70 տոկոսից օգտվում են խոշորները: Նույնիսկ այսօրվա պայմաններում, այն ինչ ներկայացնում է կառավարությունը, որ վարկերը մատչելի, հասանելի են դարձել, այդպես չէ, փոքր բիզնեսն ի վիճակի չէ դրանից օգտվել: Երկրի տնտեսական քաղաքականությունը չի բերել երկրի փոքր ու միջին բիզնեսի կայացմանը»:
Տնտեսագետը նաեւ գտնում է, որ որոշ ծախսեր, մասնավորապես` կրթության ծախսերը կրճատելն ամենամեծ սխալն էր. «Եթե պահպանության ծախսերը, սոցիալական ծախսերը, ինչ որ առումով արդյունավետ, տնտեսության զարգացմանը նպաստող ծախսեր չեն, ապա կրթությունն այդպես չէ, առողջապահությունն այդպես չէ, բոլորը գիտեն, որ կան մեթոդոլոգիաներ, որոնք հաշվարկում են թե կրթության ծախսերի ազդեցությունը տնտեսության, առողջապահության վրա ինչպես է այն անդրադառնում, քանի տոկոս են նրանք ՀՆԱ-ի վրա ազդում»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ